‘Այն, ինչ չի կարելի օրենքի երկրում. Մամուլ’

1147

«Հայկական ժամանակը» գրում է. «Նկարում՝ Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքը դիտարկած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հայդի Թալիավինին է: Տիկին Թալիավինին Երևանի փողոցներից մեկը հատում է միանգամայն ոչ օրինական ճանապարհով. անցնում է հետիոտնի համար չնախատեսված մասով՝ խախտելով երթևեկության կանոնները, ստեղծելով վթարային իրավիճակ, խոչընդոտելով երթևեկությունը…: Մի խոսքով, փողոցն անցնում է լրիվ հայավարի, մի բան, որ չի անի որևէ եվրոպական երկրում: Սա շատ խորհրդանշական է:

\"\"

Երեկ դեսպան Թալիավինիի ղեկավարած դիտորդական խումբն իր նախնական գնահատականն է հնչեցրել նախագահական ընտրությունների ընթացքի վերաբերյալ: «ՀՀ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ընղհանուր առմամբ լավ կազմակերպված էին և բնութագրվում էին հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ»,- ասված է այդ գնահատականում: ԵԱՀԿ/ժՀՄԻԳ-ի դիտորդների աչքից, բնականաբար, չեն վրիպել բազմաթիվ ընտրախախտումները, կաշառք բաժանելու, ընտրողներին տեղամասեր տանելու դեպքերը, որոնք տեղ են գտել զեկույցում, սակայն, ինչպես հայտնի է, այս փաստաթղթում ամենակարևորը առաջին նախադասությունն է և այդ նախադասության մեջ ասվում է, որ ընտրություններն անցել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ: Դեռ մի կողմ թողնենք, որ սա անհասկանալի ձևակերպում է, որովհետև չի տալիս հետևյալ հարցերի պատասխանը, արդյո՞ք ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ էին և արդյո՞ք համապատասխանում էին ժողովրդավարական չափանիշներին, արտահայտում Հայաստանի ընտրողների կամքը:

Իրականում Հայաստանի ընտրություններում մարդու և ընտրողի հիմնարար ազատությունները հարգվել են այնքան, որքան որ եվրոպացի այս պաշտոնյան հարգում է երթևեկության կանոնները: Բան չունենք ասելու, հարգանքի դրսևորում կա. նա չի դադարեցնում երթևեկությունը, չի բռնանում վարորդների մեքենա վարելու իրավունքի վրա, պարզապես իր համար խելոք քայլում է փողոցի այն հատվածում, որտեղ ուղղակի գտնվելու իրավունք չուներ: Ճիշտ այդպես էլ անցել են նախագահական ընտրությունները, իշխանության ներկայացուցիչները գտնվել են այնտեղ, որտեղ իրավունք չունեին գտնվելու, արել են գործողություններ, որ իրավունք չունեին անելու: «Միաժամանակ, հանրային կառավարման անաչառության պակասը, վարչական միջոցների չարաշահումը և ընտրողների վրա կիրառվող ճնշումը մտահոգության առարկա են», «միջամտություններ են նկատվել ընտրական ընթացքի վրա հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից, և որոշ լուրջ խախտումներ են դիտարկվել», «քարոզարշավը ընդհանուր առմամբ սահմանափակ էր», «վարչական ռեսուրսների չարաշահումը, այդ թվում ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը, գործող նախագահի քարոզչական միջոցառումներին պետական պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաև պետական և ինքնակառավարման մարմինների կողմից զբաղեցրած շենքերում նախընտրական շտաբերի գտնվելու մի քանի դեպքերը աղավաղել են պետության և իշխող կուսակցության բաժանումը…»,- և այնուամենայնիվ, նման ու բազմաթիվ այլ խախտումներ են արձանագրել դիտորդները, ում համար, սակայն, այս ամենը նորմայի մեջ է, այնպես, ինչպես Երևանում երթևեկության կանոնները խախտելը:

Երեկ բազմաթիվ միջազգային ԶԼՄ-ներ նույնպես անդրադարձել են ՀՀ նախագահական ընտրությունների որակին: «Al Jazeera»-ն, ընտրությունների արդյունքները հրապարակելով, նշել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձինք քվեարկության օրն ահազանգել են մի շարք ընտրախախտումների մասին, օրինակ անձնագրերում դրված կնիքի թանաքի ժամանակից շուտ անհետացումը, ինչը հնարավորություն է տվել բազմաթիվ անգամներ ընտրել: Հայտնի այս հեռուստաընկերությունը նաև արձանագրել է, որ ՀՀ-ում «իշխանամետ ընտրողները» տաքսիներով ու ավտոբուսներով ընտրատեղամասեր են տարվել: «France-Presse»-ը գրել է. «Հայաստանի նախագահը հաղթում է վիճահարույց ընտրություններում», և արձանագրել, որ ընտրությունների ելքը կանխատեսելի էր դեռ 2012-ի դեկտեմբերին, երբ ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանն ու ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեցին, որ չեն մասնակցելու ընտրություններին: Գործակալությունն ընդգծել է, որ ընտրությունները մթագնել են ուժեղ ընդդիմության բացակայությունը և նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված խորհրդավոր մահափորձը:«Reuters»-ը տեղեկացրել է, թե նախագահական ընտրությունները մթագնել են քվեարկության օրը տեղի ունեցած մեքենայությունների մասին մեղադրանքներն ու դրանց ոչ մրցակցային լինելը: «The New York Times»-ը, նշելով, թե Սերժ Սարգսյանը հեշտությամբ հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում, արձանագրել է. «Սարգսյանի կուսակցությունը որոշակիորեն ոչ պատշաճ ձևով է կիրառել պետական ռեսուրսները, ինչը սովորական քննադատություն է հետխորհրդային հանրապետություններում գործող նախագահի թեկնածուների հասցեին»»:

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային նորաձևության հայկական հետքը (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Այսօր հանդես կգան հայտարարությամբ. Մամուլ’