‘Անկախականները նշում են Անկախության տոնը (տեսանյութ)’

3827

Հայ ազգային կոնգրեսի անդամները, մի շարք հասարակական ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու անհատների հետ միասին այսօր Երեւանում նշում էին Անկախության տոնը: Հանդիսությանը ներկա էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, առաջին գումարման Ազգային Ժողովի նախագահ Բաբկեն Արարքցյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, մաեստրո Երվանդ Մանարյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներ, ԱԺ գործող պատգամավորներ եւ այլք:

Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ դահլիճում ներկա են մարդիկ, ովքեր  «քվեարկելով անկախության օգտին, սերը դարձրեցին աշխատանք եւ  դարձան պետության, անկախության հիմնադիր հայրերը, ովքեր ամեն ինչ արել են՝ քվեարկել են, քարոզել են եւ վաստակել են անկախությունը վայելելու իրավունքը»:

Վերջերս իր 90-ամյա հոբելյանը նշած Երվանդ Մանարյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ անկախության բեռը վերցնելը ծանր բան է, բայց էլ ավելի ծանր է այդ բեռը պատվով տեղ հասցնելը: «Եթե Աստված մեզ այս հողի վրա արդեն 4000 տարի պահում է, մենք պարտավորություն ունենք անընդհատ առաջ գնալու եւ գնալու այնպես, որ բոլորը տեսնեն մեր առաջադեմ լինելը», — ասաց սիրված դերասանը:

Մաեստրոյի խոսքով, անկախության գործընթացը չի վերջացել:

«Մարդ միշտ էդ գործընթացի մեջ է, որովհետեւ չարերը միշտ կան: Անընդհատ պետք է նրանց հետ պայքարի մեջ լինես: Հենց որ դու մոռացար նրանց, քեզ կուտեն: Պիտի զգույշ լինես, որ չսայթաքես եւ քո վերցրած հոգեւոր պարտավորությունը ողջ-առողջ տեղ հասցնես», — ասաց նա:

Կոնգրեսի վարչության անդամ, պատմաբան Աշոտ  Սարգսյանը հիշեցրեց, որ անկախության վերականգնումը հայ ժողովրդի երազանքն է եղել 600-700 տարի շարունակ:

«Նույնիսկ 1988-ին այդ երազանքը հեռավոր էր թվում, բայց հսկա համաժողովրդական շարժումը բերեց նրան, որ արդեն 1991-ին իրավականորեն ձեւակերպված հասանք այդ երազանքի իրականացմանը», — ասաց նա:

Սարգսյանի խոսքով, հետագա տարիներին անկախությունը լցվեց բովանդակությամբ՝ դարեր ի վեր սպասված հաղթանակներով:

«Ցավոք, ավելի ուշ, վերջն 15-16 տարիների ընթացքում բոլորովին այլ պայմաններում հայտնված Հայաստանում անկախության գաղափարը սկսեց մաշվել, եւ նրանից դուրս եկավ իր ամենակարեւոր բաղադրիչը, որ կոչվում է ազատություն: Հիմա մենք այդ գործընթացի մեջ ենք՝ ձեռք բերելու ազատությունը, որ անկախության հետ միասնաբար պիտի լինի: Այդ ազատությունը մենք ձեռք կբերենք շուտով՝ կամ հոկտեմբերի 10-ին, կամ 10-ից սկսած», — ասաց Աշոտ Սարգսյանը:

 

Նախորդ հոդվածը‘«Յուվենտուսը»՝ շնորհիվ Տևեսի խփած միակ գոլի, հաղթեց «Միլանին»(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լուիս Էնրիկե. «Լուիս Սուարեսն այնպես է մարզվում, կարծես հաջորդ օրը հանդիպում կա»’