‘Այսօր ծնվել են Էդգար Ալան Պոն եւ Սառա Ուիթմանը, բայց «ագռավն ասաց՝ Nevermore» ‘

2364

Երբ մեծ գրողը ծնվեց (1809-1849) ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում, նրանից ուղիղ վեց տարի առաջ բանաստեղծ, էսսեիստ Սառա Ուիթմանն արդեն հասցրել էր ծնվել (1803-1878) Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում։

Սառան եւ բանաստեղծ Ջոն Ուիթմանն ամուսնացան 1828-ին եւ միասին ապրեցին ընդամենը հինգ տարի (Սառայի ամուսինը մահացավ 1833-ին), իսկ Էդգարն ու 13-ամյա Վիրջինիան, որն, ի դեպ, գրողի հարազատ հորաքրոջ դուստրն էր՝ 1836-ին։ Նրանց համատեղ կյանքը 12 տարի տեւեց, Էդգարի 25-ամյա կինը թոքախտից մահացավ 1847-ին։ Երկու ընտանիքներում էլ երեխաներ չծնվեցին։

Ասում են՝ Էդգար Պոն ծանր է տարել Վիրջինիայի մահը եւ իր վիշտը փորձել է մեղմել հարբեցողությամբ եւ զանազան կանանց գրկում։ Կասկածի հիմք չունենք՝ երեւի թե ծանր է տարել։ Իսկ ահա հարբեցողությունն ու այլ կանանց հետ սիրային արկածներն Էդգար Պոյին խորթ չէին նաեւ Վիրջինիայի կենդանության օրոք։

Սառան եւ Էդգարը հեռակա ծանոթ էին 1845 թվականից։ Այդ շրջանում գրական շրջանակներն զբաղված էին մեծ գրողի հռչակավոր «Ագռավը» բանաստեղծությունից մեջբերումներ անելով, եւ Սառային նույնպես դյութել էր նրա այդ չարագուշակ թռչունը։ Մինչեւ 1848 թվականն այս այրիացած զույգի սերը նամակագրությամբ էր սահմանափակված։ Այդ ընթացքում, իհարկե, Պոն ձեռքերը ծալած նստած չէր, շարունակում էր ե՛ւ հարբել, ե՛ւ օրերը լուսացնել զանազան եւ այլազան կանանց անկողիններում։ 1848-ի աշնանը նրանց հանդիպումը վերջապես կայացավ Փրովիդենսում։ Մի քանի օր անց՝ Էդգար Պոն ամուսնության առաջարկ արեց Սառային։ Նշանադրությունը կայացավ, բայց՝ մի պայմանով. Սառան պահանջեց, որ իր ապագա ամուսինն ընդմիշտ մոռանա իր անբաժան ընկեր բաժակի եւ նրա կործանարար պարունակության մասին։ Պայմանն ընդունվեց, պսակադրության օրը նշանակվեց։

Ավաղ։

Կարճ ժամանակ անց «ագռավն ասաց՝ Neveremore»: Սառա Ուիթմանն անստորագիր նամակ ստացավ՝ Էդգար Պոն անուղղելի հարբեցող է, տեսնողներ են եղել, խելքդ գլուխդ հավաքիր։ Սառան անհապաղ բացատրություն պահանջեց երդմնախախտ գրողից, նա էլ խոստովանեց՝ դե հա՛, սիրում եմ քեզ, բայց ախր առանց խմելու օրս օր չի։ Փաստորեն, Էդգարը պայմանը խախտեց, իսկ ահա Սառան՝ ոչ։ «Մեր պայմանը պայման է,- ասաց,- ես քեզ սիրում եմ, բայց՝ գնաս բարով»։

Նրանց բաժանումից հետո Էդգար Պոն ընդամենը մեկ տարի ապրեց։ Այս մեկ տարվա ընթացքում նա հասցրեց ամուսնության առաջարկ անել նաեւ մեկ այլ Սառայի։ Նրան հանդիպեց Ռիչմոնդում, վերհիշեցին միասին անցկացրած իրենց մանկությունն ու նույնքան մանկական սերը, բայց այս Սառան նույնպես պայման դրեց. «Կամ՝ ես, կամ՝ խմիչքը»։ «Իհարկե՝ դու»,- խոստացավ Էդգարը։ Եվ գուցե նույնքան անկեղծ խոստացավ, ինչպես՝ նախորդ Սառային։ Ապագա կնոջ հանգուցյալ ամուսինը մեծ կարողություն էր կտակել կնոջը, եւ վայրիվերումներով, ծանր կյանք ապրած գրողը գուցե իրոք ուզում էր խաղաղ եւ ապահով տանիքի տակ ապրել սիրված ու գրել՝ առանց մտածելու, թե որքան հոնորար կստանա հերթական տաղանդավոր ստեղծագործության համար։

Չստացվեց։ Այս անգամ էլ «ագռավն ասաց՝ Nevermore»: Հոկտեմբերի 3-ին 40-ամյա ամերիկացի մեծ գրողին, բանաստեղծին, էսսեիստին գտան երկաթգծի վրա անգիտակից ընկած։ Նա մահացավ չորս օր հետո՝ հասցնելով ասել միայն, որ իր կինը՝ Վիրջինիան, ողջ է, եւ որ՝ թողություն է խնդրում Աստծուց՝ իր թշվառ հոգու համար, իսկ թե ինչու եւ ինչպես էր հայտնվել Բալթիմորի կայարանում՝ իր կենսագիրների ուսերին թողեց զանազան վարկածներ հյուսելու բեռը։

Չնայած Սառա Ուիթմենը ողջ կյանքը վատառողջ էր, տառապում էր սրտային անբավարարությունից, բայց ապրեց 75 տարի եւ իր կյանքի մի ծանրակշիռ մասը նվիրեց այդպես էլ «ապագա ամուսին» մնացած Էդգար Պոյի դեմ որոշ գրաքննադատների հարձակումներին հակահարվածներ տալով։ Գրչով՝ իհարկե։

Ահա այսպիսի շատ ժլատ անդրադարձ՝ Էդգար Ալան Պոյի չափազանց հետաքրքիր, մութ, խորհրդավոր եւ տխուր կյանքի պատմությանը։

Նախորդ հոդվածը‘Ո՞վ և ի՞նչ հիմնավորմամբ է քանդել Արամի 30-ի շենքը’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիան» հաղթեց «Սպարտային». Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)’