‘Այսօր Հրանտ Դինքը կդառնար 60 տարեկան’

1047

Այսօր նշանավոր ստամբուլահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ թերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդյան օրն է։ Նա հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները համարձակ մեկնաբանող հոդվածներով:

Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Արևմտյան Հայաստանի Մալաթիա գավառում հայազգի Սարգիս Դինքի (Հաշիմ Քալֆա) և Սվազից սերող Գյուլվարդ Դինքի ընտանիքում: Ստամբուլ տեղափոխվելուց հետո, երբ նրա ծնողներն ամուսնալուծվել են, Դինկը հայտնվել է Գետիկփաշա շրջանի հայկական մանկատանը, հենց այստեղ էլ հանդիպել է իր ապագա տիկնոջը՝ Ռաքելին:

Հրապարակախոսը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին խմբագրատան առաջ՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։

Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն հույս ունի, որ հակամարտության կողմերը կմասնակցեն ինտենսիվ բանակցություններին’
Հաջորդ հոդվածը‘Հոսանքազրկումներ Երևանում եւ այլ մարզերում’