‘Գոհար Սիմոնյան. Բռնապետական քաղաքական միասնությանը պատասխանն է` Ոչ’

3887

Երբ ՀՀԿ-ական պատգամավորներն ու իշխանական քարոզիչներն «Այո/Ոչ»-ի շրջանակներում փորձում են սիրաշահել ժողովրդին` հերթական անգամ «հավատալով նրա իմաստնությանը», երբ կրկին ու կրկին առաջ են քաշում «բարդ աշխարհագրական տարածքում միասնության, այդ թվում` քաղաքական միասնության անհրաժեշտությունը», քեզ այլ բան չի մնում, քան կարեկցել նմաններին:

Խնդիրն այն է, որ մեզանում առհասարակ այսքան չարչրկված միասնության կամ անմիաբանության խնդիրները մշտապես քննարկվել են կոնկրետ փաստարկներից ու հակափաստարկներից զուրկ վերացական դաշտում, իսկ ցանկացած եզրակացություն հանգեցվել է իրավական, քաղաքական, առհասարակ որեւէ բովանդակությունից դուրս ապրիորի հմայաբանաձեւերի կամ լիրիկական պաթետիզմի:

Օրինակ, ի՞նչ եք կարծում` ի՞նչն է կապում ինձ, դիցուք, ՀՀԿ-ական Շմայսի, Սեյրան Սարոյանի, Լֆիկ կոչվող Սամվել Ալեքսանյանի կամ մյուսների հետ: Իմ հաստատ համոզմամբ` միայն այն, որ երկուսս էլ ՀՀ քաղաքացի ենք եւ պարտավոր ենք հետեւել պետության ներսում առկա օրենքներին: Մնացած բոլոր հարցերում, նույնիսկ եթե վերոնշյալ անձինք չեն ճանաչում անձամբ ինձ, ծայրից ծայր տարբերություններ են, շահերի բախում եւ կատարյալ անմիաբանություն:

Սա ինչ-որ աննորմալ բան չէ, եւ թե ինչու է իմ պայմանական ես-ի հետ ունեցած ակնհայտ անմիաբանության առիթով պատգամավորուհի Մարգարիտ Եսայանը ջղաձգվում` ինքը գիտի միայն: Ի վերջո, այդպես էլ պետք է լիներ. իմ, նրա եւ Շմայսի քաղաքական միասնությունը չի նշանակում եւ չպետք է նշանակեր բացառապես իրենց` սերժսարգսյանականների կողմից հաստատված «պարտադիր միասնություն»:  Քաղաքական միասնությունը՝ իմ, կողքինիս, բոլոր քաղաքական ու հասարակական ուժերի փոխհամաձայնությամբ հաստատված հասարակական միջավայրն է, որտեղ գործող սուբյեկտների, դրանց թվում` իմ, Մարգարիտ Եսայանի ու Շմայսի վարքագիծը կարգավորված պիտի լինի ընդունված կանոններով եւ օրենքներով:

Բայց արի տես, որ մեզանում ազատության իմ բնական իրավունքը, որն, ի միջի այլոց, ընկած է առհասարակ բոլոր սահմանադրությունների եւ դրանց կազմավորմանը ծառայած եվրոպական լուսավորականության ակունքներում, նույն սերժականների ձեռամբ թիրախավորվում եւ, թե՛ կյանքում, թե՛ Սահմանադրության մեջ տեղ գտնելու փոխարեն, կաշկանդվում է ինձ մատուցվող ինչ-որ մտացածին շահերով, կասկածելի զարգացման տեսլականներով, ընտրության կամ ուղիղ ժողովրդավարության սահմանափակմամբ եւ երեւակայական միաբանության պարտադրանքով:

Ծիծաղելի է, ուրեմն, երբ մարդը պնդում է, թե «ժողովուրդը իմաստուն է», բայց հաջորդ պահին իսկ մոռանում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Անթույլատրելի է, երբ հայտարարվում է, թե իշխանությունը սահմանափակվում է ընտրության իրավունքով, բայց հաջորդ պահին նույն այդ ընտրողի գիտակցության մեջ մեխվում է այն գաղափարը, թե ձեզ ընտրություն պետք չէ, թե՝ ցանկացած ընտրություն մեզանում աղետի է վերածվում, թե՝ մենք ձեր փոխարեն ընտրիչներով ամեն բան կանենք եւ այլն:

Ի վերջո, մեծագույն հանցագործություն է ժողովրդավարության, համակարգային փոփոխությունների, առհասարակ` զարգացման մասին խոսել այն դեպքում, երբ դու իշխանությունը ուզուրպացրած այն քաղաքական ուժն ես, որը մյուս բոլոր ուժերի համեմատ ունի գերակշիռ դիրք, երբ համոզված ես, որ ուժերդ անսպառ են` «ինչքան ուզես, էնքան խփես» ձեւակերպմամբ, եւ երբ քո ամեն մի քայլով  մշտապես ապացուցում ես, որ քո եւ ՀՀ քաղաքացու միասնությունը կարող է գոյություն ունենալ միայն  բռնապետական քաղաքական միասնության, կեղծված ընտրության կամ հանրաքվեի, բայց ո՛չ երբեք քեզ տրված քվեի տեսքով:

Նույն ուժերը, սակայն, մոռանում են, որ իրենք եզակի չեն բռնապետական քաղաքական միասնության պարտադրման եւ բացարձակ մենիշխանության հաստատման ճանապարհին: Այս ճանապարհով հաղթողների անուններն իսկապես էլ շատ են, բայց քիչ չեն նաեւ վկայությունները, երբ հաղթողները շատ արագ վերածվել են պարտվողների: Ինչու՞. որովհետեւ նրանք էլ՝ Սերժ Սարգսյանի նմանությամբ, փորձել են կարգավորել ոչ թե այն, ինչը չի կարելի չկարգավորել, այլ այն ամենը, ինչը կարելի էր վերահսկել` ելնելով մենիշխանության հաստատման, ոչ թե հանրային շահի հետապնդման դիրքերից:

ԱՄՆ նախագահ Գ. Քլիվլենդը, դեռեւս 1888 թվականին, այսպիսի մի միտք է արտահայտել. «Սահմանադրության տողերից շեղվելը նշանակում է ձախողվել: Միայն դրանց խիստ հավատարիմ մնալով եւ դրանցով ամրագրված սահմանափակումներին ենթարկվելով է, որ աշխարհին կարող ենք ապացուցել, որ ամերիկացիներն արժանի են ինքնակառավարման»:

Որքանով են Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն հավատարիմ եղել մեր Սահմանադրությանը` դատեք ինքներդ, որովհետեւ միայն այս հարցի պատասխանն ունենալուց հետո կարելի է գնալ ընտրատեղամաս եւ պատասխանել «այո» կամ «ոչ»: Ես, օրինակ, ունեմ հարցի իմ պատասխանը, եւ դրա արդյունքում ձեւավորված` քաղաքացու իմ դիրքորոշումն է` Ո՛չ: Սահմանադրությունը ոտնահարողին հեռացնում են իշխանությունից, ոչ թե՝ հնարավորություն են տալիս հավերժացնելու այդ պրակտիկան:

 

Նախորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Պաբլո Էսկոբարը՝ զարհուրելի դաժան եւ «բարի» թմրակայսրը’
Հաջորդ հոդվածը‘Մատա. «Ոչ մի կասկած չկա, որ Լեոն արժանի է «Ոսկե գնդակին»»’