Ամերիկյան քաղաքագետների կանխատեսումները ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ

262

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, կատաղի մրցակցության չի հանդիպի Դեմոկրատական կուսակցության առաջիկա փրայմերիզում, սակայն հազիվ թե հաղթանակ տանի իր նախորդի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի նկատմամբ 2024 թ․ առաջիկա ընտրություններում, կարծում են РИА Новости-ի հարցմանը մասնակցած քաղաքագետները։

Gallup սոցիալական ծառայության՝ նախորդ օրն անցկացված հարցումների համաձայն՝ Բայդենի վարկանիշը ամերիկացիների շրջանում այս ամիս հասել է նվազագույնի՝ նրա պաշտոնակալության պահից․ հարցվածների ընդամենը 37 %-ն է հավանություն տալիս Բայդենի աշխատանքին պետության ղեկավարի պաշտոնում, հակառակ կարծիքի է հարցվածների 59 %-ը։

Վաշինգտոնում տեղակայված Եվրասիական կենտրոնի փոխնախագահ Էռլ Ռասմուսենի կարծիքով՝ Բայդենը «սխալ որոշում է կայացրել՝ պաշտոնապես հայտարարելով 2024 թ․ ընտրություններին մասնակցելու մասին»։ Իր կարծիքը վերլուծաբանը հիմնավորում է Բայդենի տարիքով և վերջին շրջանում նրա կոգնիտիվ կարողությունների նկատմամբ հնչող մտավախություններով։ Միևնույն ժամանակ, Ռասմուսենը չի բացառում, որ դեմոկրատական շրջանակներից դուրս մեկ այլ մրցակից կարող է հայտնվել, բայց նա հազիվ թե կարողանա ստանալ իշխող վերնախավի լուրջ աջակցությունը։

Ինչ վերաբերում է Դոնալդ Թրամփի մրցակիցներին, ապա Էռլ Ռասմուսենը կարծում է, որ  Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը «լավ նահանգապետ է, նա հետևորդներ ունի, բայց չունի փորձ միջազգային գործերում և այնպիսի հմայք, ինչպիսին ունի Թրամփը»։

Նույն կարծիքին է պահպանողական քաղաքական վերլուծաբան Չարլզ Օրթելը, որը նշում է, թե «ընդհանուր առմամբ՝ Բայդենը քիչ շանսեր ունի հաղթելու Թրամփին»։ «Եթե միայն Թրամփը չկալանավորվի ծանր հանցանքների համար, ես վստահ եմ, որ նա հեշտությամբ կհաղթի Բայդենին 2024 թ․», հայտարարել է Օրթելը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊուտինը Ռուսաստանն անվանել է քաղաքակրթության երկիր
Հաջորդ հոդվածըATP. Դանիիլ Մեդվեդեւը տարավ 300-րդ հաղթանակը