‘Այսօր ծնվել է Պաբլո Էսկոբարը՝ զարհուրելի դաժան եւ «բարի» թմրակայսրը’

3227

Հենց ինքն է ասել. «Ինձ աստված համարեք, որովհետեւ եթե ինձ թվում է՝ ինչ-որ մեկին մահ է նախանշված, նա մեռնում է հենց այդ նույն օրը»։

Նա մարդկային պատմության մատյանում անմահացել է որպես 20-րդ դարի ամենադաժան հանցագործներից մեկը ո՛չ միայն Կոլումբիայում, այլեւ ողջ աշխարհում։ Սպանել է դատավորների, դատախազների, քաղաքական գործիչների, անմեղ մարդկանց, պայթեցրել է քաղաքացիական ինքնաթիռներ, ոստիկանական բաժանմունքներ, նրա զոհերի թիվը հատել է տասը հազարները, նա Կոլումբիան դարձրել էր ռազմական ճամբար, ավելի ճիշտ՝ համակենտրոնացման ճամբար, բայց… երիտասարդության եւ աղքատ բնակչության շրջանում մեծ հեղինակություն էր վայելում։ Նրա թաղման ժամանակ ոմանց սրտակեղեք հեկեկոցի ձայնը երկինք էր հասնում, իսկ ոմանք էլ խելակորույս նետվում էին նրա դագաղի վրա։ Ոմանց համար նա հրեշ էր, ոմանց համար էլ՝ Ռոբին Հուդ, լատինաամերիկյան երազանքի մարմնավորում։

Պաբլո Էմիլիո Էսկոբարը (1949-1993) ծնվել է Կոլումբիայի Ռիոնեգրո քաղաքում։ Հայրը ագարակատեր էր, մայրը՝ ուսուցիչ։ Դեռ մանկուց իր ժամանակի մեծ մասը փողոցում էր անցկացնում։ Պաբլոն ալկոհոլ չէր օգտագործում, բայց դպրոցական տարիքից մինչեւ մահ ծխել է կոլումբիական կանեփ։ Ընտանիքը փոխադրվում է Մեդելյին քաղաք, եւ այստեղ Պաբլոյի նախասիրած վայրը դառնում է հանցագործության բույն աղքատների թաղամասը։ Կարճ ժամանակ անց նրան հեռացնում են դպրոցից, եւ այս տղան, որ երազում էր «բանդիտոս» դառնալ, իր երազանքի հիմքը դնում է քաղաքի գերեզմանատանը. գողանում է շիրմաքարերը, ջնջում տապանագրերը եւ վերավաճառում։ Հետո վաճառում է ծխախոտ ու մարիխուանա, կեղծում է վիճակախաղի տոմսեր, իր փոքրիկ հանցախմբով ավտոմեքենաներ է գողանում եւ մասերը վաճառում։ Հետագայում ախորժակը մեծանում է՝ շանտաժի միջոցով դրամաշորթությանն է «նվիրվում»։

1971-ին Պաբլոյի «բանդիտոսները» առեւանգում են արդյունաբերող Դիեգո Էչեւարոյին եւ փրկագին պահանջում։ Հաջողության չեն հասնում եւ մի լավ խոշտանգելուց հետո խեղդում են իրենց զոհին եւ նետում աղբանոց։ Էսկոբարը հպարտությամբ հայտարարում է, որ ի՛նքն է սպանել Դիեգոյին։ Անպատիժ է մնում այդ հայտարարությունից հետո եւ դրանից ավելի է խանդավառվում ու որոշում է թմրաբիզնեսով զբաղվել։

1976-ին ամուսնանում է իր 18-ամյա ընկերուհու՝ Մարիայի հետ, մեկ ամսից ծնվում է նրանց որդին՝ Խուան Պաբլոն, իսկ երեքուկես տարի հետո դուստրը՝ Մանուելան։ Աղքատների համար էժանագին կացարաններ է կառուցում, իսկ իր 400-ից ավելի սիրուհիների համար (նախընտրում էր անչափահասներին)՝ փոքրիկ քաղաք, որ այնտեղ ապրեն ու սպասեն իրենց «պաշտելիին»։ Նրա թմրաբիզնեսն արագ զարգանում է Հարավային Ամերիկայում։ Հենց ի՛նքն է զբաղվում դեպի ԱՄՆ կոկաինի մաքսանենգությամբ։ Բահամյան կղզիներում նրա թմրաթրաֆիքի փոխբեռնման կետն էր, այստեղ կառուցում է խոշոր նավամատույց, մի շարք բենզալցակայաններ եւ բոլոր հարմարություններով ժամանակակից հյուրանոց։ Ոչ մի թմրավաճառ չէր կարող առանց Էսկոբարի թույլտվության կոկաին հանել Կոլումբիայից։ Յուրաքանչյուր գործարքի 35 տոկոս եկամուտն իրենն էր։ Կոլումբիայի ջունգլիներում բացում է կոկաինի մշակման քիմիական լաբորատորիաներ։ Միանալով մի քանի թմրավաճառների՝ ստեղծում է, այսպես կոչված, Մեդելյինյան կոկաինային միավորում։ Նա ամենահզոր կոկաինային կայսրության տերն էր, ոչ ոք չէր կարող գերազանցել նրան աշխարհում։ Ուներ բազմաթիվ ինքնաթիռներ եւ սուզանավեր՝ կոկաինի տեղափոխման համար։ Դատավորներին, ոստիկաններին ու քաղաքական գործիչներին կաշառում ու դարձնում էր իր կամակատարները։ 1979-ին ԱՄՆ-ի կոկաինային արտադրության 80 տոկոսի տերն էր, 30 տարեկանում աշխարհի ամենահարուստ մարդկանցից էր, ըստ Ֆորբսի՝ 47 միլիարդի էր հասնում նրա «ձեռի ծախսը»։ Բնակչությանը սիրաշահելու համար ճանապարհներ էր բարեկարգում, մարզադաշտեր էր կառուցում։ Այս «բարի» մարդակերն ասում էր, որ սիրտը մղկտում է երբ տեսնում է, թե ինչպես են աղքատները տանջվում։ Փորձում է նույնիսկ քաղաքական գործունեությամբ զբաղվել, մի պահ նույնիսկ հաջողում է Կոլումբիայի Կոնգրես խցկվել, իսկ մտքինը Կոլումբիայի նախագահ դառնալն էր։ Կոլումբիայի նշանավոր քաղաքական գործիչներից մեկը՝ նախագահական աթոռի հիմնական թեկնածու Լուիս Կառլոս Գալանը, առաջինն է բացեիբաց քննադատում այս նորաթուխ կոնգրեսմենին։ Մի քանի օր անց արդարադատության նախարար Ռոդրիգո Լարա Բոնիան նրա դեմ արշավ է սկսում, եւ Կոնգրեսի դուռը փակվում է Էսկոբարի քթի առաջ, քաղաքական կարիերայի դուռը՝ նույնպես։ Բայց խոշորագույն «բանդիտոսը» սա մարսելու միտք չուներ։ Սպանվում է ե՛ւ արդարադատության նախարարը, ե՛ւ նախագահի թեկնածուն։

80-ականներին Էսկոբարի կոկաինային կայսրությունը հսկում էր կոլումբիական հասարակության գրեթե բոլոր ոլորտները։ Բայց նրա դեմ պայքարողը հզոր պետություն ԱՄՆ-ն էր, իսկ ԱՄՆ-ը եւ Կոլումբիան համաձայնագիր էին կնքել, ըստ որի՝ Կոլումբիայի կառավարությունը պարտավորվում էր ամերիկյան արդարադատությանը հանձնել կոկաինյան բարոններին։ Թմրամաֆիան նույնպես քնած չէր։ Էսկոբարը ստեղծում է ահաբեկչական կազմակերպություն, որոնք հարձակվում են պաշտոնյաների, ոստիկանների եւ ցանկացածի վրա, ով բարձրաձայնում էր ընդդեմ թմրավաճառքի։ Սրան զուգահեռ՝ նա ողջ երկրով մեկ թաքստոցներ է կառուցում իր համար եւ զուգահեռաբար՝ սպանում իրեն «նյարդայնացնողներին»։

1989-ին Էսկոբարի մարդիկ ռումբ են դնում Boeing 727 ուղեւորատար ինքնաթիռում, եւ բոլորը՝ 107 մարդ, զոհվում են։ Երեք մարդ էլ զոհվում է գետնի վրա՝ ինքնաթիռի բեկորներից։ Ի վերջո, Էսկոբարը մի քանի հարուստ մարդու առեւանգում է եւ պայման դնում՝ կհանձնվի արդարադատությանը, եթե խոստանան ԱՄՆ-ին չհանձնել իրեն։ Համաձայնում են, եւ Էսկոբարը «բանտ է նստում»։ Այս «բանտը» կառուցել էր հենց ինքը։ Սա մի շքեղ շենք էր, որտեղ ինչ ասես կար՝ լողավազան, սաունա, ջակուզի, դիսկոտեկ, ֆուտբոլի դաշտ։ Նրան այցելում էին ընկերները, կանայք, ինքն էլ այցելում էր ֆուտբոլային խաղերին ու գիշերային ակումբներ, շարունակում էր ղեկավարել կոկաինի առեւտուրը, իսկ ոստիկանությունն իրավունք չուներ 20 կմ-ից ավելի մոտենալ Էսկոբարի «բանտախցին»։ Մի օր էլ ականջն է ընկնում, որ օգտվելով իր բացակայությունից՝ գործընկերները խաբել եւ կողոպտել են իրեն։ Սրանց բերում են «բանտ», եւ հենց այստեղ՝ «բանտարկյալ» Պաբլոն անձամբ խոշտանգում է նրանց կատաղի դաժանությամբ, հրամայում է սպանել, ոմանց էլ ինքն իր ձեռքով է էն աշխարհ ուղարկում, վերջում էլ հրահանգում է, որ դիակները ռադ անեն «բանտից»։ Իշխանությունը վերջապես գլխի է ընկնում, որ Էսկոբարը չափն անցնում է եւ որոշում է նրան իսկական բանտ տեղափոխել։ «Բարի» մարդիկ լուրը հասցնում են Էսկոբարին, եւ նա փախչում է իր «բանտից»։

Սակայն, այս «կայսրն» այլեւս նախկին ամենակարողը չէր, աստիճանաբար դառնում է հալածված գազան։ Բնականաբար, «հավատարիմ» ընկերներն սկսում են լքել նրան։ Էսկոբարը, սակայն, արդեն իրականության զգացումը կորցրել էր. նրան շարունակում էր թվալ, որ ինքն «աստված» է։ Մայրաքաղաքի ամենամարդաշատ վայրում նրա ընկերները ռումբ են պայթեցնում, մի քանի տասնյակ անմեղ մարդիկ են սպանվում, իսկ սրա նպատակն ընդամենն այն էր, որ Էսկոբարն ուզում էր հասկացնել՝ ես դեռ կա՛մ։ Սակայն, բացի իրավապահ մարմիններից, ստեղծվում է նաեւ մի կազմակերպություն, որի մեջ ընդգրկվում են մարդիկ, որոնց հարազատները սպանվել են Էսկոբարի ձեռքով։ Նրանք էլ՝ ոչ պակաս անողոքությամբ սկսում են ոչնչացնել Էսկոբարի «բանդիտոսներին»։

Նրա գլխի համար խոստանում են 10 միլիոն դոլար. սա Կոլումբիայի նախագահի աշխատավարձն էր՝ 200 տարվա ընթացքում։

Էսկոբարն արդեն մեկ տարի չէր տեսել իր ընտանիքին, իսկ, ինչպես գիտենք, այլոց ընտանիքները վերացնողները շա՜տ են սիրում իրենց սեփական ընտանիքին (պատմում են, որ ցրտից 2 միլիոն դոլարի խարույկ է նվիրել իր սիրասուն դստրիկին, որ նրա նրբիկ թաթիկները չսառչեն) եւ պատրաստ են ողջ աշխարհը դժոխքի վերածել՝ հանուն իրենց «սուրբ» ընտանիքի։ Մի օր այս կարոտից տոչորված հայրիկն իր որդու հետ հեռախոսով խոսում է թույլատրելիից մի քիչ ավելի, եւ իրավապահները հայտնաբերում են նրա գաղտնավայրը ու սպանում նրան։ Իհարկե, պնդողներ կան, թե, իբր, ինքնասպան է եղել, ոչ թե սպանել են, բայց սա էական չէ։

Էականն այն է, որ Պաբլո Էսկոբարի «մանրակերտերը» վխտում են նաեւ Հայաստանում, եւ սրա՛նց էլ «սրբացնողներ» կան, որովհետեւ իրենցից թալանածների մի չնչին մասը ողորմածաբար շպրտում են այս մարդկանց դեմքերին։

Եվ նրանք նույնքա՜ն երախտապարտ են մեր տեղական մանրապճեղ մարդասպաններին ու թալանչիներին, ինչպես Կոլումբիայի աղքատ ետնախորշերի բնակիչները՝ «Ռոբին Հուդ» Պաբլո Էսկոբարին։

Տխուր է, բայց՝ փաստ։

Նախորդ հոդվածը‘Քաղաքականությու՛նը չէ, որ անբարոյականություն է’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Բռնապետական քաղաքական միասնությանը պատասխանն է` Ոչ’