Այ այսպես իրար խաբելով էլ ապրում ենք. ՉԻ

801

Հայաստանի «ներքաղաքական օրակարգը» շարունակում է մնալ միմյանց ու իրենք իրենց խաբելը։ Այդ նույն «օրակարգով» մսխված 25 տարիները կարծես թե որևէ մեկի համար դաս չեն եղել, ու այսօր էլ քաղաքականության մեջ հաջողության հասնելու հիմնական նախապայմանը համարվում է հասարակությանը խաբելը՝ ով ավելի ճարպկորեն խաբեց, նա էլ կհաղթի։ Դիմադրության շարժումն աշխարհով մեկ աղմուկ է բարձրացրել, թե վերջ, «Լաոն զարթնեց», ժողովուրդը ոտքի է ելել, հարյուր հազարավոր մարդիկ լցված են փողոցները, կապիտուլյանտն իր իշխանությունը պահում է բացառապես «թրքաբարո ուժայիններով», Նիկոլն էլ հակառակը՝ փորձում է ցույց տալ, թե իբր երկրում ամեն ինչ նորմալ է, եղածն ընդամենը մի խումբ մարգինալների ստեղծած «լոգիստիկ խնդիրներ» են, ինքն էլ հանգիստ կարող է մասնակցել գինու-քյաբաբի փառատոնների ու մարդկանց հետ սելֆիներ անել (մի բանջարաբոստանային պաշտոնյա նույնիսկ գրել էր, թե նույն 2018-ի ոգին է)։ Իհարկե՝ երկու կողմերի ներկայացրած «իրականություններն» էլ որևէ կապ չունեն իրականության հետ, բայց դե հիմա «գորձ ա՝ անըմ են»։ Իսկ այն մասին, թե ինչ է կատարվում Հայաստանի ու Արցախի շուրջ՝ ոչ մի խոսք (բնականաբար՝ էմոցիոնալ ցնդաբանություններից բացի)։ 

Մեծ հաշվով՝ Հայաստանն ու Արցախն այսօր հայտնվել են աստվածաշնչյան հայտնի առակի երեխայի վիճակում։ Այն տարբերությամբ, որ այդ առակում Սողոմոնը երկու կանանց առաջարկում է մեջտեղից կիսել երեխային, կեղծ մայրը համաձայնվում է, իսկականը՝ ոչ, ու այդպիսով երեխան փրկվում է, մինչդեռ մեր դեպքում երկու «մայրերն» էլ կեղծ են։ Ընդ որում՝ խոսքն ամենևին էլ Ռուսաստանի ու Արևմուտքի մասին չէ։ Նրանց դեպքում հասկանալի է, որ երկուսն էլ մեր «մայրը» չեն ու դեմ չէին լինի կիսել Հայաստանը՝ ձգտելով հնարավորինս մեծ պատառ ճանկել։ Խոսքը Նիկոլի խմբակի ու դիմադրության շարժման մասին է։ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն դեմ չի լինի, եթե հայրենիքից մի քանի «դժբախտ-դժգույն» պատառներ հանձնվեն, իհարկե՝ պայմանով, որ մնացած հատվածի վրա պահպանի իր իշխանությունը։ Նույնիսկ նոր պատճառաբանություններ հորինելու կարիք չի լինի, պարզապես կկրկնի 44-օրյա պատերազմի ընթացքում հնչեցրած չորս կետանոց «մուննաթների» նույն փաթեթը՝ նույն հերթականությամբ․ կմեղադրի Արևմուտքին (չեք օգնում՝ ջանդամին օգնեք, այդ դեպքում նրանց սպասեք Վիեննայի պատերի տակ), Ռուսաստանին (ռազմավարական դաշնակիցը տարօրինակ պահվածք դրսևորեց, զենքերն էլ 10 տոկոսով էին պայթում), նախկիններին (բա 25 տարի բանակը թալանում էիք, ինչո՞վ դիմադրեի), և ժողովրդին (խի տե՞նց են գնում նոր Սարդարապատի)։ 

Դիմադրության շարժման լիդերներն էլ իրենց հերթին առանձնապես դեմ չեն լինի, եթե Նիկոլը փորձի հայրենիքից մի քանի կտոր հանձնել։ Չէ՞ որ այդ դեպքում իրենց շանսերն ավելի կմեծանան, ու հնարավոր է՝ այսօր փողոց դուրս եկած մի քանի հազարը դառնա մի քանի հարյուր հազար։ Հետն էլ կդիմեն ռուսներին, թե «լավ, Ղարաբաղը հասկացանք, այնտեղ լավից-վատից վերահսկում եք իրավիճակը, բայց էս կապիտուլյանտը արդեն ՀԱՊԿ-ից ա տարածքներ հանձնում, մի բան արեք՝ բան ըլնի, դուք էլ էկեք արագի մեջ էս Մեղրիի միջանցքը վերցրեք, մենք էլ կասենք՝ դե ի՞նչ կարանք անենք, նոյեմբերի 9-ին էն կապիտուլյանտի ստորագրած թղթով ա»։ Կարևորը հո հայրենիքը չի, թուղթն է։ Հիշո՞ւմ եք Վանեցյանի խոսքերը պատերազմից անմիջապես հետո․ ավելի լավ կլիներ Ստեփանակերտն էլ գրավեին, բայց թուղթ չստորագրվեր։ 

Այնպես որ՝ պատրանքներ ունենալ չարժե։ Ներքաղաքական պայքարը ոչ թե հայրենիքի փրկության, այլ կորստյան մեղքը դիմացինի վրա բարդելու և այդ «գետնի վրա» իշխանություն վերցնելու (պահպանելու) համար է։

Մարկ Նշանյան

4rd.am

Նախորդ հոդվածըԳվարդիոլա․ Անկասկած Նադալը բոլոր ժամանակների լավագույն իսպանացի մարզիկն է
Հաջորդ հոդվածըՌԴ-ում ԼԺՀ դեսպան․ Սեվերոդոնեցկը գրեթե ամբողջությամբ «մաքրվել է»