‘Ամենամեծ «պայթյունները» հաջորդում են վակուումներին. iLur.am-ի Ամանորյա ուղերձը ‘

2371

iLur.am-ի սիրելի ընթերցողներ

 

Այսօրվանից iLur.am-ի աշխատակազմը մեկնում է արձակուրդի, եւ կայքը կթարմացվի արձակուրդային ռեժիմով: Կայքն իր լիարժեք աշխատանքը կվերսկսի հունվարի 7-ից: Եթե, իհարկե, մինչ այդ երկրում տեղի չունենան անկանխատեսելի իրադարձություններ:

Սակայն մինչ այդ կայքի ողջ խմբագրությունը ցանկանում է դիմել ձեզ` ամանորյա փոքրիկ ուղերձով:

Սիրելի ընթերցողներ, անցնող տարին հեշտ տարի չի եղել: Որեւը մեկը երաշխիք չի տալիս, որ եկող տարին հեշտ կլինի: Բայց եթե մենք ցանկանում ենք, որ մեր երկրում փոփոխություններ լինեն, մենք չպետք է հուսահատվենք դժվարություններից: Անշուշտ, անցնող տարում շատ իրադարձություններ եղան, որոնք այդ փոփոխությունները բերելու հույսի առումով կարեւոր էին, սակայն, ի վերջո, շատերը` այդ փոփոխությունները կապում էին հենց նախագահական ընտրությունների, եւ այդ ընտրություններում ընդդիմության առաջնորդի առաջադրման հետ: Եւ այսօր դեռ կան այն տեսակետի կրողները, որ եթե այդ առաջադրումը տեղի չի ունեցել, ուրեմն, պայքարը` հանուն ավելի լավ Հայաստանի կարելի է համարել ավարտված, եւ մեկնել երկրից:

Ոչ: Չառաջադրումն ընդամենը մեծ պայքարի մի փոքրիկ հատվածն է միայն, ինչը ամենեւին էլ չի նշանակում, որ ամեն ինչ պետք է համարել ավարտված, եւ հիասթափվել, հուսալքվել, կամ առավելեւս` թողնել ու հեռանալ երկրից: Պայքարը շարունակվում է, պայքարը դեռ չի ավարտել: Հենց մենք այս ամենը գիտակցեցինք, ու չվհատվեցինք, ուրեմն, այն Հայաստանը, որի համար մենք պայքարում ենք, շատ ավելի շուտ կգա:

Եւ եթե մենք այս ամենին նայենք ավելի գլոբալ առումով, ապա կհասկանանք, որ նախագահական ընտրությունները այս հարցում ընդամենը մի փոքրիկ կետ է, մի փոքրիկ հանգրվան, որի ընթացքն էլ,ի դեպ, ամենեւին չի կարելի կանխատեսելի համարել: Որեւէ մեկը չի հայտարարել հանուն Հայաստանի ապագայի պայքարից հրաժարվելու մասին` ոչ նախագահ Տեր-Պետրոսյանը, ոչ ընդդիմադիր գործիչները, ոչ ակտիվիստները, ոչ ՀՀ քաղաքացիները: Սա պետք է հստակ արձանագրել եւ գիտակցել, ու Ամանորյա տոներից հետո լծվել  պայքարին: Այո, հեշտ չի լինելու: Այո, իշխանությունները ՀՀ քաղաքացիների դեմ գրոհում են բոլոր հնարավոր ուղղություններով: Այո, իշխանությունները ունեն հսկայական քարոզչամեքենա, ուժային եւ այլ զսպիչ կառույցներ: Բայց: Իշխանությունը չունի այն, ինչ ունեն իրենց իրավունքների համար պայքարող ՀՀ քաղաքացիները. ազնվություն, զրկանքներ կրելու պատրաստակամություն, հավատարմություն սեփական սկզբունքներին, կամք, եւ հավատքն առ վաղվա օրը: Իշխանության ներսում առկա քաղաքական ճգնաժամն ու երկրի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, որն իշխանությունները փորձում են անարդյունք քողարկել, հստակ ցույց է տալիս, որ սեփական ամբողջականության գոյությունը երկարաձգելու համար` իշխանական մեքենան սկսել է խժռել յուրայիններին: Դա մի գործընթաց է, որը գործում է դանդաղ գործողության ռումբի պես, եւ որտեղ նախագահական ընտրությունների ընթացքն ու արդյունքներն անգամ չեն կարող էական նշանակություն ու դերակատարություն ունենալ: 5 տարվա համաժողովրդական պայքարի արդյունքնում ՀՀ քաղաքացիներին հաջողվել է թուլացնել իշխանական մեքենայի բոլոր պտուտակները: Սա մի կարեւոր հանգամանք է, որտեղ իշխանություններին չեն օգնի ոչ ընտրակեղծիքները, ոչ վարչական ռեսուրսները, ոչ ուժային կառույցները:

Ու եթե կան մարդիկ, որոնց թվում է, որ երկրում այժմ քաղաքական վակուում է, ապա պետք է հիշել` ամենամեծ «պայթյունները» հաջորդում են հենց վակուումներին:

Ազատ եւ անկախ Հայաստանի մաղթանքով` iLur.am-ի խմբագրակազմ: 

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան. «Մենք թույլ ենք տվել երկու խոշոր սխալ, առաջինը երկխոսությունն էր»’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Մեռելոց է’