‘Ամերիկացի բայքերին հուղարկավորել են մոտոցիկլետին նստած’

854

Ամերիկյան Օհայո նահանգում վախճանված բայքերի ընտանիքը կատարել է իր հարազատի վերջին ցանկությունը և նրան հողին է հանձնել  իր սիրելի Harley-Davidson մոտեցիկլետին նստած, հաղորդել է Associated Press-ը:

Ստաժավոր բայքեր Բիլլի Սթենդլին թոքերի քաղցկեղից մահացել է 82 տարեկան հասակում: Բացատրելով իր տարօրինակ ցանկությունը՝ Սթենդլին նշել է, որ բայքը եղել է միակ բանը, որն իր մեջ պահպանել է կիրքն արկածների հանդեպ՝ այն բանից հետո, երբ նա ընտանիք է կազմել ու չորս զավակների հայր դարձել:

Ընդ որում՝ Սթենդլին  ինքն է սկսել նախապատրաստել իր հուղարկավորությունը: Նա գնել է կնոջ գերեզմանին կից երեք լրացուցիչ հողակտորներ և որդիների հետ միասին թափանցիկ դագաղ է պատրաստել: Ընկերներին պատմելով իր մտահղացման մասին՝ նա ասել է, որ  ուզում է ոչ թե սոսկ մոտոցիկլետով համբարձվել երկինք, այլ դա այնպես անել, որ ողջ աշխարհը տեսնի:

Ուրբաթ օրը նա հուղարկավորվել է ըստ կտակի՝ մոտոցիկլետին նստած, սև կաշվե կոստյումով, սպիտակ սաղավարտով, ակնոցով ու ձեռնոցներով: Բայքերն ամուր «նստած է» եղել մոտոցիկլին, ղեկը բռնած, և միայն փակ աչքերն ու գունատ դեմքն են մատնել, որ նա հանգուցյալ է, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ավստրիական մամուլ. Պաշտոնաթող Ազարովը մեկնել է Վիեննա և մտադիր է «երկար մնալ այնտեղ»’
Հաջորդ հոդվածը‘Հիվանդանոցում փորձել են ձերբակալել «Ավտոմայդանի» առաջնորդին’