‘Աբրամովիչի հերթական, բայց «Չելսի»-ի համար լեգենդար զոհը’

1025

Նոյեմբերի 21-ի առավոտյան, ՉԼ-ում Յուվեին 3-0 պարտությունից հետո, «Չելսի»-ն պաշտոնական հայտարարություն տարածեց իտալացի Ռոբերտո Դի Մատեոյին պաշտոնանկ անելու մասին:

2003-ին Ռոման Աբրամովիչի կողմից ակումբը ձեռք բերելուց հետո սա արդեն 8-րդ մարզչի պաշտոնանկությունն էր: Ի դեպ, այս ընթացքում Աբրամովիչի մոտ ընդամենը երկու մասնագետներ են դիմացել ավելի քան մեկ մրցաշրջան: Առաջինը ՉԼ-ն հաղթած մարզչի կարգավիճակով Լոնդոն տեղափոխված պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն էր, ում ակումբի երկրպագուները միանգամից սիրեցին, համարեցին  իրենցն ու հենց Ժոզեի խոսքերով անվանեցին «յուրահատուկ»: Պորտուգալացին երեք ու կես տարիների ընթացքում 2 անգամ նվաճեց «Պրեմիեր լիգա»-ն, 3 անգամ հաղթեց ներքին գավաթի խաղարկություններում, բայց այդպես էլ չմոտեցավ ռուս միլիարդատիրոջ երազած` ՉԼ-ի գավաթին: Երկրորդը  իտալացի Կարլո Անչելոտին էր, ով մինչ պաշտոնանկ լինելը հացրեց նվաճել «Պրեմիեր լիգա»-ն և լիգայի գավաթը, բայց նորից հեռու էր ՉԼ նվաճելուց:

Մոուրինյոն «յուրահատուկ» էր «Չելսի»-ի համար, իսկ Անչելոտիին Աբրամովիչը թողեց, քանի որ կարողացել էր հաղթել երկրի առաջնությունում, իսկ նման անմիտ քայլ` երկրի առաջնությունում հաղթած մարզչի պաշտոնանկություն, իրեն թույլ է տվել միայն Ֆլորենտինո Պերեսը, երբ հեռացրեց Վիսենտե Դել Բոսկեին:

«Չելսի»-ում, բացի այս երկուսից, 9 տարիների ընթացքում ակումբը գլխավորեցին բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ, ինչպիսիք են Լուիս Ֆելիպե Սկոլարին և Գուս Հիդինկը, բայց հետաքրքիրն այն է, որ մինչ Դի Մատեոյի՝ գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելը, ՉԼ գավաթին ամենաշատը մոտեցել էր Ավրամ Գրանտը, ում գլխավորությամբ թիմը միայն 11 մետրանոցներով պարտվեց ՉԼ-ի եզրափակչում:

Այժմ փորձենք վերհիշել, թե ինչպիսի իրավիճակում Դի Մատեոն գլխավորեց թիմը, ինչպես նվաճեց ՉԼ-ն, և ինչպես էր նրան վերաբերվում ռուս միլիարդատերը այս ամբողջ ընթացքում:

«Չելսի»-ն Վիլաշ Բոաշից հետո

Երկրորդ պորտուգալացու՝ «Ստեմֆորդ Բրիջ»-ում հայտնվելը շատ նման էր Ժոզեի՝ Լոնդոնում հայտնվելուն: Վիլաշ Բոաշը նույնպես ձևակերպել էր մրցանակների «հեթ տրիկ», և «Չելսի»-ում նրան սկզբից տրամադրվել էր նույնպիսի վստահության կրեդիտ, ինչպիսին որ ուներ «յուրահատուկը»: Ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ թիմը հայտնվեց ՉԼ-ի 1/8-րդ փուլից դուրս մնալու վտանգի առջև: Աբրամովիչը պաշտոնանկ արեց Վիլաշ Բոաշին և լայն ընտրություն չունենալով՝ նրա փոխարեն նշանակեց պորտուգալացու օգնական Դի Մատեոյին: Իտալացին միանգամից փոփոխությունների ենթարկեց կազմը` «Նապոլի»-ի հետ պատասխան խաղում կազմ վերադարձրեց ակումբի «ծեր գվարդիա»-ին, ովքեր էլ և ապահովեցին թիմի՝ հաջորդ փուլ դուրս գալը:

Հետագայում տեղի ունեցածը բոլորն են հիշում: Դի Մատեոն կրկնեց Մոույի կողմից ստեղծած «հակաԲարսա»-ն`դարպասների առջև «ավտոբուսը», և դուրս եկավ եզրափակիչ, որի ավարտից հետո մոտեցավ այն մարդու մոտ, ում երազանքն ի կատար էր ածել, և կրկնեց երկու անգամ՝ «I won it»: Դեռ այդ ժամանակ տպավորություն ստեղծվեց, որ Աբրամովիչին չգոհացրեց այն, թե ինչպիսի ոճով իտալացին նվաճեց ՉԼ-ի այդքան սպասված գավաթը, որը առաջինն էր լոնդոնյան բոլոր թիմերի համար:

Նոր մրցաշրջան

Նույնիսկ այդպիսի մեծ հաջողությունից հետո այս ամռանը պարզ էր, որ Աբրամովիչի համար Դի Մատեոյին գլխավոր մարզչի պաշտոնում թողնելն  առաջնային տարբերակ չէր: Ամբողջ ամառ նա փորձում էր կապ հաստատել Պեպ Գվարդիոլայի հետ, բայց իսպանացին հանգստի և մտքերը կարգավորելու կարիք ուներ:

Այսպիսով՝ Աբրամովիչը կատարեց ակումբի երկրպագուների պահանջը, ովքեր ցանկանում էին ակումբի համար լեգենդար իտալացու հետ շարունակել գտնվել «երազում»:

Դի Մատեոյին առաջարկվեց 2 տարվա պայմանագիր, քանի որ 1 տարվա պայմանագիրը բացահայտ կնշանակեր «Մենք շնորհակալ ենք քեզնից, բայց սպասում ենք, թե Պեպը երբ կորոշի վերադառնալ ֆուտբոլ»:

Եվրոպայի սուպերգավաթի «Ատլետիկո»-ի հետ խաղից պարզ դարձավ, որ իտալացու համար բարդ կլինի հզոր հարձակողություն ունեցող թիմերի դեմ արդյունք ապահովող «ավտոբուսից» բացի նոր տարբերակ մտածել՝ չնայած նրան, որ իր տրամադրություն տակ ուներ Ազարի, Մատայի և Օսկարի պես գերտաղանդներ: Կարելի է ասել, որ «Չելսի»-ն վատ չէր մեկնարկել մրցաշրջանը: Կենտրոնում սկսել էր աշխատել Օսկարի և Ազարի մանր խաղը, որտեղ բելգիացին աչքի էր ընկնում դաշտը տեսնելու իր կարողությամբ: Առջևում էլ Տորեսն ավելի արդյունավետ էր դարձել, քան անցած երկու մրցաշրջաններում:  

Թիմի խնդիրներն սկսեցին ի հայտ գալ Տերրիի որակազրկման և Լեմպարդի վնասվածքներից հետո: Իտալացու պաշտոնանկությունը կարող էր լինել «Շախտյոր»-ի հետ սեփական հարկի տակ խաղից հետո, բայց այդտեղ փրկեց Մոզեսը: Այս ընթացում Դի Մատեոն սխալվեց նաև, երբ «Մանչեստեր Յունայթեդ»-ի դեմ գավաթային խաղում մեկնարկային կազմ դուրս բերեց: Ճիշտ է, թիմը հաղթեց և վրեժխնդիր եղավ «Պրեմիեր լիգա»-ում կրած պարտության դիմաց, բայց ֆուտբոլիստները շատ հոգնեցին և չկարողացան պահպանել թարմությունը վերջին շաբաթների ժամանակ:

Դի Մատեոյի ապագան

Աբրամովիչը Յուվեից կրած 3-0 պարտությունից հետո կայացրեց հերթական հապշտապ որոշումը, որը դժվար թե օգնի թիմին որակավորվել ՉԼ «փլեյ օֆֆ», քանի որ նոր մարզիչը դժվար թե կարողանա «համոզել» Յուվեին պարտվել Դոնեցկում: Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա այստեղ դեռ ամեն ինչ չէ, որ կորած է: Հասկանալի է, որ Դի Մատեոն «ավտոբուսից» բացի՝ այլ հաղթելու հստակ տարբերակ չգտավ: Ինչ վերաբերվում է «ավտոբուսին», ապա այն ինչպես ցույց տվեցին «Սելտիկ»-ը և նախկինում «Ռուբին»-ը` դարպասներից 25 մետր հեռավորության մեջ տարածքում գրագետ և արդյունավետ կիրառելու համար պարտադիր չէ ունենալ աշխարհի լավագույն պաշտպաններին: Բայց միևնույն է, «Չելսի»-ի խաղը տարբեր հարցերում բարելավվում էր, և կարելի էր նրան թողնել մինչև մրցաշրջանի ավարտ, որից հետո էլ կանդրադառնային նոր մարզչի խնդրին:

Ինչևէ, Աբրամովիչն իր որոշումն արդեն կայացրել է, որով Դի Մատեոյին ՉԼ հաղթող մարզչից վերածեց պաշտոնանկ եղած մասնագետի, ով ներկա պահին բավականին հետ է մնում իտալացի երիտասարդ, հզոր մասնագետների սերնդից, և  նրա համար բարդ կլինի հարմարվել թեկուզ «Սերիա Ա»-ի միջնակարգ թիմերում:

Դավիթ Քիրամիջյան

Նախորդ հոդվածը‘«Արմավիայի» խոսնակը տեղյակ չէ Բաղդասարովի հայտարարություններից’
Հաջորդ հոդվածը‘Արագաչափերը փեսայի գրպանում են’