‘Ադրբեջանցի պատգամավորը հայկական պատվիրակությանը կոչ է արել մասնակցել Բաքվում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին’

956

Ադրբեջանցի պատգամավոր Ռաբիյաթ Ասլանովան հայկական պատվիրակությանը կոչ է արել մասնակցել Բաքվում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին պատգամավորը հայտարարել է այսօր Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի բացման շրջանակներում:

Նրա խոսքով, Բաքու այցելելու առնչությամբ հայկական պատվիրակության անհանգստությունն անհիմն է: Ադրբեջանը պատրաստ է ընդունել բոլոր

պատվիրակություններին: Նա հաղորդել է, որ Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու հումանիտար հարցերի ընդհանուր կոմիտեի նիստում հայկական կողմն անհանգստություն է հայտնել ԵԱՀԿ ԽՎ հերթական ամենամյա նստաշրջանի`  Բաքվում անցկացվելու առնչությամբ:

«Չնայած Բաքու ժամանելու առնչությամբ հայկական պատվիրակության անհանգստությանը` վերջինս կարող է դա անել և համոզվել, որ մեր երկրում գոյություն ունի հանդուրժողականություն, մարդիկ ապրում են խաղաղության ու համաձայնության պայմաններում: Բաքուն պատրաստ է ընդունել բոլորին: Դուք կտեսնեք, որ Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է, որին հատուկ են արևմտյան  արժեքները»,- ամփոփել է Ասլանովան:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԽՎ ամենամյա նստաշրջանը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 2-ը Բաքվում: 

Նախորդ հոդվածը‘«Որսորդը» ֆիլմը ներառվել է ԱՄՆ և Ֆրանսիայի կինոփառատոնների մրցութային ծրագրերում’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 21-ին Երևանում տեղի կունենա Yerevan Mall խոշոր առևտրի կենտրոնի բացումը ‘