‘ԱՄՆ-ում քննարկում են համաշխարհայն շուկա գազի արտահանման խնդիրը’

997

Ամերիկայի միացյալ նահանգները գազ կարտահանի այնքան, որքան կուզենա եւ որքան կկարողանա, գրում է ռուսական Коммерсантъ-ը: Արտահանման ծավալները կորոշի շուկայի պահանջարկը, ոչ թե պետական կարգավորիչները:

Ամերիկական բնական թերթաքարային գազի արտահանման խնդրի շուրջ վեճը բացառապես կոմերցիոն բնույթ է կրում, գրում է պարբերականը: Մի կողմից, գազ արտադրողները ներքին շուկայում առկա ցածր գների պայմաններում ձգտում են արտադրանքն իրացնել արտերկրում, հիմնականում` Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մյուս կողմից` ներքին շուկայում ցածր գները բարձրացնում են ներքին սպառման պահանջարկը:

Արտահանման ծավալների աճի դեմ հանդես եկող ընկերությունների միավորումը պնդում է, որ պետք է էժան գազով ապահովել նախ ամերիկյան տնտեսությունը:

Այնուհանդերձ, ԱՄՆ-ում գազի արդյունահանման աճը շարունակվում է: ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչությունը կանխատեսում է, որ 2013-ին արդյունահանման ծավալները կհասնեն ռեկորդային ցուցանիշի` տարեկան 723 միլիարդ խորանարդ մետրի:

Համեմատության հմար նշենք, որ ռուսաստանյան մենաշնորհատեր «Գազպրոմը» 2012 թվականին ընդհանուր առմամբ 655 միլիարդ խորանարդ մետր գազ է արդյունահանել:  

Նախորդ հոդվածը‘Անրի Ռենո. Carrefour-ի`հայաստանյան շուկա մուտք գործելու շուրջ բանակցություններ են ընթանում ‘
Հաջորդ հոդվածը‘Լիլիթ Գալստյան. Քայլ առ քայլ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը ‘