ԱԱ․ Հովհաննես Բաչկովը՝ քառակի բրոնզե մեդալակիր

195

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը չորրորդ բրոնզե մեդալը նվաեց աշխարհի առաջնություններում։

63,5 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկովը մենամարտեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ասիայի չեմպիոն  Ռուսլան Աբդուլաեւի հետ եւ պարտություն կրեց 0:5 հաշվով։ Երեք ռաունդներում էլ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվեց ուզբեկ բռնցքամարտիկին։ 

Առաջին ռաունդում Հովհաննես Բաչկովը գրագետ մենամարտ էր վարում, բայց մրցավարները հաղթանակը տվեցին ուզբեկ բռնցքամարտիկին:

Երկրորդ ռաունդում Եվրոպայի եռակի չեմպիոնը փորձեց ավելացնել ճնշումը, բայց մրցակիցը նոկդաունի ենթարկեց գյումրեցի բռնցքամարտիկին: Ռինգի մրցավարը հաշիվ բացեց:Այս ռաունդում էլ մրցավարները առավելությունը տվեցին Ռուսլան Աբդուլաեւին: 

Երրորդ ռաունդում 30-ամյա գյումրեցի բռնցքամարտիկի հարվածներն արդեն անկանոն էին, նա փորձեց ամեն ինչ անել հաղթանակի համար, բայց մենամարտն ավարտվեց նրա պարտությամբ:

Հովհաննես Բաչկովը աշխարհի առաջնության բրոնզե մեդալներ է նվաճել նաեւ 2017,2019 եւ 2021 թվականներին:

Ավելի վաղ Հայաստանի թիմից բրոնզե մեդալ էր նվաճել նաեւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը, որը 92 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում մենամարտել էր Իտալիան ներկայացնող աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Ազիզ Աբես Մուհիդինեի հետ եւ պարտություն կրել 0:5 հաշվով։

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականի մյուս ներկայացուցիչները պարտվել են եւ լքել պայքարն ավելի վաղ փուլերում: Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) 1/16 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել է չինացի Դանաբիեկե Բայկեվուզիին։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) 1/16 եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է կուբացի Ալեխանդրո Կլարոյին։ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) 1/16 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Պո-Վեյ Տուին։

Եվրոպայի փոխչեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/16 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերին։ 1/8 եզրափակիում 1:4 հաշվով պարտվել է հորդանանցի Յուսեֆ Յաշաշին:

54 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ասլիկյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում մենամարտում 0:5 հաշվով պարտվել է Վենեսուելայի ներկայացուցիչ Սեգունդո Ֆինոլ Ռիվասին:

60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին, 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային։

Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակիչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին։

67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 1/8 եզրափակիչում պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Միշեելտ Բատումուրին։

Մեկնարկային մենամարտում Գուրգեն Մադոյանը 5:0 հաշվով հաղթել էր Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունին։

Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը քառորդ եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց Եվրոպայի չեմպիոն, Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիին:

Նախորդ հոդվածըՀռոմ․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ չորրորդ շրջան
Հաջորդ հոդվածըԼապորտա. Ամեն ինչ կանենք, որպեսզի պայմանագիր կնքենք Մեսսիի հետ