‘Օսկանյան. դա անարդարություն է մեր երկրի ճակատագրի նկատմամբ’

940

ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ պատգամավորների քվեարկությանը: «Քիչ առաջ խորհրդարանն ինձ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Գրեթե միաժամանակ տեղեկացանք, որ հարևան Վրաստանում երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունել է իր կուսակցության պարտությունը երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում: Փաստորեն Վրաստանում արդեն կա քաղաքական հակակշիռ՝ նախագահը մի կուսակցությունից է, օրենսդիրն ու կառավարությունը շուտով կլինեն այլ կուսակցության ձեռքում: Սրանով Վրաստանը մեզանից նաև քաղաքականապես ևս տասը քայլ առաջ անցավ»,- գրել է Օսկանյանը:

Նա հավելել է, թե այս տարածաշրջանում այս հարցում առաջինը լինելու հնարավորություն մենք ունեինք խորհրդարանական անցած ընտրությունների ժամանակ: «Բոլորդ հիշում եք այդ օրերին իմ և ԲՀԿ-ի քաղաքական պայքարի գաղափարական հենքը, որն այդ հակակշիռն ստեղծելն էր: Հաշվի առնելով այդ օրերին ժողովրդի տրամադրությունները՝ այդպիսի արդյունքն անխուսափելի էր: Բայց դա չստացվեց, որովհետև իշխող կուսակցության պարագլուխները չունեցան այդ հեռատեսությունը՝ կարողանալ պետության և ժողովրդի շահերը վեր դասել իրենց նեղ կուսակցական, կլանային և անձնական շահերից: Կեղծվեցին ընտրությունները, և այսօր ունենք այն, ինչ ունենք: Եթե լիներ այդ հակակշիռը, այսօր մեր խորհրդարանում նման անարդարություն չէր լինի: Այդ անարդարությունն իմ նկատմամբ չէ: Դա մեր ժողովրդի, սովորական քաղաքացու, երիտասարդ սերնդի նկատմամբ է և առհասարակ՝ մեր երկրի ճակատագրի նկատմամբ»,- գրել է Օսկանյանը: 

Լուսանկարը՝ civilnet.am կայքից

Նախորդ հոդվածը‘Հայտնի դերասան Ալեն Դելոնը կժամանի Երևան ‘
Հաջորդ հոդվածը‘Ցուկերբերգի հանդիպմանը ուսանողների հետ կմասնակցի 2000 մարդ’