‘ԱՄՆ-ն Հայաստանին 43 մլն դոլարի օժանդակություն կտրամադրի’

826

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված փոխառության համաձայնագրին, ըստ որի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 7 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որը կուղղվի Երևանի ջրամատակարարման բարելավմանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է Միացյալ Նահանգների դեսպանի հետ և քննարկել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանն առնչվող բոլոր խնդիրները: «Այս երկու որոշումները, որ ընդունում ենք, մեզ հնարավորություն են տալիս ստորագրել համաձայնագիրը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ունենալ շուրջ 43 մլն դոլարի օժանդակություն:

Մենք ԱՄՆ ՄԶԳ-ին խնդրել էինք, որպեսզի գյուղատնտեսության միասնական ռեգիստրի ձևավորման համար մեզ ֆինանսական օժանդակություն տրամադրվի: Հիշում եք, որ մենք հաստատեցինք այդ ծրագիրը: Սա բավականին մեծածավալ ֆինանսական ներդրում պահանջող ծրագիր է՝ գյուղատնտեսության ոլորտում համատարած հաշվառում իրականացնելու համար, և ԱՄՆ ՄԶԳ-ն, Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել էին մեր խնդրանքին և մեկ մլն դոլար են հատկացրել այս աշխատանքների իրականացման համար: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել և դեսպանին, և Միացյալ Նահանգների կառավարությանն` այս օժանդակությունն օպերատիվ կերպով մեզ տրամադրելու համար»,- վարչապետի խոսքերն է մեջբերում կառավարության կայքը:

Նախորդ հոդվածը‘«Զիլ»-ը միտումնավոր հարվածել է նստացույց անողների մեքենաներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պատմուճաններդ պատովը տայիք’