‘Ամենաատելի ֆուտբոլիստների 10-յակը’

2559

Նրանք հրաշալի ֆուտբոլիսներ են, հնարավոր է, նաև լավագույնն են իրենց դիրքերում, բայց նրանց չեն սիրում և նույնիսկ ատում են ոչ միայն նրանց մրցակից թիմերի երկրպագուները:

 

 

 

 

 

10. Կրիշտիանո Ռոնալդու

Պորտուգալացին մեկ անգամ չէ, որ խոսել է այն մասին, որ իրեն դուր է գալիս զգալ մրցակից թիմի երկրպագուների ատելությունը: Նրա բախտը չի բերել այն առումով, որ խաղում է նույն ժամանակահատվածում այնպիսի խաղացողի հետ, որին շատերը համարում են բոլոր ժամանակների լավագույնը, բայց դրանից Ռոնալդուն ավելի խելացի կամ հասուն չի դառնում: Նա համարձակվում է հրել Գվարդիոլային, յուրաքանչյուր գոլից հետո ցուցադրաբար տոնել գոլը` մատնանշելով իր մեծությունը, բացի դա, բավականին հաճախ «սուզվում» է: Իսկ երբ վերջերս իր թիմն ամենատգեղ ձևով հաղթանակ խլեց «Լա լիգայի» նորեկ «Էլչեից», նա կրկին չկաշկանդվեց, իր գոլը սովորական`ոչ համեստ կերպով տոնելուց:

Տղամարդկանց մի մասն էլ նրան ատում է Իրինա Շեյկի պատճառով:

9. Զլատան Իբրահիմովիչ

Հերթական գերտաղանդը, որի մասին սկսեցին խոսել իր յուրօրինակության պատճառով: Կարիերայի ընթացքում հասցրել է լքել «խորտակվող նավ» «Յուվենտուսը», երբ «բյանկոներիները» հայտնվեցին «Սերիա Ա-ում», հասցրել է խաղալ և «Ինտերում» և  «Միլանում», խաղացել է Բարսայում և դեմ չի լինի խաղալ նաև Մադրիդում: Վերջին տարիներին Զլատանը մի փոքր հասունացել է և այլևս մի փոքր ավելի համեստ է արտահայտվում ինքն իր մասին, բայց միևնույն է` չի կարողանում մարսել «Բարսելոնայում» վատ ելույթները և շարունակում է վիրավորել Գվարդիոլային:

8. Մարիո Բալոտելլի

Եթե մինչ այս մրցաշրջանը Մարիոյի մասին խոսում էին որպես պարզապեստ «ռասիզմի զոհ հերթական խելագար երիտասարդ», ապա «Այաքսի» դեմ խաղից հետո շատերը նրան սկսեցին վերաբերվել որպես «կեղտոտ» խաղացող, ով կարող է ինքը քաշել մրցակցին, բայց ընկնել և վաստակել 11 մետրանոց: Բալոտելլին հսկայական ներուժ ունեցող խաղացող է, բայց մրցավարներին մահվան սպառնալիքներ ասելն ու մեծամտությունը նրան երբեք չեն օգնի` վերածվել մեծագույն խաղացողի: Բավական է միայն նշել, որ Բալոտելլին դարձել է 87 գոլի հեինակ և ստացել 85 քարտ, որոնցից 6-ը կարմիր են:

7. Սերխիո Բուսկետս

Շատերի համար կատալոնացին համարվում է Բարսայի մասին «սուզվողների թիմ» ձևակերպման մարմնացումը: Սակայն հետաքրքիր է, որ նրա մասին սկսեցին խոսել ՉԼ-ի կիսաեզրափակչի` Տյագո Մոտտայի հեռացումից հետո, որտեղ իրականում խաղի կանոնների խաղտում կար: Որոշներն էլ նրան համարում են ռասիստ` «սուպերկլասիկոներից» մեկում Մարսելոյին կապիկ անվանելուց հետո:

6. Անդրեյ Արշավին

Մինչ «Արսենալ» տեղափոխությունը և Եվրո 2008-ում Ռուսաստանի ազգային հավաքականի անակնկալ հաջողությունը, Արշավինը լայն շրջանակներում համարվում էր բավականին համեստ և շփվող անձնավորություն: Սակայն Լոնդոնում ոչ ամենալավ ելույթները, որտեղ ընդամենը 2 խաղաշրջանից հետո ռուս ֆուտբոլիստը վերածվեց պահեստայինի, նրան փոխեցին, կամ միգուցե` նա ուղղակի սկսեց դրսևորվել այնպիսին, ինչպիսին որ իրականում է: Եվրո 2012-ի խմբային փուլի ավարտից հետո, որտեղ Ռուսաստանը չկարողացավ հաղթահարել ոչ ամենաբարդ խումբը, համացանցում հայտնվեց տեսանյութ, որտեղ երևում էր թե ինչպես է հավաքականի ավագը վերաբերվում երկրպագուներին և թե որքան է կարևորում նրանց կարծիքը իրենց խաղի վերաբերյալ:

5. Էշլի Քոուլ

2000-ականների սկզբին ապագայի լավագույն ձախ եզրային պաշտպանը խելագարվեց կնոջ` Չերիլ Թուիդիից բաժանվելուց հետո: ԱԱ 2010-ից առաջ The Sun-ը հրապարակեց նրա կարճ հաղորդագրություններից մեկը, որտեղ Քոուլը գրել էր. «Ատում եմ Անգլիան և նրա անիծված մարդկանց», իսկ 2011-ին, ներկայանալով իր ակումբի՝ «Չելսիի» մարզմանը, որոշեց զվարճանալու համար գազային ատրճանակից կրակել ակումբի 21 ամյա Թոմ Քուանի ուղղությամբ: Հետագայում պնդելով, թե տեղյակ չէր, որ ատրճանակը լիցքավորված էր:

4. Ջոուի Բարտոն

«Մարդասպան» մականունով բռնցքամարտիկ Ռիկի Հաթոնի մոտ ընկերը լինելը ոչ մի լավ բան չէր կարող խոստանալ: Բարտոնների ընտանիքն ընդհանրապես համարվում էր անկառավարելի. նրա եղբայրը ռասիստական հողի վրա կատարած սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ինքը` Բարտոնը, ևս երկու անգամ հասցրել է հայտնվել ճաղերի հետևում` առաջին անգամ խուլիգանության, իսկ երկրորդ անգամ` «Մանչեստեր Սիթիում» իր խաղընկեր Ուսման Դաբոյին ծեծելու համար, որից հետո հեռացվեց թիմից: Հետագայում հանդես գալով ՔՊՌ-ում Բարտոնը ամեն դեպքում չդիմացավ «Սիթիի» խաղացողներին հարվածելու գայթակզությանը:

Բանտում անցկացրած մեկ տարին նրան այդպես էլ ավելի հասուն չդարձրեց: Վերջին տարիներին Բարտոնը դարձել է Twitter-ի ակտիվ օգտատեր, որտեղ իր հաղրոդագրություններում հասցնում է վիրավորել Բրազիլիայի ազգային հավաքականի ավագ Տյագո Սիլվայից մինչև Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաներին: Իսկ խաղադաշտում համարձակվում էր ծաղրել Իբրահիմովիչին:

Ամեն դեպքում, Բարտոնի ինքնակենսագրականում ֆուտբոլիստը ներկայանում է որպես շատ ավելի հետաքրիր կերպար:

3. Ջոն Թերի

«Չելսիի» խորհրդանիշը համարվում է անգլիական ֆուտբոլում արդեն դասական դարձած «վատ տղայի» օրինակ: Խաղադրույքներ, ալկոհոլ, ռասիստական արտահայտություններ Անգլիայի հավաքականի իր խաղընկեր Ռիո Ֆերդինանդի եղբոր հասցեին և կանայք, ընդ որում, վերջիններիս զգալի մասը եղել են իր նախկին խաղընկերների ընկերուհիները կամ կանայք: Մինչև հիմա շատերը Թերրիին հիշելուց առաջին հերթին հիշում են նրա նախկին ընկերոջ՝ Ուեյն Բրիջի կողմից նրա ձեռքը չսեղմելու դրվագը. պատճառը, իհարկե, այն էր, որ Բրիջի կինը դավաճանել էր իրեն Թերիի հետ:

2. Պեպե

Եթե Բուսկետսը համարվում էր Բարսային ատողների գլխավոր պատճառը մարմնացնողը, ապա պորտուգալական անձնագրով Պեպեին կարելի է դասել ֆուտբոլում երբևիցե եղած ամենակեղտոտ խաղացողների շարքին: Պեպեն վերածվում էր իրական հրեշի հատկապես «սուպերկլասիկոների» ժամանակ, երբ մոտ էր, որպեսզի կիսեր Ալվեսի ոտքը, կամ երբ «պատահական» կանգնում էր Մեսսիի ոտքին: Բայց, իհարկե, առանձնակի պետք է հիշատակել «Խետաֆեի» դեմ խաղում տեղի ունեցածը, երբ նա պարզապես հարվածում էր գետնին ընկած Կասկերոյին: Թվում է, որ եթե չլիներ «սերուցքայինների» դիրքը համաշխարհային ֆուտբոլում, նա վաղուց կարող էր ցմահ որակազրկվել:

1. Լուիս Սուարես

«Լիվերպուլի» և ուրուգվայի հավաքականի հարձակվողը իր ոչ սպորտային արարքներով աչքի էր ընկնում դեռևս «Այաքսում», բայց պարզ է, որ «Էրդեվիզիան» այնքան հնչեղ չէ, որքան «Պրեմիեր լիգան» կամ «Մունդիալը»: 2010-ին Սուարեսը իր հավաքականին փրկեց Գանայի դեմ խաղում` վերածվելով դարպասապահի, իսկ հետագայում հետևեց, թե ինչպես է Ասամոա Գյանը վրիպում 11 մետրանոցից: Իսկ «Մանչեստեր Յուանյթեդ» — «Լիվերպուլ» խաղի ժամանակ Պատրիս Էվրային մի քանի անգամ անվանեց «նեգրո»` հետագայում հայտարարելով, որ իր հայրենիքում «նեգրո» են  անվանում նույնիսկ իրեն: Իսկ անցյալ մրցաշրջանում Սուարեսը պարզապես որոշեց կծել Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը: Սուարեսին համարում են նաև հիանալի «սուզվող», ինչին ինքը` խաղացողը, պատասխանում է այդ խոսակցությունները ծաղրող գոլի տոնակատարությամբ:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպաններին’
Հաջորդ հոդվածը‘Դատավորն ստիպված է եղել ընդհատել Մուրսիի դատավարությունը’