Անպատասխանատվության պինգ-պոնգ․ Ալիք Մեդիա

3486

Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից անցել է արդեն մեկ շաբաթ։ Հասարակության մեջ շարունակ հնչում է «ո՞նց պատահեց» հարցը։

Այն հավասարապես վերաբերում է թե՛ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկածների շռայլությանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը փափագողների համեստ ներդրմանը, թե՛ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին տրված ժլատ ձայներին։

Սոցիալական ցանցերում անգամ տարատեսակ անհեթեթություններ են գրում գյուղացիներին ձայնից զրկելու, ընտրողի կրթական ցենզ սահմանելու եւ նման բաների մասին։ Իբր Փաշինյանին ընտրողները չեն հասկացել՝ ինչ են անում եւ ինչու են վերստին թագադրում ոչ միայն Արցախում պարտություն կրած, այլեւ փաստացի Հայաստանի եւ հայության իմունիտետը զրոյացրած մարդուն։

Իրականում այնքան էլ բարդ չէ կռահել, թե խուռներամ ընտրազանգվածն ինչու գնաց պարտված վարչապետի հետեւից։ Դա հասկանալու համար պետք չէ սեւեռվել Քոչարյանի (պատերազմից անմիջապես հետո նաեւ «17/16+»-ի) ու Սերժ Սարգսյանի անթաքույց, մի դեպքում գուցե չգիտակցված, մյուս դեպքում խորապես մտածված աջակցության վրա։ (Նրանք ընդամենը, Արցախի բարբառով ասած, քյոմագ են արել։)

Ընտրություններում հաղթելու եւ տպավորիչ առավելության գաղտնիքը պետք է փնտրել սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովում Փաշինյանի ելույթում, երբ վերջինս ասում էր. «Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել»։

Պատերազմի առաջին օրն հնչած այս խոսքն, ըստ էության, ելքի կանխատեսում էր։ Փաշինյանն ասում էր պարզ բան՝ ժողովուրդ, դու պարտվելու ես, ինքդ որոշիր պատասխանատվությանդ չափը։ Այսինքն՝ նա 2018-ով երաշխավորված իր պատասխանատվությունը սահուն կերպով տարածում էր զանգվածների վրա։

Ամիսներ անց, սակայն, պարզ դարձավ, որ ժողովուրդը պատասխանատվություն կրել կամ այն ուրիշին պատվիրակել չի պատրաստվում։ Ժողովուրդը վերադարձրեց պատասխանատվությունն իրական տիրոջը։ Եվ այս գնդակն է, որ թիակից թիակ սավառնելով՝ թույլ չի տալու, անգամ փայլուն արդյունքով, հաղթահարված համարել ճգնաժամը։

Փաշինյանը դեռ մի անգամ էլ ձեռքը պետք է տանի գրպանն ու այնտեղ գտնի Հայաստանի ապագան։ Գրպանը բան գցողն արդեն հավատարիմ ընտրազանգվածն է։

Տիգրան Պասկեւիչյան

Ալիք Մեդիա

Նախորդ հոդվածըՄերկելն ուզում է արգելել բրիտանացիների մուտքը ԵՄ
Հաջորդ հոդվածըՍերգեյ Լավրովը Ֆիլիպպո Գրանդիի հետ քննարկել է տեղահանված անձանց ԼՂ վերադարձնելու հարցը