‘Անկարան հայտարարում է Բեռլինի «կանխակալության» մասին’

3757

Անկարան հայտարարել է, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի արտահայտությունները «Թուրքիայի հանդեպ կանխակալ վերաբերմունքի անթույլատրելի օրինակ են»: Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի խոսքով՝ նախարարի արտահայտությունները կապ ունեն խորհրդարանական ընտրություններից առաջ Գերմանիայի ներքաղաքական իրավիճակի հետ:

«Դա թուրքական արդարադատության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է: Դա անհարգալից վերաբերմունք է այնպիսի մի երկրի նկատմամբ, ինչպիսի Թուրքիան է, որը ոչ մեկին չի զիջի իր անկախությունը և ինքնիշխանությունը: Նրանք ստիպված կլինեն հարգել մեր արդարադատությունը: Մենք վճռականորեն դատապարտում ենք այն հայտարարությունները, թե Գերմանիայի քաղաքացիների համար անվտանգ չէ Թուրքիայում լինելը, իսկ գերմանական ընկերությունները Թուրքիայում խնդիրներ ունեն»:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Twitter-ում ավելի հեռուն է գնացել. նա Գերմանիային մեղադրել է ահաբեկիչներին թաքցնելու մեջ: «Նման հայտարարությունները մի երկրի կողմից, որն իր տարածքում ապաստան է տալիս ՔԲԿ անդամներին և FETO-ի ահաբեկիչներին, խոսում են երկակի չափորոշիչների մասին  և բացարձակապես անընդունելի են»:

Երկկողմ հարաբերությունների վատթարացման վերջին ալիքը կապված է Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալության հետ, որոնց թվում է նաև գերմանացի ռեժիսոր-վավերագրող Փիթեր Շթոյդները: Իրավապաշտպանները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպություններին սատարելու մեջ: Թե ինչ խմբավորումների մասին է խոսքը՝ չի հաղորդվում: ԳԴՀ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Գերմանիայի ձերբակալված քաղաքացին մասնակցել է  մարդու իրավունքներին նվիրված սեմինարի, նա Թուրքիայի գծով փորձագետ չէ, տեղացի քաղաքական գործիչների շրջանում ծանոթներ չունի, երբեք ոչինչ չի հրապարակել տեղական մամուլում: Գաբրիելը իրավապաշտպանների ձերբակալությունն անվանել է «ծրագրված և լավ նախապատրաստված գործողություն», իսկ նրանց դեմ հարուցված մեղադրանքը՝ «անհիմն և շինծու»:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը հաղթեց Ադրբեջանին՝ 82-80 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան և Հունաստանը ուշքի են գալիս ուժեղ երկրաշարժից հետո’