‘Աղվան Վարդանյան. Այսքան ներքին լարվածություն քաղաքական կյանքում քիչ է եղել’

1292

Թվում է, թե քաղաքական ակտիվ պրոցեսները դադարել են, պառլամենտը արձակուրդում է, ամառային անդորր է, հետընտրական ցիկլն ավարտվել է և քաղաքական հիմնական ուժերը կարծես դադարի մեջ են, բայց մյուս կողմից՝ այսքան ներքին լարվածություն քաղաքական կյանքում քիչ է եղել:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Ակնհայտ է, որ բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ է երկրում, հեռանկարի բացակայություն, արտագաղթի տրամադրություններ, այս ֆոնին՝ Վերահսկիչ պալատ-կառավարություն ակնհայտ հակասություն, օֆշորային սկանդալներ, հուզումներ գյուղերում, գազ, էլեկտրաէնեերգիա և հիմնական ամենակարևոր հարցերից մեկը երկրի առաջ կանգնած՝ Եվրազես, Եվրամիություն»,- թվարկեց Ա. Վարդանյանը:

Նա տեղեկացրեց, որ այս փուլում ՀՅԴ-ում ակտիվ ներքին քննարկումներ են՝ վերաիմաստավորում են իրենց վերջին քայլերը, բացթողումները, սխալները: Ա. Վարդանյանը խոստովանեց, որ դեռևս չեն կարողացել հասարակության լայն շերտերի մեջ վստահություն առաջացնել, ուստի իրենց համար ներքին բարեփոխումների շրջան է:

«Առաջիկա մեկ տարում ճիշտ կլինի զբաղվել մեզանով և փորձել վերականգնել հասարակության զգալի հատվածի վստահությունը: Համոզված եմ, որ հարյուր հազարավոր մարդիկ կան Հայաստանում, որոնց այս վիճակը չի բավարարում, ուզում են արդար, ժողովրդավար երկիր ունենալ, և ես կարծում եմ, որ այդ առումով էական անելիք ունենք»,- ասաց Ա. Վարդանյանը:

Նա ցանկություն հայտնեց, որ գոնե առաջիկա աշնան սկզբին Սերժ Սարգսյանը ուղերձով դիմի ժողովրդին, քանի որ թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները հասունացել են, ու նման մի ելույթի անհրաժեշտություն կա:

Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալին՝ պատգամավորը կարծիք հայտնեց, թե հիմնական հարցն այս դեպքում հետևյալն է՝ կա՞ նման բան, թե՞ չկա:

«Ես դատավոր չեմ, իհարկե, ծանոթ եմ բոլոր հնարավոր մեկնաբանություններին, բայց խնդիրը մնում է, և մեր պետական կառավարման համակարգի իրավիճակում ակնկալել, որ զուտ իրավապահ մարմինների միջոցով կպարզաբանվի խնդիրը, և բոլորը դրան կհավատան՝ անհնար է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ եկեղեցին պետք է իր դիրքորոշումը հստակ արտահայտի տեղի ունեցածի վերաբերյալ:

 

Նախորդ հոդվածը‘Թատերական բուհին կառավարությունը կհատկացնի 60 մլն դրամ’
Հաջորդ հոդվածը‘Մինյոլեն էլ տեղափոխվեց «Լիվերպուլ»’