‘Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր’

1523

Նորվեգիայի Ֆորդե քաղաքում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 13-ի երեկոյան մրցահերթում պայքարի մեջ մտան 77 կգ քաշային տղամարդիկ։ 

Հայաստանը ներկայացնող Տիգրան Մարտիրոսյանը ու Անդրանիկ Կարապետյանը հավասարը չունեին։

Պոկում վարժությունում հայ մարզիկները մոտեցան ծանրաձողին, երբ մյուսներն արդեն ավարտել էին ելույթները: Տիգրան Մարտիրոսյանը բարձրացրեց միայն 160 կգ կշռող ծանրաձողը և դարձավ փոքր արծաթե մեդալակիր, իսկ Անդրանիկ Կարապետյանը նախ բարձրացրեց 165 կգ, այնուհետև 170 կգ և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Կարապետյանը երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ բարձրացնել 174 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժության ժամանակ Անդրանիկ Կարապետյանը նախ հրեց 192 կգ, ապա 197 կգ, սակայն չբարձրացրեց 200 կգ կշռող ծանրաձողը: Տիգրան Մարտիրոսյանը հրեց միայն 192 կգ:

Այսպիսով, երկամարտի 367 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Անդրանիկ Կարապետյանը, իսկ Տիգրան Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ երկամարտի 352 կգ արդյունքով:

Հավելենք, որ ապրիլի 14-ին Աղասի Աղասյանը 85 կգ քաշային կարգի B ենթախմբում և աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը 69 կգ քաշային կարգի առաջին ենթախմբում կպայքարեն լավագույնի կոչման համար: 

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Բենֆիկա» – «Բավարիա» ` 2-2․ Մյունխենյան ակումբը կիսաեզրափակիչ փուլում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բենզեման չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը’