‘ԱԳՆ խոսնակ. Հայտնի չէ, թե երբ կվերսկսվի Իրանի կողմից 52 անուն ապրանքատեսակների արտահանումը Հայաստան ‘

974

Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, Իրանը դադարեցրել էր 52 անուն ապրանքների, այդ թվում՝ սննդամթերքի, ալյումինի և նավթաքիմիական արտադրանքի արտահանումը՝ նպատակ ունենալով օժանդակել ազգային արտադրության: Մասնավորապես, արգելված է Իրանի Իսլամական Հանրապետությունից ցորենի, ալյուրի, ձեթի, կենդանի անասունի և մսի, կերերի, սոյայի արտահանումը:

Բացի դրանից, Իրանից արգելված է կատոդների, պղնձալարի, կաշվի, ավտոմոբիլի դողերի, պոլիմերային արտադրանքի, ալյումինի, փայտանյութի, պողպատե ձողերի, սև մետաղների ջարդոնի, թափոնաթղթի, պողպատե արտադրանքի, ներմուծված արդյունաբերական և ճանապարհային տեխնիկայի և պահեստամասերի արտահանումը:    
Արտահանման համար արգելված են նաև յուղը, մանկական կերը, ներմուծված թեյն ու բրինձը, նատրիումի սուլֆատն ու կարբոնատը, սոդաները: Ներմուծված բոլոր բժշկական սարքավորումների արտահանումը նույնպես ընկնում է արգելքի տակ:  

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հաղորդել էին, որ վերջին ամիսներին երկրի կենտրոնական մասում տեղումների քանակը նվազագույնն է եղել վերջին հինգ տարում:

Իրանի կողմից արտահանման դադարեցման առիթով նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը արտգործնախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել Իրանի հետ՝ խնդրին շուտափույթ լուծում տալու համար:

«Թեհրանում Հայաստանի դեսպանությունը բավականին ակտիվ կերպով զբաղվում է այդ հարցով, տարվում են բանակցություններ»,-  iLur.am- հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Խոսնակը, սակայն, չկարողացավ հստակ ժամկետներ նշել, թե երբ խնդիրը կունանա վերջնական լուծում:

Նախորդ հոդվածը‘Բեռլինում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա’
Հաջորդ հոդվածը‘Դավիդ Վիլյան հատեց 300 գոլի սահմանագիծը’