‘Օսկանյան. Ես ինձ խաբված եմ զգում. Տեսանյութ ‘

799

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը, այսօր ԱԺ-ում անդրադառնալով գազային պայմանագրերին՝ հարց ուղղեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին. «Այսօր ես, որպես պատգամավոր եւ քաղաքացի, ինձ խաբված եմ զգում, որովհետեւ դուք անձամբ բազմիցս այս ամբիոնում կանգնած եք եղել եւ բազմաթիվ անգամ հերքել եք, որ Հայաստանի համար գազի գինը չի բարձրացել: Ակնհայտ է, որ տարիների կամ ամիսների ընթացքում ՀՀ-ն պարտք է կուտակել, եւ մենք բոլորս գիտենք, որ ԱԺ-ն պետք է հավանություն տա նման պարտքի կուտակմանը, որը մենք չենք արել: Դուք չեք եկել ու չեք ներկայացրել հարցը ԱԺ-ին, առավելեւս, որ հերքել եք, որ գազի գինը բարձրացվել է: Այսօր կանգնել ենք փաստի առաջ, մեզ ուզում եք մասնակից դարձնել մի գործարքի, որը մեզանից թաքցրել եք: Դուք գիտեի՞ք՝ չէի՞ք ասում, փորձում էիք մանեւրե՞լ: Ե՞րբ է գինը բարձրացվել, գիտեի՞ք այդ մասին, եւ եթե այո, ինչի՞ էիք թաքցրել»:

Մովսիսյանը պատսխանեց, թե երբեք չի ասել, թե Հայաստանի համար գինը չի բարձրացել, այլ ասել է, թե Հայաստանում գինը չի բարձրանալու: «Ասել եմ, որ ընթանում են բանակցություններ, եւ այն ժամանակ գինը կճշտենք: Ուրիշ բան չեմ ասել: Հիմա էլ նույն ձեւով ասում եմ, որ այո, այն ժամանակ նույն խնդիրը դրվեց, որ պետք է բարձրանա, ինչքա՞ն՝ պարզ չէ, մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ Հայաստանում գազի սպառումը պետք է լինի այն գնով, որ կար, բանակցությունները ավարտվեցին, թվերը հստակեցվեցին, նոր ներկայացվեցին ձեզ: Ուղղակի գնում էր բանակցային գործընթաց, սա է ամբողջ պատմությունը»,- հայտարարեց նա:

Օսկանյանը հակադարձեց՝ 300 մլն դոլար պարտքը ե՞րբ է կուտակվել, ո՞ր օրվանից:  

«Այդ պարտքը կուտակվել է 2011-ից, թե ինչ պետք է լիներ այդ պարտքը վերջնական արդյունքում, միայն բանակցությունների ավարտին կարելի էր իմանալ, բանակցությունները ավարտելուց հետո պարզ դարձավ»,- նորից հայտարարեց Մովսիսյանը: 

Նախորդ հոդվածը‘Արծվիկ Մինասյան. Սա ստրկացուցիչ պայմաններով կնքված համաձայնագիր է (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայտարարություն. Զորակոչիկներին սպասեցրել են դրսում՝ սառնամանիքին. Լուսանկարներ’