‘Անկախության երթ՝ հանուն անկախության (լուսանկարներ)’

1340

Ինչպես տեղեկացրել է iLur.am-ը, սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի առթիվ Երևանում անցկացվեց Անկախության երթ, որի մասնակիցները կոչ էին անում չվտանգել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը և պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Երթի մասնակիցներն ըստ նախօրոք հայտարարված երթուղու, անցան Հյուսիսային պողոտայով, Հանրապետության Հրապարակով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, այնուհետև շարժվեցին Բաղրամյան պողոտայով դեպի նախագահական նստավայր:

Ցուցարարները երթի ամբողջ ընթացքում վանկարկում էին «Մենք ենք տերը մեր երկրի» «Ազա′տ, Անկա′խ Հայաստան», «Որոշողը մենք ենք» «Անկախ Հայաստան», «Սերժիկ, հեռացիր» կարգախոսները:

Երթն աչքի ընկավ բարձր էներգետիկայով և ակտիվությամբ: Երթի ամբողջ ընթացքում ոստիկանությունը փորձում էր փողոցից դեպի մայթ տեղափոխել երթի մասնակիցներին, սակայն ցուցարարներն անընդհատ շրջանցում էին ոստիկանական պատնեշներն ու շարունակում երթը փողոցով: Երբ ցուցարարները հասան Ֆրանսիայի հրապարակին,  ոստիկանությունը փորձեց խոչընդոտել նրանց ընթացքը դեպի Բաղրամյան պողոտա: Սակայն երթի մասնակիցները, հիմնականում՝ անկախության սերնդի երիտասարդներ, երթը փոխարինեցին դեպի Բաղրամյան պողոտա ընթացող վազքով: Մի պահ թվաց, թե ոստիկաններն ընդհանրապես կորցրել են իրավիճակի վերահսկողությունը. նրանք սկսեցին վազել ցուցարարների հետևից:

Նախագահական նստավայրի դիմաց ցուցարարներն արտահայտեցին իրենց բողոքը և վանկարկեցին իրենց կարգախոսները, ապա երթը վերադարձավ Ազատության հրապարակ:

Նշենք, որ չնայած երթի ընթացքը բավական լարված էր, որևէ մեկը բերման չենթարկվեց:

Անկախության երթը քաղաքացիական համերաշխության յուրահատուկ դրսեւորում էր: Ցույցին մասնակցում էին քաղաքական, այդ թվում՝ աշխարհաքաղաքական ամենատարբեր պատկերացումներ ունեցող անհատներ ու կազմակերպություններ: Միավորող գաղափարը մեկն էր՝ երթի մասնակիցների համար բարձրագույն արժեքը անկախությունն է, որը վտանգվում է Սերժ Սարգսյանի գլխավորած ոչ օրինակարգ իշխանության գործողությունների հետեւանքով:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյին’
Հաջորդ հոդվածը‘Արտաշատը նոր ոստիկանապետ ունի’