‘Օսկանյանի գործը լինելու է ԵԽԽՎ պատգամավորների ուշադրության կենտրոնում. ԲՀԿ ‘

618

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը եւ Վահե Հովհաննիսյանը հայտարարություն են տարածել, որտեղ նշում են,  որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գործը ԵԽԽՎ պատգամավորների ուշադրության կենտրոնում է լինելու:

«Հոկտեմբերի 2-5-ը որպես ԵԽԽՎ պատգամավորներ մասնակցելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին՝ տեղեկացնում ենք, որ ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ եւ ղեկավար կազմի անդամներ լրջորեն մտահոգված են Վարդան Օսկանյանի գործով եւ մեզ հետ հանդիպումներում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին: ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին եւ ազգային պատվիրակություններին տրամադրվել է համապատասխան փաթեթ, տեղյակ է պահվել գործի մանրամասներին, ինչին, ի դեպ, վերջիններս արդեն իսկ որոշակիորեն տեղեկացված էին Հայաստանում հավատարմագրված իրենց դեսպաններից, եւ մենք ստացել ենք լրջագույն երաշխիքներ առ այն, որ այս գործը լինելու է ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում: Մեզանից, որպես ԵԽԽՎ պատգամավորներից, խնդրել են Վարդան Օսկանյանի գործի հետ կապված յուրաքանչյուր զարգացման դեպքում օպերատիվ կերպով տեղեկացնել ԵԽԽՎ-ին՝ խոստանալով նույնքան օպերատիվ արձագանք:

Ավելին, ԵԽԽՎ տարբեր պաշտոնյաների հետ քննարկումների արդյունքում մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք ցանկացած պահի ԵԽԽՎ պատվիրակության կազմում մեր տեղը զիջել Վարդան Օսկանյանին՝ հասկանալով, որ ԵԽԽՎ պատգամավոր լինելը ԵԽ անդամ երկրի պատգամավորին օժտում է լրացուցիչ  որոշ անձեռնմխելիությամբ», — նշված է պատգամավորների տարածած հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Սիրիացի ապստամբները սաուդյան զենք են ձեռք բերել ‘
Հաջորդ հոդվածը‘Զարուհի Փոշտանջյանը ԵԽԽՎ-ում խոսել է ԼՂՀ-ի օդանավակայանի բացման մասին ‘