‘Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սերբիայի արտաքին գործերի նախարարին’

859

Մարտի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սերբիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Իվան Մրկիչի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից, հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ հայ և սերբ բարեկամ ժողովուրդների պատմական ընդհանրություններին և ներկայիս մարտահրավերներին` մասնավորապես ընդգծելով երկու ժողովուրդների հոգևոր-մշակութային, նաև քաղաքական կյանքում Հայ Առաքելական ու Սերբ Ուղղափառ Եկեղեցիների ունեցած բացառիկ դերակատարությունը:

Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց երկու պետությունների միջև առավել սերտացող հարաբերությունները` շեշտելով, որ իբրև հարությանը հավատացող ժողովուրդներ` պետք է լավատեսության ոգով դիմագրավել ներկայիս դժվարությունները:

Իր հերթին Սերբիայի Արտաքին գործերի նախարարն Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Իրենեոս պատրիարքի եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները, ապա ներկայացրեց այցի ընթացքում արձանագրված արդյունքները, անդրադարձավ երկու ժողովուրդների կյանքում առկա նույնական խնդիրները համատեղ, գործակցության ոգով հաղթահարելու անհրաժեշտությանը:

Զրույցի ընթացքում խոսվեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև երկու երկրների հոգևոր կյանքի, սոցիալ-տնտեսական խնդիրների մասին: 

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Դավիթ Բեկի փողոցում. տուժածի առողջական վիճակը ծանր է’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանը գործի կդնի տասն արբանյակներ՝ անհետացած օդանավի որոնմանը մասնակցելու համար’