‘Ալեքս Ֆերգյուսոն. «Իմաստ չունի ազատել աշխարհի լավագույն մարզիչներից մեկին»’

1033

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը գտնում է, որ «Չելսիի» կողմից հիմարություն կլինի իր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին աշխատանքից ազատելը: Անցած հանգստյան օրերին Կապույտներն այս մրցաշրջանում իրենց 8-րդ պարտությունը գրանցեցին, եւ հիմա 2 միավորով են հետ մնում Պրեմիեր լիգայից դուրս մնալու գոտուց:

Ըստ լուրերի՝ ակումբը կարող է Մոուրինյոյին դուռը ցույց տալ, եթե չորեքշաբթի Կապույտները «Պորտուի» հետ անհրաժեշտ արդյունքի չհասնեն եւ դուրս չգան Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի փուլ: Սակայն սըր Ալեքսը «Չելսիին» զգուշացնում է այդ քայլի մասին:

«Վերջին 10 տարում Աբրամովիչն այնքան մարզիչների է փոխել, որ դրանից դասեր է քաղել: Նա պետք է վստահի ու հավատա, որ Ժոզեն կարող է շտկել իրավիճակը:

Իմաստ չունի ազատել աշխարհի լավագույն մարզիչներից մեկին. նա 2 անգամ շահել է եվրոպական գավաթը, որտեղ աշխատել է՝ այդ երկրում շահել է առաջնությունը, ուրիշ շատ մրցանակներ է շահել: Հիմարություն է այդպիսի քայլ կատարել եւ նրան աշխատանքից ազատել: Դա սխալ կլինի:

Ես մի քանի անգամ հանդիպել ու խոսել եմ Ժոզեի հետ: Սա առաջին անգամն է, որ նա այսպիսի անհաջող ժամանակաշրջան է ապրում: Եթե նայեք նրա ողջ կարիերային՝ ապա այնտեղ բացի մշտական առաջընթացից ուրիշ ոչինչ չեք տեսնի: Առաջին անգամն է, որ կյանքում բախվում է հասարակության այսպիսի հզոր ճնշման: Նրա խնդիրն այն է, որպեսզի հարթի իրավիճակը, եւ ես տեսնում եմ հավասարակշռված մակարդակի վերադառնալու նշանները, չնայած՝ շաբաթ օրվա պարտությանը:

Ժոզեն եւ մյուս լավ լիդերներն ի վերջո կգտնեն ելքը: Կարծում եմ՝ նա կվերադառնա իր նախկին նորմային: Այս պահին գործերը լավ չեն, բայց ես գիտեմ այդ տղային, ուստի սա չի կարող երկար տեւել»,- ասել է Ֆերգյուսոնը:

Նախորդ հոդվածը‘Զիդան. «Բենզեման պետք է մնա հավաքականում»’
Հաջորդ հոդվածը‘London Chess Classic. Լեւոն Արոնյանը դարձյալ ոչ ոքի խաղաց’