‘ «Тарон, вы самое слабое звено». Զոհում է Սերժ Սարգսյա՞նը, թե՞ զոհում ենք Սերժ Սարգսյանին’

2250

Մեկ անգան չէ, որ նշվել է այն փաստը, թե Սերժ Սարգսյանը երկիրը ղեկավարում է սովետական կագեբեեշնիկի  մեթոդներով: Մուտիլովկաներով առաջնորդվող Սարգսյանին նրա «թիմակիցները» հաճախ ներկայացնում են իբրև լավ շախմատ խաղացող: Մինչդեռ այն, ինչ նրա «թիմակիցները» ներկայացնում են որպես շախմատ, իրականում պարզագույն մուտիլովկաներ են:

Ինչո՞ւ չակերտներում

«Թիմակիցներ» բառն այս պարագայում պատահական չենք գրել չակերտներում: Հենց այդ  մեթոդների շնորհիվ Սարգսյանը չի ունեցել ու չունի քաղաքական թիմ: Թող զարմանալի չթվա, սակայն նույնիսկ Արտաշես Գեղամյանը, ով Սերժ Սարգսյանի կողմից ժամանակին որակվել է որպես «դատարկ դհոլ», ավելի շատ թիմակիցներ ունի, քան Սերժ Սարգսյանը:

Ինչպե՞ս դառնալ թիմակից: Եթե, օրինակ, կա գաղափար: Սակայն, Սերժ Սարգսյանի պարագայում՝ դա ուղղակի բացառվում է: Սարգսյանը երբեք չի եղել եւ չի լինի որեւէ, թեկուզ եւ ամենաանհեթեթ գաղափարի կրողը կամ տարածողը, հետեւաբար՝ նա չի կարող գաղափարական հենքի վրա թիմ ձեւավորել: Անձնական կապվածությամբ: Եթե անձնական կյանքում Սարգսյանը դեռ պահպանել է որոշակի անձնական փոխհարաբերություններ՝ նախկին ընկերների հետ, ապա քաղաքական դաշտում նա խաղում է լիովին այլ կանոններով: Այստեղ, այսինքն՝ իր շրջապատում, նա ձեւավորել է այնպիսի մթնոլորտ, որտեղ ԲՈԼՈՐԸ ԲՈԼՈՐԻՆ չեն վստահում: Ինչպես իր անունից ինչ-որ մեկը շատ ճիշտ նշել էր Սերժ Թանգյանին ուղղված պատասխան նամակում՝ «Bellum omnium contra omnes», այսինքն՝ «բոլորի պատերազմը բոլորի դեմ»: Սարգսյանը միտումնավոր է ստեղծել այդ մթնոլորտը, որպեսզի բոլորի համար պարզ լինի՝ արեւի տակ (այսինքն՝ իր շրջապատում) տեղ ունենալու համար, պետք է անընդհատ «գոյության համար կռիվ տալ»՝ ներտեսակային (ՀՀԿ-ական մի թեւը մյուսի դեմ, մի նախարարը մյուսի դեմ, մի պաշտոնյան մյուսի դեմ եւ այլն), միջտեսակային (պայքար այլ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց դեմ) եւ երբեմն նաեւ՝ շրջապատող միջավայրի անբարենպաստ պայմանների դեմ պայքար (պայքար արտաքին աշխարհից «աշխարհից կտրված համայնք» ներմուծվող ժողովրդավարական արժեքների դեմ եւ այլն): Այսպիսով՝ Սարգսյանը համարյա Դարվին է խաղացնում: Եւ, միեւնույն ժամանակ, դրդում է, որ իշխանական համակարգում տեղի ունենա «բնական ընտրություն»: Այսինքն՝ ուժեղները «խժռեն» թույլերին, բայց նաեւ թույլ չտալ որեւէ մեկի ուժեղացումն այն աստիճան, որ վտանգ ներկայացնի իր իսկ իշխանությանը:

Բայց այս ամենին զուգահեռ՝ Սարգսյանը կիրառում է նաեւ «զոհաբերության» ծեսը: Դրա մասին բազմիցս է խոսվել: Երբ կա խնդիր, ապա, ա՝ խնդիրը հնարավորինս չի լուծվում, եւ բ՝ եթե չլուծման տարբերակ չկա, եւ խնդրի լուծումը շատ չի վնասում իր իշխանությանը, ապա խնդիրը լուծվում է «թիմակիցներից» մեկի վրա մեղքը բարդելով եւ այդ մեկին զոհելով: Սա պետք է ստեղծի «չար բոյարների եւ բարի թագավորի» էֆեկտ:

Խնդիրը, սակայն, այն է, որ այն տարբերակը, որն ընտրել է Սերժ Սարգսյանը, գուցեեւ կարճաժամկետ առումով աշխատող է, սակայն երկարաժամկետ առումով այն աշխատում է  իր իսկ դեմ: Ինչպե՞ս: Շատ պարզ: Մի կողմից, իշխանության ներկայացուցիչները ամեն օր պետք է պայքար տան՝ արեւի տակ իրենց տեղը պահելու համար, եւ ամեն առավոտ  զարթնեն՝ «ո՞վ է լինելու հաջորդ թույլ օղակը» սպասումով,  ինչը նշանակում է, որ ներտեսակային պատերազմների ժամանակ լարվածությունը կարող է այնքան աճել, որ պայքարը կարող է դուրս գալ իշխանական համակարգից: Այդ պարագայում իշխանական համակարգում մի օր կարող է սկսվել վստահության ճգնաժամ:

Եւ երկրորդ՝ երբ ամեն անգամ իր իշխանությունը պահելու համար Սարգսյանը զոհի իր «թիմից» որեւէ մեկին, ապա գալու է ինչ-որ պահ, որ էլ զոհելու մարդ չի մնալու: Խնդիրն, իհարկե, քանակը չէ: Խնդիրը կշիռն է: Սարգսյանը չի կարող իր կողքին պահել մեծ կշիռ ունեցող անձանց, որոնք այդ կշիռը ստացել են իրենից անկախ: Եթե կան էլ այդպիսիք, ապա նա նրանց նախ պետք է փչացնի: ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի դեպքը՝ վառ օրինակ:

Սարգսյանը սիրում է 0-ից կադր աճեցնել, ընդ որում՝ աճեցնել այնքան, ինչքան պետք է, հետո նոր նրանց դարձնել քավության նոխազ: Բայց նա այդքան ժամանակ չունի, որպեսզի անընդհատ զբաղվի ճակնդեղաբուծությամբ: Թեեւ, մյուս կողմից էլ, Սարգսյանը այլ ելք էլ չունի: Նա, իհարկե, կարող է հրաժարվել այլոց փուռը տալու բնավորությունից, բայց այդ պարագայում ստիպված կլիներ կորցնել իշխանությունը: Իսկ եթե Սարգսյանը իր իշխանությունից այդքան հեշտ հրաժարվող լիներ, ապա այն չէր վերցնի առնվազն տասը քաղաքացու կյանքի գնով: Հետեւաբար՝ Սարգսյանի համար «թիմ» հասկացությունն այս պարագայում ընդամենը հավասար է սովորական վահանի, որը նա ամեն անգամ դեմ է տալիս իր առջեւ ծառացած վտանգին: Ընդամենը:

Այսինքն՝ եթե Սարգսյանը չանի այն, ինչ անում է հիմա, ժամանակ ձգելու հնարավորություն չի ունենա: Բայց եթե նա շարունակում է անել այն, ինչ անում է, ապա որոշ ժամանակ անց կմնա լիովին մենակ՝ առանց վահանի:

Հիմա դառնանք մեր խնդիրներին: Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում տրանսպորտի  թանկացման հարցի շուրջ, ասվածի վառ ապացույցն է: Ո՞վ էր Տարոն Մարգարյանը մինչեւ «հեղափոխությունը», մի սովորական թաղի տղա, ում հայրիկի խաթեր թաղապետ նշանակելով՝ լավություն էին արել: Հետո Տարոն Մարգարյանին ներշնչեցին, որ ինքն այնքան «լաա՜վ ու պուպուշ, սիրված» թաղապետ է, որ կարող է դառնալ «նույնպիսի» քաղաքապետ: Կյանքը, սակայն, ցույց տվեց, որ ինչպես  մյուսների պարագայում, Տարոն Մարգարյանի պարագայում եւս Սերժ Սարգսյանը ոչ մի խղճահարություն չունեցավ: Սկզբում նա «ավետեց»՝ լավ քաղաքապետ եք ուզո՞ւմ, «ահա ձեզ պուպուշ քաղաքապետ, սիրեք նրան»: Բայց երբ տեսավ, որ չի անցնում, Սարգսյանն ասաց՝ «ահա ձեզ Տարոնը, կերեք նրան»: Միայն թե՝ իրեն հանգիստ թողնեն: Հետեւաբար՝ տրանսպորտի թանկացման այս ամբողջ համատեքստում չպետք է մոռանալ, որ Հայաստանի քաղաքական դաշտում իշխանության ցանկացած ներկայացուցչի կողմից, նույնիսկ ամենացածր չինովնիկի կողմից, չի կատարվում ոչինչ՝ առանց Սերժ Սարգսյանի «դաբռո»-ի: Պարզապես, «ղալաթը» միասին են անում, սակայն, պատասխանատվության պահին Սարգսյանը «թռնում է եւ քցում» իր թիմակիցներին:

Այնպես որ՝ խնդիրը այստեղ ամենեւին էլ որեւէ մի չինովնիկի անձը չէ: Նրանց տեղափոխումից գումարը չի փոխվի: Ավելի ճիշտ՝ նրանց անհատական տեղափոխումից կամ հեռացումից: Նրանք պետք է հեռանան բոլորը միասին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ու հաշվի առնելով այն, որ Սարգսյանի կողմից քցվողների թիվը երկրաչափական պրոգրեսիայի նման աճում է, կարելի է ենթադրել, որ այդ պահը այնքան էլ հեռու չէ: Իսկ մինչ այդ՝ չենք վճարում 150 դրամ, վճարում ենք 100 դրամ, իսկ մնացածը թող Սերժ Սարգսյանը մուծվի: 100 դրամն էլ է նրան շատ:

Պարգեւ Ապրեսյան

 

 

 

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանն առաջարկում է տրանսպորտի սակագինն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել’
Հաջորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Գալուստ Սահակյան. Մանկությունից տրանսպորտ նստած չկամ’