‘Ամերիկահայ նկարչի գործերը հետմահու գնահատվել են 30 մլն դոլար (Ֆոտոշարք)’

2330

Այս օրերին Լոս-Անջելեսի արվեստասեր հասարակությանը հուզող ամենահետաքրքիր թեման, թերեւս, Բըրբանկի Սուրբ Ղեւոնդ մայր տաճարի Զորյան թանգարանում բացված ցուցահանդեսն է: Այն իսկական հայտնություն է ոչ միայն տեղի հայության, այլեւ ամերիկյան հասարակության համար: 

Պատմությունը իսկապես շատ հետաքրքրական է: Արթուր Փինաջյանը տարիներ ապրել է համեստ ծաղրանկարչի առօրյայով, անհայտության մեջ՝ ամբողջովին նվիրվելով գեղանկարչությանը, չակնկալելով որեւէ գնահատանք ու մեծարում: Մահից առաջ նա նույնիսկ խնդրել է քրոջը` Արմենին /որի հետ ապրում էր/, քաղաքային աղբանոցը նետել իր բոլոր աշխատանքները: Բարեբախտաբար, քույրը չի լսել նրան: Արմենի մահից հետո տունը վաճառքի է հանվում: Լորենս Ջոզեֆը` հանրահայտ «Ապոկալիպսիս 2012» – ի հեղինակը, որոշում է գնել մահացած նկարչի տունը: Եվ ահա նա զարմանքով հայտնաբերում է որ գնվելիք տան ձեղնահարկն ու փոքրիկ ավտոտնակը լիքն են կտավներով: Առանց ժամանակ կորցնելու՝ Լորենս Ջոզեֆը հրավիրում է գեղանկարչության գիտակների ու արվեստաբանների, ովքեր գեղանկարները հայտնություն են հայտարարում ամերիկյան արվեստի համար: 

Արվեստի պատմության ամերիկացի հայտնի տեսաբան Վիլյամ Հոմերը գեղանկարչի աշխատանքներին ծանոթանալուց հետո ասել է. «Փինաջյանի գեղանկարներն անդրադարձնում են արվեստագետ հանճարի աղոտ, միեւնույն ժամանակ շողշողուն ոգին»: Ամերիկացի քննադատները Փինաջյանին համեմատում են Արշիլ Գորկու հետ, որը համարվում է աբստարկտ իմպրեսիոնիզմի հիմնադիրը ամերիկյան գեղանկարչության մեջ:

Փինաջյանի ընտանիքը եւս Մեծ եղեռնի զոհերից է եղել, որ ապաստան է գտել ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում: Ինքը ծնվել եւ ապրել է Նյու-Յորքում: Կյանքի վերջին տարիներին նա քրոջ հետ տեղափոխվել է Բելլպորտ` «Լոնգ այլենդ», եւ օվկիանոսին մոտիկ, մենության մեջ շարունակել ստեղծագործել:

Ընդհանուր առմամբ հայտնաբերված նկարները գնահատվել են 30 մլ դոլար:

Աղբյուրը` hayernaysor.am, Newsru.com

Նախորդ հոդվածը‘Ալեքս Ֆերգյուսոն. Ես գիտեի, որ Չաքիրը անգլիական թիմերին յոթ կարմիր քարտ էր ցույց տվել’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ մարտի 9-ին սպասվող իրադարձությունները’