‘ԱԳՆ-ն` Վերին Լարսում խցանված քաղաքացիների մասին’

947

«Ռուսաստանի Վերին Լարս սահմանային անցակետում հայտնված ՀՀ քաղաքացիների վիճակի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության համաձայն բնական աղետի հետևանքով Վրաստան- Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին տարերքի սկսվելուց ի վեր տեղի հայ համայնքի ջանքերով մատակարարվել է սնունդ և դեղորայք:

Գլխավոր հյուպատոսության կողմից աջակցություն է ցուցաբերվել արտակարգ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների փաստաթղթային խնդիրների լուծման նպատակով:

Չնայած հայկական, ռուսական և վրացական իշխանությունների բազմաթիվ հորդորներին` զերծ մնալու Վերին Լարս – Կազբեկի հատվածով երթևեկելուց` վերջին օրերին մի քանի մեքենա ժամանել են հիշյալ հատված և նորից հայտնվել խցանման մեջ:

Մասնավորապես Արմինե Աղագուլյանը (ով երեկ հրապարակավ պնդում էր, թե մի քանի օր է երեխայի հետ բնակվում է անտառներում) իր ամուսնու և քսաներեքամյա որդու հետ, ինչպես նաև Նաիրա Մխիթարյանը, Ղրիմից և Անապայից համապատասխանաբար, Վերին Լարս անցակետ են ժամանել ս.թ. հունիսի 2-ին, տեղավորվել են տեղի հայ համայնքի փոխնախագահ Վլադիմիր Մանասյանի ամառանոցում:

Հայտնում ենք նաև, որ գլխավոր հյուպատոսության կողմից երկու շաբաթ առաջ կազմակերպվել է «Անի» պարային համույթի ողջ անձնակազմի օդանավով տեղափոխումը Հայաստան:

Ծերերին, կանանց և երեխաներին առաջարկվել է ինքնաթիռով մեկնել Հայաստան` ոչ իրենց հաշվին, սակայն վերջիններս հրաժարվել են:

Հունիսի 6-ին դեպքի վայր է մեկնելու գլխավոր հյուպատոսության խորհրդականը»:

ԱԳՆ

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի վրա վերահսկվում է ‘
Հաջորդ հոդվածը‘Հետազոտություն. 2013 թվականին մայրաքաղաքի բնակարաններն էժանացել են 4 տոկոսով ‘