‘Պատմուճաններդ պատովը տայիք’

1528

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը հերթական անգամ մերժեց քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Երեկ դատարանը մերժեց ոչ միայն փաստաբանի, այլեւ, ըստ էության, հանրությանը հայտնի ավելի քան 100 գործիչների երաշխավորությունը: Եւ այժմ մենք նորից նույն տեղապտույտի մեջ ենք՝ կարո՞ղ էր արդյոք դատարանը բավարարել միջնորդությունը՝ ներկայիս քաղաքական-դատական համակարգի պայմաններում: Եւ եթե այո, ապա ինչպե՞ս՝ կհարցնեք  երեւի դուք՝ ակնարկելով կամ գուցե եւ բացահայտ շեշտը դնելով այն հանգամանքի վրա, որ  Հայաստանում դատավորները հիմնականում իրենք իրենցով որոշումներ ու վճիռներ չեն կայացնում, նրանք միայն ընթերցում այն այն վճիռները, որոնք հրահանգվում են:

Ընդ որում՝ երբ հարցը քննարկում ենք «կարող են-չեն կարող»-ի դաշտում, ինքնըստինքյան՝ մի կողմ ենք թողնում Տիգրան Առաքելյանի «մեղավորության» հարցը, որովհետեւ նույնիսկ նրանց, ովքեր չեն կիսում նրա քաղաքական հայացքները, պարզ է, որ Տիգրան Առաքելյանը չի՛ գործել այնպիսի արարք, որի համար այսքան տարի պետք է բանտում անցկացներ, եւ անցկացնի: Հարցին փորձենք նայել միայն ու միայն դատարանի ու դատավորների տեսանկյունից:

Եւ այսպես՝ կարո՞ղ էր դատարանը, նախագահող դատավոր Եվա Դարբինյանի գլխավորությամբ, չմերժել միջնորդությունը: Կարո՛ղ էր: Կարող էր ոչ միայն այն պատճառով, որ Տիգրանն անմեղ է, եւ որ դատավորներն այդ քայլով ընդամենը պիտի կյանքի կոչեին այն երդումը, որ տվել էին դատավորներ կարգվելուց առաջ: Այլ նաեւ այն պատճառով, որ դատավորները, դատարանից դուրս, մարդիկ են, որոնք մյուս բոլոր մարդկանց պես զգացմունքներ ու խնդիրներ ունեն, ոնց էլ չլինի՝ կյանքում գոնե մեկ հոգու ցավի համար ցաված կլինեն, մեկի կորուստը՝ ողբացած, մեկի խնդիրներով տառապած: Եւ ցավ ապրած մարդը չի կարող չհասկանալ, որ մեկ այլ մարդ էլ իր գործողությունների արդյունքում անմեղ տեղը ցավ կապրի: Հետեւաբար, երբ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, դատավորները չէին կարող մի պահ անգամ իրենց մտքով չանցկացնել, որ իրենց արածն անմարդկություն է, չէին կարող գոնե մեկ վայրկյան մտքներով չանցկացնել՝ «իսկ եթե ազատե՞նք…»:

Կարո՞ղ էին արդյոք դատավորները չենթարկվել վերեւից եկած հրահանգին: Կարո՛ղ էին: Նախադեպ կա. Պարգեւ Օհանյանը «Ռոյալ Արմենիայի» գործով ապացուցեց, որ դատավորը կարող է չենթարկվել ապօրինի հրահանգին, ապացուցեց, որ դատավորը միայն դատավոր է, եւ ոչ թե իշխանությունների ձեռքի «չաքուջը», որով հարվածում են իշխանություններին ոչ հաճո մարդկանց ճակատին ու ճակատագրին:

Կարո՛ղ էին չենթարկվել, եթե կշեռքի մի նժարին դատավորի պատմուճանի պատիվը լիներ, մյուս կողմում՝ այդ պատմուճանը սեփական ուսերին ամեն գնով պահելու մոլուցքը կամ իշխանություններից եկած ճնշումները:

Կարո՛ղ էին: Նույնիսկ այն դեպքում, երբ գիտենք, թե ինչպես է իշխանությունը իրեն հպատակեցնում ոմանց՝ պինդ պահելով կոմպրոմատների փաթեթը, որը ցանկացած անհնզանդության դեպքում կարող է հրապարակվել: Կարո՛ղ էին, քանի որ նման որոշում կայացնելուց հետո անգամ տասնյակ կոմպրոմատների վերհանումը այլ կերպ կդիտարկվեր հանրության կողմից, եւ դատավորի քայլը կդիտարկվեր նաեւ որպես մի յուրահատուկ, նույնիսկ՝ ծիսական մեղայական հանրության առաջ, ու կոմպրոմատները ի չիք կդառնային մեկ րոպեում:

Կարո՛ղ էին, եթե անգամ այդ որոշումից հետո դատավորական եռյակը «անսպասելիորեն» ազատվեր պաշտոններից, կամ «բռնվեր» կաշառք վերցնելու պահին: Որովհետեւ բոլորը կհասկանային, որ այս հարցում պատահականություններ չեն լինում, եւ դատավորների ազատումը կամ ազատազրկումը է՛լ ավելի մեծ ռեզոնանս կունենար: Եթե կուզեք՝ հերոսանալու հնարավորություն ունեին դատավորները արդեն քանի անգամ, եւ այդ պահը չօգտագործեցին:

Կարո՛ղ էին: Խնդիրն այն է, սակայն, որ այդ պարագայում իրենք էլ մի փոքր պետք է դիմանային դժվարություններին՝ փոխարենը ստանալով հասարակության կողմից վաղուց կորսված, իսկ գուցե նաեւ երբեք էլ չեղած համակրանքն ու աջակցությունը:

Կարո՛ղ էին, եթե անգամ մտածում էին, թե ի՞նչ տարբերություն, եթե «մենք այսօր դա չանենք, մեր փոխարեն դա կանեն ուրիշները»: Նաև հենց ա՛յդ պատճառով  կարող էին. իրենք գոնե չէին լինի այդ մուրճը, որով պետք է հերթական մեխը խփեին այս գործում: Թող ուրիշները հանդես գային մուրճի դերում, թող մուրճ չլինելու նախադեպ ստեղծեին, գուցե նրանցից հետո գործը քննող դատավորներն էլ մուրճ չլինելու ցանկություն դրսեւորեին: Ի վերջո, ամենամեծ հերոսը հենց առաջինը հերոսություն անողն է, ամենաիսկական հերոսը առաջինը «ե՛ս եմ Սպարտակը» գոռացողն է, նրան հետո միացողների համար ավելի հեշտ է լինում: Եւ դատավորներից ոչ մեկը չհամարձակվեց առաջինը գոռալ. «Ե՛ս եմ Սպարտակը»:

Եւ ի վերջո, կարո՛ղ էին՝ Լիսկայի մարդասպան զավակին ազատություն «շնորհելու» խարանը իրենց ճակատից փոքր-ինչ մաքրելու համար թեկուզ:

Բայց սա ուրիշ Հայաստան է, սա Հայլուրի արդար Հայաստանը չէ, այստեղ Լիսկաների մարդասպան զավակները ազատության մեջ են հայտնվում, իսկ նրանց փոխարեն ճաղերի հետեւում են հայտնում այլ Տիգրաններ՝ անմեղ Տիգրաններ: Ու թող նրանցից ոչ մեկը չասի՝ «իսկ ի՞նչ անեինք…»:

Պատմուճաններդ պատովը տայիք….

Քրիստինե Խանումյան

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն Հայաստանին 43 մլն դոլարի օժանդակություն կտրամադրի’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիան երկու միլիարդ եվրո է հատկացնում Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու համար’