‘
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հայտարարել է, որ այս տարվանից փոխվելու են աշնանային զորակոչի իրականացման ժամկետները:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանն ասել է, որ այսուհետ աշնանային զորակոչը կիրականացվի դեկտեմբերից փետրվարն ընկած ժամանակահատվածում:
Պաշտպանության նախարարը նշել է, որ «փորձելու ենք աշնանը զորակոչն իրականացնել վիճակահանությամբ»:
«Նման օրինակ մենք արդեն ունենք: Ռազմական ուսումնական հաստատությունների շրջանավարտները վիճակահանությամբ են բաշխվում զորամասերում:
Վիճակահանության դրական կողմն այն է, որ զինակոչիկների բաշխման գործընթացը կիրականացվի արդարության եւ հավասարության սկզբունքով: Բացասական կողմն այն է, որ, նկատի ունենալով զինակոչիկների մի շարք առանձնահատկությունները, մեզ համար դժվար կլինի վիճակահանությամբ բաշխում կատարել»,- նշել է նա:
Պաշտպանության նախարարի խոսքերով` վերջին տարիներին ՊՆ առաջընթաց է արձանագրել զորակոչի ընթացքում կոռուպցիոն երեւույթների վերացման ուղղությամբ:
«Մենք խիստ վերահսկում ենք զինակոչիկների կցագրման եւ զորակոչի գործընթացը, բժշկական հանձնաժողովների աշխատանքը»,- նշել է Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Զինված ուժերում արտակարգ պատահարների վիճակագրությանը՝ նախարարն ասել է, որ 2012 թ.-ի համեմատ` այս տարի պատահարների թիվը նվազել է գրեթե 30 %-ով:
‘