‘Ազգային ժողովի առջև ցուցարարները պահանջում են բացել «Կիլիկիա» առևտրի կենտրոնը ‘

1693

Ազգային ժողովի` պատգամավորների համար նախատեսված մուտքի մոտ հունիսի 17-ին մի խումբ ցուցարարներ պահանջում են բացել «Կիլիկիա» առևտրի կենտրոնը: «Արմենպրես» գործակալության հաղորդմամբ` ցույցի մասնակիցները իրենց խնդրի վերաբերյալ նամակներ են պատրաստել ՀՀ Ազգային ժողովի նախագահին և պատգամավորներին և խնդրում են գործուն միջամտություն ցուցաբերել «Կիլիկիա» առևտրի կենտրոնը վերաբացելու հարցում: «Նախկինում առևտուր ենք իրականացրել Հրազդան տոնավաճառի տարածքում: Այնուհետև ընդհանուր որոշում ենք կայացրել առևտուրը տեղափոխել Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 հասցեում տեղակայված` քաղաքակիրթ և ներկայանալի առևտրի կենտրոն»,-ասաց ցուցարարներից մեկը: Նա նաև շեշտեց, որ «118 ձեռնարկատերերով հավելյալ ֆինանսական բեռ են վերցրել և իրենց միջոցներով այդ տարածքը վերածել են շքեղ առևտրի կենտրոնի»:

Տարածքի սեփականատեր «ԼԱՆ» ՍՊ ընկերությունը ինչ-ինչ պատճառներով հայտնվել է սնանկության գործընթացում և իրենց նախաձեռնության կազմակերպիչ «Մադէլինա-Լենա» ՍՊ ընկերությունը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին ներկայացրել է առողջացման ծրագիր, ստացել է համապատասխան լիցենզիա, կնքվել են համապատասխան պայմանագրեր: Սակայն հունիսի 1-ին հարկային տեսչության աշխատակիցները եկել են առևտրի կենտրոն և պահանջել լքել տաղավարները, քանի որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է առողջացման ծրագիրը և առևտրի կենտրոնի աշխատանքն այլևս օրինական չէ:

Նախորդ հոդվածը‘«Միսս Ամերիկա» տիտղոսին է արժանացել Քոնեքթիքութի 25-ամյա բնակչուհին’
Հաջորդ հոդվածը‘Միրչա Լուչեսկուն հաստատել է, որ Մխիթարյանը կարող է հեռանալ’