‘Օմբուդսմենը «Դիֆենսի» ճակատագրի մասին. Ես իմ բաժնեմասը օտարել եմ ՀՀ քաղաքացուհու, բայց գործարքի մանրամասները չեմ կարող տրամադրել ‘

1390

ՀՀ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը մինչեւ այդ պաշտոնում նշանակվելը հայտնի էր նրանով, որ «Դիֆենս» իրավաբանական ընկերության ղեկավարն էր: «Դիֆենս» ընկերությունը, սակայն, այսօր իր պաշտոնական կայքը չունի. ավելի ճիշտ՝ այդ կայքն արդեն փոխկապակցված է Միքայել Մինասյանի եղբորը՝ Գրիգոր Մինասյանին պատկանող «AM» ընկերության կայքի հետ: Դե յուրե՝ «Դիֆենսն» արդեն որպես առանձին ընկերություն գոյություն չունի: Ավելին, հեռուստատեսությամբ, ինչպես մեզ փոխանցեցին Օմբուդսմենի գրասենյակից, հայտարարություն է եղել, որ «Դիֆենսը» միավորվել է մեկ այլ ընկերության հետ: Ու քանի որ այսօր «Դիֆենսի» հետ կապված բոլոր ինտերնետային հղումները տանում են դեպի «AM» ընկերություն, նշանակում է, որ հենց այդ ընկերության մեջ էլ այսօր նաեւ «Դիֆենսն» է:

«Դիֆենսի» ճակատագրի վերաբերյալ iLur.am-ը մի քանի հարց է ուղղել Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին:

 

Պարոն Անդրեասյան, ի՞նչ եղավ ձեր «Դիֆենս» ընկերության հետ:

-Դեռեւս 2011 թվականի մարտին, երբ ես դարձա Օմբուդսմեն, ես իմ բաժնեմասը օտարել եմ  ՀՀ քաղաքացուհու: Այդ քաղաքացուհու անձի տվյալները չեմ հրապարակում, որովհետեւ եթե ես ինչ-որ բան ունենամ, ես կարող եմ թափանցիկ լինել, բայց ուրիշ մարդկանց մասին  մասնավոր տեղեկություններ իրավունք չունեմ տրամադրելու: 

-Այդ քաղաքացուհին էլ իր հերթին այդ ընկերությունը վաճառել է ինչ-որ մեկի՞ն:

-Այ, ես այդ ինֆորմացիան չեմ կարող բացահայտել: Բայց կարող եմ ձեզ երաշխավորել, որ իմ բաժնեմասը, որը ես օտարել եմ, հետո որեւէ մեկին չի փոխանցվել: 

-Դուք ձեր բաժնեմասը ասում եք՝ օտարել եք, դուք այն փոխանցե՞լ եք, թե՞
վաճառել եք:

-Ես օտարել եմ: Թե ինչպես է դա եղել, գործարքի մանրամասները չեմ կարող տրամադրել, որովհետեւ դա միայն իմ անձին չի վերաբերում: Բայց ես կարող եմ երաշխավորել, որ այսօր ՀՀ Օմբուդսմենը որեւէ բաժնեմաս որեւէ ընկերությունում չունի:

Այդ դեպքում կասե՞ք՝ ինչի՞ է ձեր նախկին ընկերության կայքը այժմ փոխկապակցված «AM» ընկերության կայքին:

-Այդտեղ ինձ հետ փոխկապակցված մի բան կա, դա իմ կինն է, որը աշխատում էր «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում եւ շարունակել է աշխատել այդ բոլոր շրջանում, առնչություն ունի իրավաբանական ոլորտի, այդ թվում եւ «AM» ընկերության հետ: Սա էլ իմ առնչությունը այդ ընկերության հետ:

-Բայց այդ երկու ընկերությունը միավորվե՞լ են, թե՞ չէ:

-Որպեսզի կարողանաք այդ ընկերությունների մասով պարզեք, այն փաստը, որ իմ կինը առչվում է, ես իր փոխարեն չեմ պատասխանի: Զանգեք այդ ընկերություն, եւ բոլոր հարցերի պատասխանները ձեզ կտրվեն: Ես մասնավոր ընկերությունների մասին տեղեկություններ չեմ տալիս:

-Այսինքն, դուք ձեր նախկին ընկերության ճակատագրից տեղյա՞կ չեք:

-Ես նույնիսկ եթե տեղյակ լինեմ, ես ինձ թույլ չեմ տա մեկնաբանել,  որովհետեւ Օմբուդսմենը չի կարող որեւէ առնչություն ունենալ մասնավոր ընկերության ճակատագրի հետ: Իմ կինը աշխատում է եւ աշխատել է «Դիֆենս» ընկերությունում, այնուհետեւ «AM» ընկերությունում, բայց նույնիսկ այն, որ իմ կինը աշխատում է այդ ընկերությունում, դա ինձ իրավունք չի տալիս խոսել այդ ընկերության անունից, դա կոռեկտ չէ:

-Ներկա պահին որտե՞ղ է աշխատում ձեր կինը:

-Իմ կինը այսօր աշխատում է «AM» իրավաբանական ընկերությունում:

Իսկ պատահականությո՞ւն է, որ «AM» ընկերությունը պատկանում է Միքայել Մինասյանի եղբորը: 

-Նույնիսկ եթե ձեզ հետ համաձայն լինեի, որ նրան է պատկանում, ես չեմ մեկնաբանի, եթե դուք ուզում եք իմանալ՝ ում է պատկանում, իրենցից ճշտեք՝ ում է պատկանում, ինչպես են իրենք դարձել «AM»:

Եթե համեմատեք «Դիֆենսի» այն ժամանակվա աշխատանքը եւ ներկայում «AM»-ի աշխատանքը, ի՞նչ կասեք, գո՞հ եք ընկերության այսօրվա աշխատանքից, արդարացնո՞ւմ է ընկերությունը ձեր նախկին ջանքերը, որ ներդրել եք:

-Ցավոք սրտի, ես ջանքերը չեմ կարող գնահատել, որովհետեւ ինձ չի էլ հետաքրքրում: Ես գիտեմ, որ իմ կինը ստանում էր նույն աշխատավարձը, ինչ հիմա է ստանում, եւ այդքանով իմ ընտանեկան բյուջեում որեւէ փոփոխություն չի եղել: Իսկ թե «AM»-ն է լավ աշխատում, թե՞  «Դիֆենսը», անկեղծ ասած, ինձ դա վաղուց չի հետաքրքրում: Թե 2011 թվականից հետո «Դիֆենսի» հետ ինչ է եղել, դրանից հետո «AM»-ի հետ ինչ է եղել, այդ ամեն ինչը Օմբուդսմենի կյանքի եւ լիազորությունների հետ որեւէ կապ չունի, բայց որ իմ կինը աշխատում է այդ ընկերությունում, ես հպարտ եմ եւ ուրախանում եմ դրանով:

 

Նախորդ հոդվածը‘Եվրոպայի ամենահանրահայտ ֆուտբոլիստը Մխիթարյանն է. IFFHS’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. 40 առաջարկների մեծ մասին կառավարությունը շատ անուշ էր մոտեցել’