‘ԱՄՆ պետքարտուղարն Իրանին կոչ է արել ճիշտ որոշում կայացնել’

824

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեկ, նոր պաշտոնում՝ իր առաջին մամլո ասուլիսում  Իրանին կոչ է արել ճիշտ որոշում կայացնել միջուկային ծրագրի կապակցությամբ, հաղորդում է France-Presse գործակալությունը: Ըստ Քերիի՝ արևմտյան երկրների և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացումն ամբողջապես կախված է Թեհրանի կատարած ընտրությունից: Այսպես, եթե Իսլամական Հանրապետությունը որոշի ընդարձակել իր միջուկային ծրագիրը, ապա Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն, և երկիրը «ավելի մեծ մեկուսացման» մեջ կհայտնվի: Սակայն եթե Իրանի իշխանությունները առաջիկայում Ղազախստանում կայանալիք բանակցություններում հստակ հաշվետվություն ներկայացնեն միջուկային ծրագրի վերաբերյալ, ապա ԱՄՆ-ը պատրաստ է խնդրի դիվանագիտական լուծմանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Ղազախստանում պետք է կայանա Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր ռաունդը: Բանակցություններին մասնակցելու են «վեցյակի» երկրները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա:  

Նախորդ հոդվածը‘Չիլիի իշխանությունները որոշել են արտաշիրմել Նոբելյան մրցանակակիր Պաբլո Ներուդայի աճյունը’
Հաջորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 11-ին կհանձնի արյան և այլ անալիզներ’