‘ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ԵՒ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ. Խոհ՝ Հայաստանի Անկախութեան 25-ամեակի առթիւ’

162924

Իւրաքանչիւր տօն ունի ընդհանրացնող ուժ, որը յաղթահարելով մարդկային վայրիվերոյ ու հեղհեղուկ ընկալումները՝ պատմութեան մէկ առանձին փաստը վերածում է կենսական անփոփոխ խորհրդի:

Հայ ժողովրդի համար այդպիսի խորհուրդ ունի Հայաստանի Հանրապետութեան ծնունդը, Հայոց Անկախութեան բացարձակ փաստը:

Անկախ այն բանից, թէ հայ մարդու առօրեայ գիտակցութեան մէջ ինչպէ՛ս է բեկւում այդ փաստը եւ ինչպիսի՛ ձեւեր կամ տեսք է ընդունում, դրանից Անկախութիւնը չի կարող երերալ, ցնցուել, կործանուել, որովհետեւ նա միշտ ունի կենսահաստատ իմաստ՝ ամուր խարսխուած բնութեան օրէնքների վրայ:

Ասուածի իւրօրինակ ապացոյցն են նաեւ այդ փաստի իրարամերժ ընկալումները՝ ինչպէս ինքնամոռաց, լուսաւոր հիացմունքը, այնպէս էլ ժխտամիտ, մռայլ դժգոհութիւնը: Շատ յաճախ դրանք հանդէս են գալիս միաժամանակ եւ անգամ նոյն հայ մարդու մէջ: Այդ հանգամանքն անգիտակցօրէն փաստում է, որ նա գործ ունի բացարձակ իրողութեան, բացարձակ արժէքի հետ: Պատահական չէ, որ նոյն հակասական վերաբերմունքին են արժանանում նաեւ այն անհատ հայորդիները, որ կերտել են այդ Անկախութիւնը: Միաժամանակ՝ հերոս եւ դաւաճան:

Հիացմունքը վկայում է այն մասին, որ հայ մարդը յաղթահարել է վախն Անկախութեան նկատմամբ: Նա այլեւս վախ չունի դրսի՝ արտաքին աշխարհի հանդէպ: Իսկ այդ վախը հայ ժողովուրդը յաղթահարել է միայն շնորհիւ այն բանի, որ ժամանակին իր առաջնորդ քաղաքական ուժը կարողացաւ ճանաչել հայ երկրի ու ժողովրդի անշրջանցելի տեղը, ճշգրիտ դիրքը եւ ուրոյն կշիռն արդի աշխարհում: Ի դէմս այդ ուժի՝ հայ ժողովուրդը հրաժարուեց իր դարաւոր ոգեշունչ ցանկամտութիւնից՝ գիտակցելով, որ դա է իրեն պատուհասած աղէտների պատճառը. որ գոյութեան պայքարում յաղթել այլոց՝ նշանակում է առաջին հերթին յաղթել ինքն իրեն. որ արտաքին սահմանն ընդարձակելու համար ինքը պէտք է նախ ճանաչի իր ներքին սահմանը՝ իր սեփական ուժի չափը եւ ուղղութիւնը: Եւ յաղթեց:

Դժգոհութիւնը կեղեքում է հայ մարդուն ներսից՝ երեւան հանելով նրա վախը ներքին Անկախութեան՝ Ազատութեան նկատմամբ: Դա անկախ մարդու վախն է ինքն իրենից: Այդ վախից է ծնուել եւ դրանով է սնւում Հայաստանի ներկայ վարչախումբը՝ այն անյագուրդ հրէշը, որ գրեթէ երկու տասնամեակ ի վեր խժռում է հայ ժողովրդի հոգին, նրա ներքին կեցութիւնը: Այդ հրէշը սահմանել է իր սննդակարգը, իրեն բոլորեքեան շրջապատել բռնութեան անթափանց պարսպով եւ կլանում է այն ամենը, ինչ կարող է սպառնալ իր ինքնամոռաց խրախճանքին: Նրա մարմինը կազմուած  է խորհրդային մտայնութեան խառնակ թափօններից եւ յարդարուած՝ ազգային սնապարծութեան շողշողուն կեղծիքով: Եւ հայ մարդը յուսահատ մաքառում է նրա երկսայր ժանիքների դէմ կամ էլ փորձում խոյս տալ՝ լքելով ինքն իրեն:

Անկախութեան եւ Ազատութեան միջեւ առկայ այս հակասութիւնը բնորոշ է ոչ միայն հայերին, այլեւ ստրկութեան քնից արթնացած անցեալի ու ներկայի բոլոր նորանկախ ազգերին: Դա ինքնահաստատման բնական մի պայքար է, որը միշտ աւարտւում է Ազատութեան յաղթանակով: Որովհետեւ դրսի աշխարհում իր ազատութիւնը նուաճած մարդը չի կարող ներքուստ անվերջ մնալ կախեալ վիճակում՝ ապրելով յարատեւ վախի մէջ: Այդ օրէնքի շնորհիւ է, որ որեւէ բռնապետութիւն չի կարող հաւերժ գոյատեւել:  

Ինչպէս ամեն տեսակ վախ, այնպէս էլ Ազատութեան նկատմամբ վախը յաղթահարելու միակ ճանապարհը ինքնաճանաչողութիւնն է: Բոլոր մեծ թէ փոքր ծաղկուն ազգերը, որոնք արդի քաղաքակրթութեան առաջամարտիկներն են, իրենց Անկախութիւնն ու Ազատութիւնը սկսել են նուաճել այն պահից, երբ ճանաչել են սեփական անգիտութիւնը՝ իրենց ներքին եւ արտաքին ուժը ստանալով ճշմարտութեան որոնումից: Առաջընթացի այլ աղբիւր մարդկութիւնը չունի: Ահա՝ հայ ժողովուրդը կարող է հասնել Ազատութեան, եթէ վերագտնի իր նախաձեռնող միտքը եւ հաւասարի իրաւունքով միանայ ճշմարտութեան որոնումներին: Միայն այդպէս նա կկարողանայ յաղթահարել իր ներքին կախեալութիւնը՝ գիտակցելով, որ իրեն կեղեքող հայրենի հրէշն ընդամենը Ազատութեան նկատմամբ ունեցած իր իսկ վախի մարմնացումն է:

Մեծագոյն խոչընդոտը, որ այդ ճանապարհին ծառացած է հայ մարդու առջեւ, ընտրեալութեան ցնորական գաղափարն է, որը մարդկային ամենախոտոր մոլորութիւնն է ընդհանրապէս: Դարեր ի վեր հայը փայփայում է այդ չափազանց հաճելի, սակայն մահացու նախապաշարումը՝ իբրեւ երկնային մշտնջենական հատուցում՝ երկրային անմխիթար պարտութիւնների դիմաց: Դա է խանգարում նրան ճանաչելու ինքն իրեն ու աշխարհը, տեսնելու իր ուժը եւ թուլութիւնը, ճիշտ գնահատելու իր յաղթանակները եւ կշռադատելու իր պարտութիւնները, ինքնակամօրէն ընտրելու իր ուղին եւ որոշելու այդ ուղու իմաստը: Պատահական չէ, որ Հայաստանի ներկայիս հոգեւոր եւ աշխարհիկ տէրերն «ի պաշտօնէ» միաբերան յղում են անում հայոց ընտրեալութեան հանգամանքին՝ յընթացս համերաշխօրէն խեղդելով հայ ժողովրդի Ազատութեան ձգտումները: Ազատագրուելով այդ ցնորքից՝ հայը կվերանուաճի ճշմարտութիւնը սեփական ուժերով գտնելու իր արժանապատւութիւնը: Եւ կյաղթի:

Այդ ժամանակ ազատ եւ անկախ հայ մարդը, այլոց առաջադրանքները փութաջանօրէն կատարելու եւ օտարին ջերմեռանդօրէն ընդօրինակելու փոխարէն, կճանաչի իր ստեղծագործ էութիւնը՝ ապահովելով իր յարատեւութիւնն այս արեւի տակ:

Սա է, իմ կարծիքով, Հայաստանի Անկախութեան բնական ընթացքը, պատմական խորհուրդը եւ հոգեւոր անանց նշանակութիւնը: 

 

Սեւակ Արամազդ

 

Նախորդ հոդվածը‘Անշրջանցելի ու անխոցելի մեր անկախությունը’
Հաջորդ հոդվածը‘Ֆորին-օֆիսը մտահոգված է Ռուսաստանում ժողովրդավարության վիճակով’