‘Աբխազիայի վարչապետը հրաժարական է տվել’

745

Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան հրաժարական է ներկայացրել, հայտնել է հանրապետության նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբան: Ըստ նրա՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբան, որը համատեղության կարգով կկատարի նաև ֆիննախարարի պարտականությունները:  Կառավարության մյուս անդամները նույնպես կշարունակեն պաշտոնավարումը՝ մինչև ընտրությունների անցկացումը:

Այն մասին, որ Լակերբայան հրաժարական է տալու, հաղորդվել էր կիրակի օրը: Այն ժամանակ վարչապետը հերքել էր այդ լուրը՝ հայտարարելով, թե մտադիր չէ թողնել պաշտոնը:

Վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջներ սկսել էին հնչել դեռ փետրվարին: Ընդդիմությունը պարբերաբար հանրահավաքներ էր անցկացնում՝ ընդդեմ կոռուպցիայի և վարչարարության: Իրադրությունը սրվեց մայիսի 27-ին, երբ ընդդիմադիրները Սուխումում ներխուժեցին նախագահի նստավայր: Այն ժամանակ հաղորդվեց, որ հանրապետության նախագահը համաձայնել է կառավարության, գլխավոր դատախազի և երկու շրջանների ղեկավարների հրաժարականին: Հետագայում պարզվեց, որ նախագահ Անկվաբը մեկնել է Գուդաուտի և գտնվում է ռուսաստանյան ռազմաբազայում: Հունիսի 1-ին ընդդիմության ճնշման ներքո Անկվաբը հրաժարական տվեց: Նա հայտարարեց, որ նման որոշում է կայացրել երկրում կայունությունը պահպանելու նպատակով և քաղաքացիներին հանդարտության ու նորմալ պայմաններում նոր ընտրություններ անցկացնելու կոչ արեց: Հաղորդում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցիների գրեթե 60 %-ը կողմ է ահաբեկիչների սպառազինմանը Դոնբասում’
Հաջորդ հոդվածը‘Միջին վաստակով մարդիկ պետք է մասնակից լինեն բարեգործությանը, գտնում է Ռուբեն Վարդանյանը’