‘
«Ադրբեջանը չի ընդունում ԼՂՀ-ի անկախությունը՝ միևնույն ժամանակ ընդունելով Հարավային Սուդանինը՝ մի պարզ պատճառով, քանի որ առաջնորդվում է երկակի ստանդարտներով:
Եթե Ադրբեջանը գնացել է այդ քայլին, չի նշանակում, որ զուգահեռներ պետք է անցկացնենք ԼՂՀ-ի ու Հարավային Սուդանի անկախությունների ճանաչման գործընթացներում», — iLur.am-ի հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից Հարավային Սուդանի անկախության ճանաչումն այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչ մի կերպ չի ընդունում ԼՂՀ-ի անկախությունը:
Խոսելով Ադրբեջանի կողմից հնարավոր նոր ինտրիգների ու նախահարձակ քայլերի մասին՝ քաղաքագետը համոզված է, որ Սաֆարովի արտահանձնումից հետո Ադրբեջանը չհասավ որևէ արդյունքի, այդ պատճառով Արցախի հարցում մոտակա ժամանակաշրջանում որևէ արագ զարգացում չի կանխատեսվում:
Սերգեյ Մինասյանը բացառում է նաև առաջիկայում հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի հավանականությունը:
Ինչպես հայտնի է դարձել՝ Հարավային Սուդանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել այն բանից հետո, երբ Ադրբեջանը ճանաչել է Հարավային Սուդանի անկախությունը:
Հիշեցնենք, որ Հարավային Սուդանը հանրաքվեի միջոցով անկախություն է ձեռք բերել 2011 թ.:
‘