ԱՀԿ-ն Չինաստանին կոչ է անում աջակցել Covid-19-ի ծագման հետազոտության հարցում

460

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները չեն համագործակցում Ուհանում կորոնավիրուսի ծագման հետազոտության հարցում։

Նա կոչ է արել թույլ տալ ԱՀԿ փորձագետներին հետազոտելու անհրաժեշտ նյութերն ու օբյեկտները։

Գեբրեիսուսի խոսքով՝ Պեկինը չի ցանկանում կազմակերպությանը տրամադրել  անմիջապես նախքան համավարակը և դրա սկսվելուց քիչ անց հիվանդացածների տվյալները։

Փետրվարին ԱՀԿ-ն ավարտել է հետազոտության առաջին փուլը։ Ավստրալացի մանրէաբան Դոմինիկ Դուայերը՝ Ուհանում միջազգային հետազոտական առաքելության անդամներից մեկը, այն ժամանակ արդեն ասել է, որ իշխանությունները հանձնաժողովին չեն տրամադրել առանցքային տվյալները։ Չնայած դրան՝ հանձնաժողովը եզրակացրել էր, որ վիրուսի լաբորատոր ծագումը շատ քիչ է հավանական, և ամենայն հավանականությամբ այն փոխանցվում է մարդուն կենդանիներից, ինչպես և ասվել էր սկզբնապես։ Այնուհանդերձ, չի դադարում քննարկվել նաև այն վարկածը, որ վիրուսը արտահոսել է Ուհանի վարակաբանության պետական ինստիտուտի լաբորատորիայից։

Հինգշաբթի Գեբրեիսուսը հայտարարել է, որ վիրուսի լաբորատոր ծագման վարկածից դեռ պետք չէ հրաժարվել։ «Ես ինքս աշխատել եմ լաբորատորիայում, ես իմունոլոգ եմ և գիտեմ, որ երբեմն տհաճ պատահականություններ լինում են։ Դա հաճախ է լինում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Արոնյանը առողջական խնդիրների պատճառով չներկայացավ առաջին պարտիային
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Էլինա Դանիելյանը հաղթանակով սկսեց երկրորդ փուլը