‘Ամանորից առաջ ձվի պակասը պայմանավորված էր մատակարարման ուշացումներով. Գյուղնախարարության անարժանահավատ մեկնաբանությունը’

829

Հայաստանի խանութներում Ամանորի նախաշեմին ձվի պակասը պայմանավորված էր ցրտերի պատճառով մատակարարման ուշացումներով, «Առկա» գործակալության փոխանցմամբ՝ երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։

Երևանի և Հայաստանի մի շարք մարզերի խանութներում 2013 թ. դեկտեմբերի 29-ին և 30-ին նկատվում էր ձվի պակաս, ինչը բնակչության մտահոգության պատճառ էր դարձել, սակայն դեկտեմբերի 31-ին այդ խնդիրը լուծվել է։ Արդյունքում՝ Հայաստանի շատ խանութներում Ամանորին հավկիթի գինը աճել է մինչև 50 տոկոսով։

«Այդ երկու օրերին հանրապետությունում ցրտերի պատճառով շատ մեքենաներ չէին կարողանում ժամանակին արտադրանքը մատակարարել իրացման կետեր, և մատակարարումն իրականացվում էր ուշացումով։ Արդյունքում՝ խանութներում առկա ձվի խմբաքանակը վերջանում էր մինչև նորը ստանալը, ինչի պատճառով շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե հանրապետությունում ձվի պակասուրդ է», – ասել է բանախոսը։

Հովհաննիսյանը պարզաբանել է, որ Հայաստանի ներքին շուկայում ձվի պահանջարկը կազմում է օրական 800–900 հազար հատ, և պակասուրդից խուսափելու նպատակով Ամանորից և Զատկից մի քանի ամիս առաջ հանրապետություն են ներմուծվում վառեկներ, որոնք օրական ապահովում են լրացուցիչ 100–150 հազար հավկիթ։

Միաժամանակ՝ Հովհաննիսյանն անհիմն է համարել մտավախություններն առաջիկայում հանրապետությունում ձվի պակասուրդի հնարավորության կապակցությամբ։

«Հոկտեմբեր-նոյեմբերին մեր թռչնաֆաբրիկաները ձեռք են բերել մոտ 400 հազար հավ, որոնք արդեն սկսել են ձվադրել, և այս պահին գրեթե բոլոր թռչնաֆաբրիկաներում հավկիթի արտադրության ծավալը գերազանցում է դրանց պահանջարկը», – ասել է նա։

ՀՀ գյուղնախարարության տվյալներով` 2013 թ.–ին արտադրվել է 690 մլն ձու, ինչը գրեթե 32 մլն ավել է 2012 թ. ։

Մեր կողմից հավելենք, որ գյուղնախարարության պաշտոնյայի պարզաբանումները թվում են խիստ անարժանահավատ: Նշենք նաև, որ ամեն տարի Ամանորի նախաշեմին բնակչությանը հավաստիացնում են, որ Հայաստանում ձվի դեֆիցիտ չկա, բայց ամեն անգամ  նախատոնական օրերին քաղաքացիները չեն կարողանում ձու գնել, և ոչ մեկին ի վերջո չի հետաքրքրում, թե ինչու խանութում ձու չկա, այլ հետաքրքրում է, թե հերթական անգամ մանր-մունր պաշտոնյաները ինչու են խաբել քաղաքացիներին:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի գործով դատավորը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Ալումյան. Սուրիկ Խաչատրյանի գործով դատերը միտումնավոր ձգձգում են ‘