‘Քոչարյանի փուչիկը` «Հանրապետության» համար փրկօղակ ‘

1225

Ինչքան մոտենում են նախագահական ընտրությունները, վարչախմբի քարոզչական «ուղեղներն» ավելի ու ավելի նոր մեթոդների են դիմում Ս. Սարգսյանի ռեժիմը առաջիկա նախագահական ընտրություններում կործանվելու վտանգից զերծ պահելու համար։ Այդ բան նանելու համար վաղուց արդեն նրանց խնդիրն է` ներսից պառակտել Կոնգրեսը, ահաբեկել հասարակությանը, սերմանել հուսահատության մթնոլորտ։ Իսկ ամենակարեւորը՝ հնարավոր ու անհնար կեղծիքներով փորձել վարկաբեկել, ձախողել Կոնգրեսի հետ հնարավոր քաղաքական որեւէ դաշինք՝ ընդդեմ ռեժիմի:
Այս համատեքստում հրապարակ նետված քարոզչական «հարվածներից», իսկ իրականում՝ տարրական խայծերից մեկն էլ,քաղաքական գործընթացների վրա Քոչարյանի իբր ունեցած ազդեցությունն է, նրա նույնացումը ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ, վերջիններիս վրա նրա, իբր, ունեցած ազդեցության լեգենդը։ Այսինքն՝ թե այս ուժերի միջոցով նա կարող է վերադառնալ իշխանության: Ռեժիմը քարոզչական այս տրյուկով երեք խնդիր է փորձում լուծել.
1. Վարկաբեկել, անհնար դարձնել Կոնգրեսի եւ քաղաքական դաշտի հիմնական ուժերի համախմբումը ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ։
2. Ահաբեկել հասարակությանը և իշխանական բուրգի տարբեր օղակներին Քոչարյանի վերադարձի հեռանկարով՝ նրանց դնելով «վատի ու վատթարագույնի միջեւ» ընտրություն կատարելու՝ գոյություն չունեցող, արհեստական հարցի առաջ։ Հույսն այն է, որ դրան հավատացողը Սերժին պիտի գերադասի Քոչարյանից։
3. Դրանով խիստ անհրաժեշտ սնունդ-արդարացում է տրվում քաղաքական դաշտի այն միավորներին ու անհատներին, ովքեր ուղղակի կամ միջնորդավորված կարող են լծվել Ս. Սարգսյանի իշխանության պահպանման գործին։ Եւ իրոք. վերջին ամիսներին Կոնգրեսից բոլորովին այլ պատճառներով հեռացածները (Արամ Սարգսյան, Դ. Շահնազարյան եւ այլն), որպես իրենց կատարած քայլի«քաղաքական հիմնավորում», իսկ իրականում՝ որպես պատրվակ, նշում են հենց ԲՀԿ-ի հանգամանքը ու նրանով՝ Քոչարյանի ու«քոչարյանիզմի» վտանգը։
Արդեն տեւական ժամանակ է, ինչ իշխանական քարոզչամեքենայի կողմից կիրառվում է քարոզչական այս հնարքը։ Մանավանդ՝ նախընտրական շրջաններում։ Դրա սնանկությանը Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է մի քանի անգամ։ Ստորեւ՝ դրանցից մի քանիսը.
29.05.2009 (հանրահավաք). «Համառ խոսակցություններ են պտտվում այն մա­սին, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունըեւ «Դաշնակցությունը», ընդդի­մու­թյուն ձեւանալով, խաղ են խաղում, իսկ իրականում, հիասթափված Սերժ Սարգսյանից եւ համոզված լինելով, որ նա շուտով կորցնելու է իշխանությունը, նախապատրաստում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։ … «Բարգավաճ Հայաստանն» ու «Դաշ­նակ­ցությունը» գիտակցում են, որ Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է, եւ որ հոկ­տեմ­բե­րի 27-ի ոճրագործության ու մանավանդ Մարտի 1-ի սպանդի պատճառով նրա վերա­դար­ձի ճանապարհը դեպի քաղաքականություն հավիտյանս փակ է։ Նրանք հազիվ թե իրենց անունը կամենային կապել սեփական ժողովրդի դեմ կրակ արձակած ու լիովին վարկաբեկված մի անձնավորության հետ՝ դրանով վտանգելով թե՛ իրենց վարկանիշն ու հեղինակությունը եւ թե՛ իրենց քաղաքական ապագան… Այս ամենը նշելով հանդերձ՝ ես չեմ բացառում, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին խոսակցությունները տարածվում են հենց Սերժ Սարգսյանի շրջապատից՝ վախեցնելու համար ժողովրդին այն սարսափելի հեռանկարով, որ վերջինիս գահազրկման պարագայում կարող է կրկին իշխանության գալ Քոչարյանը»:
01.10.2011 (հանրահավաք). Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման ինձ համար շինծու թեմա է: Որեւէ բանական մարդու համար՝ թե՛ներսում, թե՛ դրսում, Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական գործիչ չէ եւ երբեք չի եղել, նա երբեք որեւէ կուսակցության, որեւէ համակարգի շնորհիվ կամ ժողովրդական մեծ հենարանի շնորհիվ իշխանության չի եկել` ոչ Ղարաբաղում, ոչ էլ` Հայաստանում: Երբեք, ոչ մի անգամ ոչ մի տեղ նա քաղաքականության մեջ արմունկներով առաջ չի գնացել, հարվածներ չի ստացել, իսկ քաղաքականությունը դաժան բան է: Նա կարողացել է միշտ հարմարվել ինչ-որ սիստեմի: Սովետական Միության ժամանակ` սովետական սիստեմին, ՀՀՇ-ի ժամանակ` ՀՀՇ-ի սիստեմին (ՀՀՇ-ի կարկառուն ներկայացուցիչներից էր, ՀՀՇ անդամ, ՀՀՇ վարչության անդամ), հետո` 1997-ին ինչ-որ կերպ (էստեղ իմ սխալն էլ կա) մտավ մեր իշխանական համակարգ: Հետո օգտագործելով բոլոր այդ վարչական լծակները` 1998 թվականին՝ գիտեք` ինչպես եկավ իշխանության, նաեւ փաստաթղթեր կեղծելով եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ նա քաղաքական գործիչ չէ եւ չի էլ եղել երբեք»:
26.06.2012 (հանրահավաք) «Հազիվ թե գտնվի մեկը, որ անկեղծաբար կարծի, թե այս նոր իրավիճակը, որի գլխավոր առանձնահատկությունը իշխանական մոնոլիտի քայքայումն է, ստեղծվել է ինքնաբերաբար, այլ ոչ թե ընդդիմադիր ուժերի մտածված քայլերի, ավելի կոնկրետ՝ Հայ ազգային կոնգրեսի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Դաշնակցության» եւ մասամբ՝ «Ժառանգության» նախընտրական փուլում ծավալած համագործակցության արդյունքում։ Բայց դրանով հանդերձ՝ ոմանց համար, թե՛Կոնգրեսի ներսում, թե՛ նրանից դուրս, դժվար է խոստովանել այդ բանը, որովհետեւ ընտրություններից առաջ նրանք բոլորովին այլ սցենարներ էին գուշակում՝ այն է, որ «Բարգավաճն» ընտրություններին մասնակցելու է ՀՀԿ-ի հետ կազմած միասնական ցուցակով, որ մնալու է իշխող կոալիցիայի կազմում, որ ընդդիմադիր խաղալով ու ընդդիմությունից ձայներ փախցնելով, միեւնույն է, վերջիվերջո բռնելու է ախքացման ճանապարհը եւ այլն։ Թեեւ այդ ամենը տեղի չունեցավ, այլ ընդհակառակը, «Բարգավաճ Հայաստանը» թե՛ընտրությունների ընթացքում, թե՛ կառավարության ծրագրի քննարկման ու քվեարկության ժամանակ լիարժեք կերպով համագործակցեց ընդդիմադիր մյուս ուժերի հետ, բայց դա չի խանգարում, որ ոմանք այսօր էլ փորձեն կասկածներ սերմանել եւ նսեմացնել մեր երկրում հաստատված ու գրեթե բոլորի կողմից գնահատված նոր քաղաքական իրադրության նշանակությունը։ Այդ նպատակին հասնելու համար սովորաբար կիրառվում է երկու հնարք՝ առաջին. «Բարգավաճի» ցանկացած գործողության ետեւում տեսնել Ռոբերտի ականջները եւ վերջինիս վերադարձի սպառնալիքով սարսափեցնել ժողովրդին, եւ երկրորդ. հասարակությանն ամեն կերպ համոզել, որ «Բարգավաճ Հայաստանն» իրականում ընդդիմություն չէ, քանի որ այդ մասին, ԱԺ կանոնակարգի պահանջին համապատասխան, հայտարարություն չի արել…Դեմագոգիան մեկ կողմ դնելով՝ մեկանգամընդմիշտ պետք է արձանագրել, որ Քոչարյանի վերադարձի սպառնալիքով ժողովրդին սարսափեցնելը հետապնդում է մեկ ակնհայտ նպատակ, այն է՝ Սերժ Սարգսյանի, որպես չարյաց փոքրագույնի, իշխանության ամրապնդումը, քանի որ այդպիսի սպառնալիք իրականում գոյություն չունի, եւ Քոչարյանն ինքը, հոկտեմբերի 27-ի ոճրագործության եւՄարտի 1-ին հեղված արյան մեղքի տակ կքած, Հայաստանի ամենասարսափած մարդն է»։
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դիակ է, իսկ նրա վերադարձը քաղաքական մեթոդներով՝ անիրականանալի (նշում ենք՝քաղաքական մեթոդներով, քանզի ոչ քաղաքական մեթոդները, ինչով հարուստ է Քոչարյանի կենսագրությունը, վերլուծման ենթակա չեն) պարզից էլ պարզ է: Բայց արի ու տես, որ քաղաքական դաշտում դեռ կան քաղաքական համարվող միավորներ, կան մարդիկ, ովքերկարող են ոչ միայն մտածել, որ Քոչարյանի վերադարձը հնարավոր է, այլև նրան հռչակել Ս. Սարգսյանի գլխավոր հակառակորդ: Երբ դրանով զբաղված են վարչախմբի քարոզչությանը լծված լրագրողներ, «քաղաքական գործիչներ»՝ հասկանալի է: Բայց երբ այդ աչքակապությամբ է զբաղվում է իրեն վաղուց ընդդիմադիր համարող մի կուսակցություն, զարմանալի է: Մասնավորապես,հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հանրապետություն» կուսակցության առանցքային կուսակցականներից Սուրեն Աբրահամյանը չբացառեց Սերժ Սարգսյանին սատարելու հնարավորությունը: Պատճառը նույնն է՝ բա որ Քոչարյանը վերադառնա՞: Դրանից էլ լավ նվե՞ր Սերժ Սարգսյանին: Նա այլևս հակառակորդ չէ, այլ նույնիսկ արժանի թեկնածու՝ սատարման համար:
Ինչ արած, ժամանակը, ինչպես նաև տարբեր ուղղություններից եկող քամիներն իրենց գործն անում են: Այս ընթացքում միայն շատերի համար աննկատ է մնում այն էական հանգամանքը, որ քաղաքական դաշտում իրենց ընդդիմադիր համարող կուսակցություններն ու անհատները հընթացս փոխում են իրենց թիրախը: Իսկ տվյալ դեպքում իշխնական քարոզչամեքենայի կողմից Քոչարյանի «փչած փուչիկը» նրանց համար արդարացման, քաղաքական փրկօղակի դեր է խաղում։
Հ.Գ. Ի դեպ, «Հանրապետության» ղեկավարը, նշում է, որ շատ ուրախ կլինի, եթե Քոչարյանն առաջադրվի: Ստացվում է, որ իրենք ուրախ կլինեն, եթե ստեղծվի մի այնպիսի իրավիճակ, երբ իրենք «ստիպված կլինեն» առնվազն քննարկել Սերժ Սարգսյանին սատարելու հարցը:

Զարմանալին այն է, թե իրենց լուրջ քաղաքական գործիչներ համարող այս անձնավորություններն ինչպիսի հեշտությամբ են կուլ տվել իշխանական քարոզչամեքենայի այս էժան խայծը, ինչի մասին, ինչպես վերը տեսանք, բազմիցս հրապարակավ զգուշացրել է Առաջին նախագահը:

 

Արսեն Սարգսյան

Ծաղրանկարը՝ Евгений Кран-ի

Նախորդ հոդվածը‘Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անհանգստացած է Հայաստանում միասեռականների հանդեպ անհանդուրժողականության աճով ‘