‘Ադրբեջանը արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ղեկավարների հայտարարությանը’

988

ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահ պետությունների ղեկավարների` երեկ Էնիսկիլենում հրապարակած հայտարարությունում արտացոլված է Ադրբեջանի դիրքորոշումը, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդեւլաեւը:

Նրա խոսքերով` «Ադրբեջանի դիրքորոշումը միշտ աչքի է ընկել պրագմատիկությամբ, Ադրբեջանը բազմիցս ընդգծել է հակամարտության արդարացի կարգավորումը, որը պետք է լինի երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում: «Արդարության վերականգնումը օկուպացված տարածքների վերադարձն է եւ փախստականների վերադարձը իրենց հողեր», — ասել է Աբդուլաեւը:

«Համանախագահ երկրների նախագահները շատ ճիշտ նշել են, որ ռազմական ուժի կիրառումը անկայունության եւ դիմակայության առաջացման պատճառ է դառնում: Դրա կանխման համար ադրբեջանական հողերը պետք է վերադարձվեն, եւ Հայաստանի զինված ուժերը պետք է լքեն Ադրբեջանի օկուպացված տարածքները: Հայաստանը խախտել է ուժի չկիրառման սկզբունքը, ինչի արդյունքն է ադրբեջանական հողերի օկուպացումը», — Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռ/կ-ը՝ հղում անելով «Trend» լրատվական գործակալությանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարությանը արձագանքել էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը:

Նախորդ հոդվածը‘Երևանում ֆրանսիական լիցեյ կբացվի’
Հաջորդ հոդվածը‘«ՀայՌուսգազարդ»-ում «Գազպրոմի» մասնաբաժնի ավելացման հարցը քննարկման փուլում է’