‘ԱՄՆ-ում գողացել են Ստրադիվարիուսի՝ 18-րդ դարի ջութակը’

791

Ամերիկյան Միլուոքի քաղաքում ՝ Վիսքոնսին նահանգ, գողացել են Անտոնիո Ստրադիվարիուսի ջութակը, որը վարպետը պատրաստել է 1715 թ., այսօր հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը:

 Թանկարժեք գործիքը պատկանում է  քաղաքի ազդեցիկ բնակիչներից մեկին, որն այն օգտագործման էր հանձնել սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակ Ֆրենկ Ալմոնդին: Երկուշաբթի երեկոյան կողոպտիչը էլեկտրաշոկերով հարձակվել է Ալմոնդի վրա, խլել ջութակը և նստելով իր հանցակցի ավտոմեքենան՝ սլացել անհայտ ուղղությամբ:

Ստրադիվարիուսի ջութակները գնահատում են ինչպես երաժիշտները, այնպես էլ հավաքորդները: Անցյալ տարի վարպետի ջութակներից մեկն օնլայն աճուրդում վաճառվել է 2,3 միլիոն դոլարով:

Ստրադիվարիուսի ջութակները մեծ պահանջարկ են վայելում նաև կողոպտիչների շրջանում: Վերջին դեպքը տեղի է ունեցել 2010 թ. նոյեմբերին. 1696 թ. պատրաստված գործիքն իր պատյանով և աղեղով հանդերձ՝ գողացել էին հարավկորեացի հայտնի ջութակահար Մին Չին Կիմից: Միայն ջութակի աղեղը, որը 19-րդ դարի նշանավոր վարպետ Դոմինիկ Պեկատեի ձեռքի գործն էր, գնահատվում էր 97,5 հազար դոլար: Ջութակը հայտնաբերվեց միայն 2013 թ. հուլիսին: Բրիտանական ոստիկանությունն այն հայտնաբերել էր Անգլիայի կենտրոնում գտնվող շենքերից մեկում: Ջութակը և աղեղը վնասված չէին, փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը կմեկնի Չեխիա’
Հաջորդ հոդվածը‘Ալյասկայում հսկայական ձնակույտերը փակել են մայրուղին. Ֆոտո’