‘
Վաղը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը կասի, թե ինչու չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, այլ խոսում է միայն քաղաքապետերի, մարզպետների և այլ պետական պաշտոնյաների հրաժարականների մասին: Այդ մասին Ազատության հրապարակում այսօրվա բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց նաև, որ չկա ոչ մի բանակցություն ԲՀԿ-ի հետ: Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ինքը չի կարող կորցնել վերահսկողությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, այսինքն՝ մարդկանց առաջարկելով երկարատև պայքար՝ չի կարող մղել նրանց անվերահսկելի գործողությունների:
Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի սկսած շարժման ընթացքում քաղաքացիական անհնազանդության ձևեր կլինեն:
«Մենք պահանջում ենք իշխանական հնազանդություն ժողովրդին, և սա բառախաղ չէ, արդեն դե ֆակտո նախկին իշխանությունը պետք է հնազանդվի ժողովրդին, իսկ մնացած բոլոր գործողությունները ժողովրդի կողմից մեր իրավատիրության համար սահմանադրական և ադեկվատ են լինելու այս իշխանությունների պահվածքին: Սահմանադրական, իրավական որևէ բան չի բացառվում»:
Լրագրողները հետաքրքվեցին, թե ինչու իր ընտանիքի անդամները մինչ այսօր չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, մի՞թե նրանք խուսափում են ծառայել հայոց բանակում:
«Իմ որդիներն ու ընտանիքս իրենց ամբողջ կյանքը ծառայության մեջ են, և շատ ուրախ եմ, որ մեր կրտսեր որդին՝ Արմեն Ռիչարդը, իր կամքով վերջերս դիմել է և 16 տարեկան հասակում դարձել ՀՀ քաղաքացի»,-մենաբանեց նա՝ նշելով, որ լիքը շատ մարդիկ անձնագիր ունեն, բայց խախտում են Սահմանադրությունը և խեղում են ժողովրդի ձայնը:
‘