‘ԱԳ նախարարությունը հրաժարվում է հրապարակել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը’

1073

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրաժարվում է հրապարակայնացնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի տեքստը, որը նախատեսվում է նախաստորագրել այս տարվա նոյեմբերին:

«Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ տրամադրել համաձայնագրի ամբողջական տեքստը, ԱԳՆ լրատվական ծառայությունը բավարարվել է արձանագրելով, որ «ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի հրապարակման ժամանակ առաջնորդվում է ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին օրենքով» սահմանված դրույթներով»:

Միեւնույն ժմանակ, նախարարությունը չի պարզաբանել, թե օրենքի կոնկրետ որ դրույթն է արգելում պայմանագրի տեքստի հրապարակումը մինչեւ դրա ուժի մեջ մտնելը:

Համենայնդեպս, ԱԳ նախարարության վկայակոչած օրենքի 49-րդ հոդվածը (Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագրի  պաշտոնական հրատարակումը), մասնավորապես, սահմանում է, որ «սահմանված կարգով ուժի մեջ մտած (կնքված) Հայաստանի Հանրապետության  միջազգային  պայմանագիրը հրատարակվում է «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական  տեղեկագրում», որը հանդիսանում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի» հավելվածը»:

Եթե նախարարությունը հղում է անում այս հոդվածի վրա, ապա պետք է ակնկալել, որ Եվրամիության հետ Ասոցիացիայի պայմանագրի բովանդակությունը հանրության համար գաղտնի կմնա ոչ միայն մինչեւ այս տարվա նոյեմբեր՝ դրա ենթադրյալ նախաստորագրումը, այլեւ մինչեւ ստորագրման ողջ գործընթացի ավարտը՝ մինչեւ ՀՀ եւ ԵՄ անդամ երկրներից յուրաքանչյուրի կողմից վավերացնելը:

Նշենք, որ Ասոցիացիայի մասին համաձայնագիրն առանցքային դրույթներ կարող է պարունակել ոչ միայն ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների, այլեւ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: 

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Լրջանալու պահը, կամ փող՝ Սերժին հանդուրժելու համա՞ր’