‘Ադրբեջանի ԱԳՆ. Կալիֆորնիայի Սենատի ընդունած բանաձևը հայտարարության բնույթի է և իրավաբանական ուժ չունի’

1307

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Կալիֆորնիա նահանգի Սենատի ընդունած բանաձևը հայտարարության բնույթի է և իրավաբանական ուժ չունի: Ըստ Trend-ի, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը` մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Կալիֆորնիա նահանգի Սենատի հինգշաբթի ընդունած բանաձևը:
«Այդ փաստը կասկածի տակ է դնում փաստաթղթի ընդունման օգտին քվեարկած սենատորների ազնվությունը, ինչը հնարավոր է դարձել ԱՄՆ հայկական լոբբիի ֆինանսական աջակցության շնորհիվ», — ասել է նա:
Նրա խոսքով, կողմ քվեարկելով այդ բանաձևի ընդունմանը` նահանգի սենատորները, փաստորեն, կոչ են արել աջակցել «ադրբեջանական հողերի օկուպացմանը», ինչը հակասում է միջազգային նորմերին և սկզբունքներին:

«Փաստաթղթում ԼՂՀ անկախությունը չի ճանաչվում` ինչպես փորձում են ներկայացնել հայկական ԶԼՄ-ները: Սենատը նման իրավունք չունի: Փաստաթուղթը հայտարարության բնույթի է և վկայում է Կալիֆորնիա նահանգի օրենսդիրների կանխակալ վերաբերմունքի մասին», — նշել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նա այդ համատեքստում հավելել է, որ նշված բանաձևի նպատակը հայ ժողովրդին մոլորության մեջ գցելն է:

Ինչպես արդեն հաղորդվել է, նախօրեին Կալիֆորնիա նահանգի Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ AJR 32 բանաձևը, որում ԱՄՆ Կոնգրեսին ու նախագահին կոչ է արվում ճանաչել և սատարել ԼՂՀ-ին: Հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆորնիայի օրենսդիր ժողովը 72 «կողմ» և 1 «դեմ» ձայներով ընդունել էր ԼՂՀ ճանաչման վերաբերյալ բանաձևի նախագիծը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Արևմտամետ ընդդիմություն. Սերժ Սարգսյանի հերթական, բայց ոչ նոր «մուտիտը»’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Մարտիրոսյան. Քաղաքացիները պահանջում են իրականացնել ամբողջական իշխանափոխություն’