‘ԱՄՆ-ի և Եգիպտոսի հարաբերությունները սրվել են’

924

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Նաբիլ Ֆահմին Կահիրեի և Վաշինգտոնի հարաբերությունները բնորոշել է որպես «խնդրահարույց»: Ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում՝ նա հայտարարել է, որ անցած ցնցումներից հետո իր երկիրը վերանայում է համաշխարհային տերությունների հետ իր փոխհարաբերությունները: «Նման իրավիճակի պատճառները բազմաթիվ են: Վերջին մի քանի տարիներին մեր երկրում երկու հեղափոխություն է տեղի ունեցել: Այժմ եգիպտացիներն իրենց ինքնությունը հաստատելու գործընթացի մեջ են, իսկ դա, իր հերթին, ազդում է այլ երկրների հետ փոխհարաբերությունների վրա: Այս դժվարին պահին Եգիպտոսի կառավարությունը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը և աշխատի իր կամքը չպարտադրել մարդկանց: Միևնույն ժամանակ՝ ամերիկացիների դիվանագիտական հարաբերությունների պրակտիկան այլ երկրների հետ ենթադրում է երկխոսություն կառավարության, այլ ոչ թե ժողովրդի հետ: Նրանք չգիտեն՝ ինչպես իրենց պահել մի երկրի ժողովրդի հետ, որը երկու տարվա ընթացքում երկրորդ անգամ փողոց է դուրս գալիս և բացեիբաց արտահայտում է իր կամքը»,- ասել է Ֆահմին: Նախարարը բարձր է գնահատել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի և  Քաթարի հետ: Որոշ տվյալների համաձայն՝ Քաթարը և Սաուդյան Արաբիան Եգիպտոսին արդեն առաջարկել են իրենց աջակցությունն այն դեպքում, եթե Սպիտակ տունը դադարեցնի տարեկան 1,5 միլիարդ օգնությունը:

Շատ վերլուծաբանների կարծիքով՝ Սպիտակ տունը նպատակ ունի Եգիպտոսի հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որպեսզի Կահիրեն կատարի Իսրայելի հետ խաղաղության պայմանագրի բոլոր պայմանները, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Դել Պիերո. Շատ ուրախացա, երբ լսեցի որ Տոտտին երկարաձգել է իր պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘Թատրոնը մեր օրերում’