‘Ադրբեջանը վիրավորվել է Ժիրինովսկու հայտարարություններից’

1031

Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունների կապակցությամբ, որոնք վերաբերում էին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի ներմանը:

Ադրբեջանական ԱԳՆ-ի վրդովմունքի պատճառ է դարձել Ժիրինովսկու ելույթը Մոսկվայի հայ համայնքի կազմակերպած հանրահավաքում, որը կայացել է սեպտեմբերի 14-ին: Ակցիայի ընթացքում Ժիրինովսկին, մասնավորապես, հայաստանյան հատուկ ծառայություններին առաջարկել է «պատասխանել Սաֆարովի ազատ արձակմանը»: «Թող հատուկ ծառայություններն աշխատեն: Թող հայաստանյան հատուկ ծառայությունները կարողանան անհապաղ այնպիսի պատասխան տալ, որ հաջորդ անգամ իմանան՝ ինչ է նշանակում մարդասպանին ազատ արձակել… Թող ասեն՝ եթե հայ սպանեք, ձեր մոտից էլ հինգ ամենահարուստ մարդիկ կանհետանան: Ի՞նչ եք անելու այդ դեպքում: Կմտածեն՝ մենք հիմա սրան փրկում ենք, բայց վաղը մեր երեխաներին ենք կորցնելու»,-ռուսաստանցի քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում  PanARMENIAN.Net-ը:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը սեպտեմբերի 18-ին կանչվել է այդ երկրի  ԱԳՆ, որտեղ նրան ընդունել է փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: Վերջինս բողոք է հայտնել ՌԴ դեսպանին՝ «Ժիրինովսկու սադրիչ և անպատասխանատու կոչերի առնչությամբ, որոնք խրախուսում են ահաբեկչությունը, հանցագործությունները ադրբեջանական ժողովրդի նկատմամբ, ազգային խտրականությունը և թշնամանքը»: Փոխնախարարը հայտարարել է, որ նման կոչերը «ստվեր են գցում երկու երկրների փոխհարաբերությունների վրա», ինչպես նաև վնաս են հասցնում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի միջնորդական առաքելությանը: Խալաֆովը նաև հույս է հայտնել, որ ռուսաստանյան իշխանությունները գնահատական կտան Ժիրինովսկու հայտարարություններին:

Նախորդ հոդվածը‘Գարեգին Բ կաթողիկոսը հանդիպում է ունեցել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայ ֆուտբոլասերների արկածները Բուլղարիայում’