‘Ակտիվիստները կարմիր գծեր են ներկել քաղաքապետարանի ավտոկայանատեղում (տեսանյութ)’

1445

Այսօր ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով և քաշքշելով 5 ակտիվիստի է բերման ենթարկել: Վերջիններիս չի ներկայացվել որևէ իրավական հիմնավորում:

Քաղաքապետարանի դիմաց արդեն երկուշաբաթից ավել նստացույց անցկացնող ակտիվիստներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել վճարովի ավտոկանգառների որոշման դեմ` կարմիր գծեր ներկելով քաղաքապետարանի դիմացի ավտոկայանատեղում:

Ոստիկանները, սակայն, անմիջապես միջամտեցին, փորձեցին ակտիվիստների ձեռքից խլել կարմիր ներկը: Ակցիային խոչընդոտելն էլ հիմնավորեցին «հասարակական կարգի խախտմամբ»: 

Սակայն ակտիվիստների այն հարցին, թե իրենք կոնկրետ որ հոդվածն են խախտում, ոստիկաններն այդպես էլ չկարողացան պատասխանել:Ակտիվիստների համոզմամբ վճարովի ավտոկանգառմերն անօրինական են և չեն բխում հանրային շահից: 

Հանրային տարածքները տրամադրվել են մասնավոր ընկերության, որը ստանալու է ավտոկանգառներից ստացվող եկամտի 70%-ը: Մասնավոր ընկերությանն է տրամադրվել մեքենայատեր քաղաքացիների տվյալների բազան, մասնավոր ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումներ, կիրառել տույժեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է: 

«Եթե ինչ-որ մասնավոր ընկերություն կարողանում է հանրային տարածքները մասնավորեցնել, մենք, որպես անհատ քաղաքացիներ կարող ենք քաղաքապետարանի դիմացի ավտոկանգառները մասնավորեցրել: Սա էլ մեր սեփականությունն է»,- նշել են այսօրվա ակցիայի մասնակիցները:Ակտիվիստները նաև նշեցին, որ, համաձայն «կարմիր գծի օրենքի» քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներն ովքեր իրենց ավտոմեքենան կայանել են այս կանգառում, պիտի վճարեն կայանելու համար:

«Քաղաքապետարանը կարող է հանրային տարածքը, իսկ փողոցներն, ինչպես գիտենք հանրային սեփականություն են,  տրամադրել ինչ-որ մասնավոր ընկերության` բիզնես շահեր հետապնդելու համար: Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքացի իրավունք է ստանում հենց իր ցանկացած տեղում քաշել էտ կարմիր գծերը»:

 

www.jfhr.am 

Նախորդ հոդվածը‘Նոր մանրամասներ գերեվարված հայ զինվորի մասին’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում երեք երջանիկներ կբաժանեն վիճակախաղի ջեք-փոթը՝ 448 միլիոն դոլարը’