‘Անցյալի հիշողությունը կամ պատմությունը՝ որպես ակտիվ քաղաքական գործոն’

6292

Ինքնապատկերացումը՝ որպես անհատի եւ ազգի վարքի ելակետ

Ինքնապատկերացումը, ինքնության գիտակցումը, ինքնագնահատականը շատ կարեւոր դեր են խաղում ինչպես անհատի, այնպես էլ ազգի կեցվածքում՝ որպես այդպիսին պայմանավորելով նրա վարքագիծը եւ գործողությունների արդյունավետության աստիճանը։ Ըստ այդմ են ձեւավորվում նաեւ նրա արժեհամակարգը, պատկերացումներն ազատության, արժանապատվության մասին, նրա քաղաքական եւ այլ ձգտումները, հավակնությունները, նկրտումները։  

Կարող է լինել երեք տարբերակ

1-ին տարբերակ՝ ինքնագերագնահատում. Եթե մարդուն կամ ազգին ներշնչում-համոզում են, որ նա բոլորի մեջ միակն է ու բացառիկը` մեծամոլական ախտով վարակված եւ իրականության զգացումը կորցրած՝ նա մի օր քթով կոշտ բախվում է նույն այդ՝ իր կողմից թերագնահատած իրականությանը։ Թե՛ անհատի, թե՛ ժողովրդի դեպքում այդ ներշնչումն ապահովում են յուրայինները՝ «բարի կամեցողները»։ Անհատի դեպքում յուրաքանչյուրս ինքնագերագնահատման հետեւանքների ցայտուն օրինակներ կարող ենք գտնել սեփական շրջապատում։ Ժողովուրդների դեպքում սա նշանակում է բացառիկության ուսմունքով հասարակությանը պարտադրված մեկ գաղափարախոսություն, ինչի անխուսափելի քաղաքական հետեւանքը գաղափարախոսական տվյալ հիմքով բռնապետության ստեղծումն է։ Պայմանականորեն սա կոչենք «ներքին բռնապետություն»։ Բացառիկության մեծամոլական ախտը կործանեց Հին Հռոմեական եւ Բյուզանդական կայսրությունները։ Մեր ժամանակներում դրա լավագույն օրինակները ֆաշիզմ վերապրած երկրներն ու ժողովուրդներն են։ Եւ նույն ճակատագրին կարժանանան նրանք, ովքեր կունենան նույն գայթակղությունը, եթե անգամ դա բերի ժամանակավոր, թվացյալ հաջողությունների։ Այսինքն՝ ինքնագերագնահատումը կենցաղում՝ անհատի, իսկ քաղաքական գործոնի վերածվելով՝ ժողովրդի համար կորստաբեր պատկերացում է։

2-րդ տարբերակ՝ ինքնաթերագնահատում. Եթե մարդուն եւ ազգին ներշնչում են, որ նա ուրիշներից ցածր է, ոչ լիարժեք, նրա մեջ անլիարժեքության, թերարժեքության բարդույթ է առաջանում, մեռնում է առաջընթացի որեւէ ձգտում։ Թե՛ անհատի, թե՛ ժողովրդի դեպքում դա անում են օտարները։ Անհատների օրինակները կրկին կարող է գտնել յուրաքանչյուրն իր շրջապատում։ Ժողովրդի ինքնաթերագնահատման բարդույթն այն հիմնական գործոններից մեկն է, որոնց շնորհիվ պատմության ասպարեզից պետություններն ու ժողովուրդներն են վերացել։ Նրանք վերացել են, երբ թերարժեքության բարդույթը դարձել է համընդհանուր, դարձել յուրօրինակ գաղափարախոսություն եւ ոչնչացրել ազգի, տեսակի իմունային համակարգը։ Ինքնագերագնահատմանը հակադիր ինքնաթերագնահատման երեւույթը նույնպես բռնապետությունների ստեղծման ու պահպանման հիմք է։ Նվաճված ժողովրդի հետ, որպես կանոն, այդպես է վարվել օտար նվաճողը (անգամ օրենքով դա ամրագրելով)՝ որպես նրա վրա իր իշխանությունն ապահովելու, դյուրացնելու մի միջոց։ Սա էլ պայմանականորեն անվանենք «օտարի բռնապետություն»։ Ըստ էության՝ հենց բռնապետության այս տեսակին է համընկնում նաեւ սեփական ոչ օրինակարգ իշխանությունը։ Վերջինս նույնպես հաստատվում է ժողովրդի կամքի, արժանապատվության արհամարհմամբ։ Դրանց երկուսի մեջ էլ հավասարապես մահացու վտանգ տեսնելով՝ կենսունակ ժողովուրդներն իրենց ողջ պատմության ընթացքում նույն կերպ պայքարել են թե՛ օտար իշխանության, թե՛ սեփական ոչ օրինակարգ իշխանության դեմ։ Այսինքն՝ ինքնաթերագնահատումը նույնպես, կենցաղում՝ անհատի, իսկ քաղաքական գործոնի վերածվելով՝ ժողովրդի համար նույնքան կորստաբեր պատկերացում ու բարդույթ է։

3-րդ տարբերակ՝ օբյեկտիվ գնահատում. Եթե անհատը կամ ժողովուրդը համարում է, որ ինքը ոչ մեկից ո՛չ ավել, ո՛չ էլ պակաս է, նրա մտածողությունը դառնում է ռացիոնալ, վարքագիծն ու գործողությունները՝ իրականությանը համարժեք, իր ուժերի համեմատ եւ, դրանով իսկ՝ առավելագույնս արդյունավետ։ Եւ դա ապահովում է նրա հաջողություններն ու կենսունակությունը, հավասարակշռությունը, համաչափ զարգացումը, զերծ պահում ծայրահեղություններից ու վտանգներից։ Անհատների դեպքում օրինակներ բոլորս կգտնենք մեր շրջապատում։ Ազգերի դեպքում՝ դրանք այսօր ծաղկող երկրներն են, որոնք այդպիսի պատկերացման հիմքի վրա ստեղծել են ժամանակակից ժողովրդավարական համակարգեր՝ որպես գերնպատակ ունենալով սեփական քաղաքացու ազատության եւ արժանապատիվ կյանքի ապահովումը։ Այսինքն՝ օբյեկտիվ գնահատմամբ ինքնապատկերացումը այն միակ հիմքն է, որի վրա կարող է կառուցվել անհատի, իսկ քաղաքական գործոնի վերածվելով՝ ազգի լավագույն ներկան եւ ապագան, դառնալ նրա կայուն զարգացման երաշխիքը։

***

Պատմությունը՝ որպես ինքնապատկերացման հիմք

Ազգի ինքնապատկերացման հիմքը նրա պատմությունն է, եթե ոչ միակը, ապա՝ առաջնայինը։

Ժողովրդի համար պատմությունը կարող է լինել դաշնակից եւ խորհրդատու` իր ներկան ճիշտ բացատրելու ու հասկանալու կարեւոր միջոց եւ, ազդելով նրա քաղաքական կեցվածքի վրա` ապահովել նրա ներկան ու կանխորոշել նրա ապահով ապագան: Պատմությունը կարելի է դիտարկել երկու տեսանկյունով: Առաջինն օբյեկտիվ կամ իրական, տեղի ունեցած պատմությունն է՝ իրադարձությունների իր արձանագրած շղթայով, իրողություններով եւ ընթացքով: Սա պայմանավորում է ազգի ու նրա անդամների հավաքական ենթագիտակցությունը, որ երբեմն իրավացիորեն կոչվում է նաեւ ժողովրդի առողջ կամ իմաստուն բնազդ: Երկրորդը պատմագրության եւ պատմագիտության կողմից նույն իրադարձությունների սուբյեկտիվ ընկալումն ու շարադրանքն է, որը մեծապես ազդում է ազգի ու նրա անդամների գիտակցության, մտածելակերպի վրա: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատմությունները միասին, այլ գործոնների թվում, ձեւավորում են ազգի քաղաքական ընտրանու պատկերացումներն ու քաղաքական միտքը, ազդում նրա ծրագրերի եւ վարքագծի վրա:

Իրական՝ օբյեկտիվ եւ շարադրված՝ «սուբյեկտիվ» պատմությունները երբեւէ չեն կարող ամբողջությամբ համընկնել: Գիտական պատմագրության նպատակը հավաստիության ձգտմամբ դրանք առավելագույնս միմյանց մոտեցնելն է։ Սրանք, որքան միմյանց մոտ՝ այնքան տվյալ ազգի մեջ պակաս կլինի երկվությունը, հաստատուն եւ ռացիոնալ կլինի ինքնագիտակցությունը, իրատես՝ քաղաքական ծրագրեը, արդյունավետ կլինեն քայլերը եւ վարքագիծը: Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատմությունների՝ միմյանցից առավել հեռու լինելը ազգը կարող է դարձնել ծայրահեղությունների գերի։ Հերոսականությունը, անգամ զանգվածային պոռթկմամբ, կարող է իր անհաշվենկատ բացարձակության մեջ դառնալ հանցավոր արկածախնդրություն, հանգեցնել անդառնալի կորուստների։ Զգուշավորությունը, դարձյալ իր ծայրահեղության մեջ, կարող է հանգեցնել անտարբերության, պատմականորեն տրված շանսերը չնկատելու եւ չօգտագործելու հանցավոր անգործության։ Երկուսն էլ՝ հղի ճակատագրական հետեւանքներով, առաջինը՝ ավերիչ երկրաշարժի, երկրորդը՝ կոռոզիայի տեսքով ու հետեւանքներով:

Վտանգավոր է պատմության եւ նրա փաստերի սուբյեկտիվ բացարձակացում-ուռճացումը՝ ձախողումների պատճառը միշտ հակառակորդի կամ օտարի մեջ փնտրելը, չշահած ճակատամարտերն ու անտեղի թափած արյունը՝ «բարոյական հաղթանակ», արկածախնդրությունը՝ հերոսություն համարելը, սեփական քաղաքական տկարամտությունը՝ ազնվություն, ուրիշների դիվանագիտական հմտությունները՝  խաբեություն, դավաճանություն գնահատելը: Իրականում չարիքներ բերած, բայց հերոսություն գնահատված ու սրբագործված ձեռնարկումներն ու քայլերը դրանք պարբերաբար կրկնելու եւ նոր կորուստների վտանգ են պարունակում, միշտ ուրիշներին մեղադրելը՝ ծնում է անզորության եւ դատապարտվածության բարդույթ: Հայրենասիրական դաստիարակության համար պատմությամբ ավանդված սյուժեն գրականության եւ արվեստի համար կարո՛ղ է նյութ հանդիսանալ ու ենթարկվել տվյալ ժանրով թելադրված չափազանցությունների: Սակայն կործանարար է, երբ հենց այս մոտեցմամբ է պատմությունը գրվում, սրբագործվում եւ ապա այդ որակով դառնում նաեւ ժողովրդի ինքնապատկերացման, նրա ընտրանու քաղաքական մտածողության, ծրագրերի ու գործողությունների հիմք:

Օբյեկտիվ եւ ճշմարտացի պատմություն՝ ամենեւին չի նշանակում ընտրել պատմական փաստերին եւ իրադարձություններին տարբեր ելակետերից տրված, երբեմն՝ հակադիր, գնահատականների միջինը: Անաչառությունն, իր հերթին, չի նշանակում նվաճումների ու հաջողությունների կողքին անպայման գտնել ու նշել նաեւ թերություններ ու բացթողումներ: Մեխանիկորեն «միջինացված» պատմությունն ամենեւին «ոսկե միջին» չէ եւ ոչ մի կապ չունի հավաստիության, օբյեկտիվության ձգտման հետ։ Այն գուցե եւ օբյեկտիվության պատրանք է ստեղծում, բայց պատմությունը դարձնում է առավել արհեստական եւ, որպես անհատի ու հավաքականության վարքագծի ելակետ՝ առավել խոտելի ու վնասակար:

Ուրեմն՝ պատմությունը  ժողովրդի համար անցյալի հիշողությունների ամփոփման պասիվ մատյան չէ, այլ իր տված դասերով ու հենց իրենով որոշակիորեն ազդում է նրա ներկայի եւ ապագայի վրա: Պատմության ազդեցությունն անհատի ու ժողովրդի վրա այնքան ավելի դրական եւ օգտակար է, որքան օբյեկտիվ են պատմագիտության կողմից տրված գնահատականները: Իսկ ամեն մի պատմական անհատի, քաղաքական ուժի, իրադարձության, ձեռնարկի, ձեռնարկների շղթայի, պատմական շրջափուլի եւ դարաշրջանի գնահատականը անաչառ եւ օբյեկտիվ կարող է լինել միայն այն դեպքում, եթե որպես հիմնական չափանիշ ու չափորոշիչ՝ դրա հիմքում դրված է առարկայացված քաղաքական արդյունքը:

Այսպես՝ 5-րդ դարում, 450-ից սկսած սկսած, Վարդանանց ընդդիմացման ու պատերազմների պատմական շրջափուլի գնահատման ելակետը պետք է լինի Նվարսակի հաշտության պայմանագիրը՝ որպես շրջափուլի ավարտ։ 9-րդ դարում Բագրատունիների քաղաքականության գնահատման ելակետը պետք է լինի հայկական պետականության վերականգնման փաստը։ Ճիշտ նույն կերպ՝ 19-րդ դարի վերջում «Հայկական հարցով» սկսված շրջափուլի գնահատման ելակետը պետք է լինի դրա քաղաքական արդյունքը՝ Ցեղասպանությունը եւ հայ ժողովրդի 3000-ամյա հայրենիքի մեծագույն մասի կորուստը։ 1988-ով սկսված տասնամյա պատմական շրջափուլի գնահատման ելակետը պետք է լինի անկախության ձեռքբերումը, վտանգված հայաբնակ Ղարաբաղի փրկությունը եւ այն։

Քաղաքական արդյունքի գնահատման չափանշն էլ, իր հերթին, պետք է լինեն այն ռեսուրսները, որոնց վրա հենվելով ու որոնց գործադրմամբ դրվել է տվյալ քաղաքական խնդիրը եւ այն դժվարություններն ու մարտահրավերները, որոնք հաղթահրավել են դրա լուծման ճանապարհին։

 

Հայոց պատմության պատմագրական միջավայրը

Արդեն շարադրված պատմությունը, իր սրբագործված դոգմաներով, տաբուներով եւ գաղափարախոսությունների մամլիչի տակ կրած ձեւախեղումներով, ճնշում եւ այդպես էլ թույլ չի տալիս գտնել բաղձալի «Պատմության դասերը»

Հանգամանքների բերումով, իր գոյության ողջ ընթացքում, հնագույն ժամանակներից ի վեր, հայ պատմագրությունը եղել է գաղափարախոսական շրջանակների մեջ: Դարեր շարունակ այդ շրջանակները նրա համար գծել էր Հայ առաքելական եկեղեցին։ Նորագույն շրջանում՝ շուրջ 70 տարի, դա արել էր կոմունիստական գաղափարախոսությունը Հայաստանում, մի ճյուղով էլ «հայդատական» գաղափարախոսությունը՝ սփյուռքում: Որոշակի գաղափարախոսություն սպասարկելու անհրաժեշտության բերումով «օբյեկտիվ» եւ «սուբյեկտիվ» պատմությունների խզումը դարերի ընթացքում խորացել է: Դրանով իսկ շարադրված պատմությունը, որպես քաղաքական գործոն, դարձել է ոչ միայն պակաս արդյունավետ, այլև հաճախ խոչընդոտող հանգամանք։

Անշուշտ, այս ամբողջ ընթացքում, հենց 5-րդ դարից սկսած, եղել են պատմագրական երկեր եւ պատմաբանների ուսումնասիրություններ, որոնք դուրս են եկել գաղափարախոսությունների գծած շրջանակներից։ Դա պայմանավորված է եղել ինչպես տվյալ պահին հոգեւոր, գաղափարական գործոնի նկատմամբ աշխարհիկ, քաղաքական գործոնի գերակայությամբ, այնպես էլ պատմիչի կամ պատմաբանի առողջ մտածելակերպով եւ ունակություններով։ Սակայն, ընդանուր առմամբ, այսպես ասենք՝ «պաշտոնական պատմության» վրա գաղափարախոսությունների ազդեցությունը մնացել է առաջնային։

***

Սակայն իջնենք մեր պատմագրության սկզբնավորման շրջանը։ Մեզ հետաքրքրող «ի՞նչ է պատմությունը», «ինչպե՞ս պետք է այն շարադրել», «ի՞նչ առաջնային հատկանիշներ այն պետք է ունենա», «ինչպե՞ս է այն ազդում ներկայի վրա» եւ այլ հարցադրումները ու դրանց պատասխանները փնտրենք Պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ։ Նախապես ասենք, որ այդ խնդիրների ընկալումը ոչ միայն հնարավոր է արտածել նրա շարադրանքի ստեղծագործական աշխատանոցից, այլ նաեւ արձանագրել նրա բազմաթիվ ուղղակի վկայություններով։

 

Ի՞նչ է պատմությունն՝ ըստ Մովսես Խորենացու

Ամենասկզբում «ինքնապատկերացումը՝ որպես ազգի վարքի ելակետ» վերնագրի տակ մենք  ներկայացրինք պատմության ներգործության երեք տարբերակ. պատմությունը ժողովրդին ու նրա քաղաքական ընտրանուն կարող է օժտել

ա) բացառիկության պատկերացմամբ,

բ) թերարժեքության բարդույթով,

գ) իրականությանը համարժեք ռացիոնալ մտածողությամբ։

Դեռ 5-րդ դարում պատմահայր Մովսես Խորենացին ամենայն խորությամբ գիտակցել է այս խնդիրը եւ այն լուծել հօգուտ երրորդ տարբերակի։ Առ այդ նա ունի բազմաթիվ վկայություններ, իսկ դրանց մեջ՝ նաեւ հանրահայտ մի բանաձեւ, որ 1500 տարի առաջվա ոչ միայն հայ պատմագիտական, այլ նաեւ քաղաքական մտքի արգասիք է. «Որովհետեւ թեպետ մենք փոքր ածու ենք, սահմանափակ թվով եւ շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց եւ այնպես, մեր աշխարհում էլ քաջության շատ գործեր են գործված՝ գրելու եւ հիշատակելու արժանի» (Ա. Ա. Էջ 8)։ Այս խոսքի առաջին մասն ուղղված է ազգային բացառիկության, ինքնագերագնահատման վտանգի դեմ, երկրորդ մասը՝ թերարժեքության հնարավոր բարդույթի ձեւավորում թույլ չտալու նպատակ ունի։ Այսինքն՝ ժողովրդին ու նրա քաղաքական ընտրանուն հեռու պահել պատմության ոչ ճիշտ իմացությամբ կամ չիմացությամբ պայմանավորված հնարավոր ծայրահեղություններից՝ ինչպես արկածախնդրությունից, այնպես էլ անգործությունից։

Խորենացին համարում է, որ պատմությունն ակտիվ ներգործուն դեր ունի տվյալ ժողովրդի ու երկրի կյանքում, նրա քաղաքական ընտրանու վարքագծի վրա։

Այս թեզը փորձենք հիմնավորել նրա ուղղակի վկայություններից մի քանի կարեւորները ներկայացնելով։

Հենց սկզբում նա գովեստներ է ուղղում իր մեկենաս Սահակ Բագրատունուն այն բանի համար, որ նա, ի տարբերություն իրենից առաջ ապրած հայ իշխանների ու թագավորների, գիտակցել է Հայոց գրավոր պատմությունն ունենալու անհրաժեշտությունը.

«Եթե մեզնից առաջ եւ մեր ժամանակ ապրող՝ Հայոց աշխարհի ցեղապետներն ու իշխանները ո՛չ իրենց ձեռքի տակ ընկած եւ հավանորեն եղած իմաստուններին հրամայեցին այսպիսի պատմական հիշատակարաններ գրել, ո՛չ էլ մտածեցին դրսից որեւէ տեղից ներս բերել իմաստության նպաստներ, եւ այժմ քեզ ենք տեսնում այդպիսի մարդ, ուրեմն պարզ է, որ դու պետք է ճանաչվես բոլոր քեզնից առաջ եղածներից վեհագույն, բարձրագույն գովեստների արժանավոր եւ պատմական այսպիսի արձանագրության մեջ դնելու արժանի» (Ա.Ա. էջ 5-6) ։

Չբավարարվելով դրանով, Խորենացին մի ամբողջ գլուխ է նվիրում նույն խնդրին՝ «Մեր առաջին թագավորների եւ իշխանների անիմաստասեր բարքի մասին» պերճախոս վերնագրով՝ եւս մեկ անգամ շեշտելով Բագրատունի իշխանի մտահղացման կարեւորությունը.

«Բայց ես շատ եմ զարմանում քո մտքի ծննդականության վրա, որ մեր (նախարարական) ցեղերի հներից սկսած մինչեւ այժմյանները միակը գտնվեցիր այսպիսի մեծ խնդրի ձեռնարկելու եւ մեզ առաջարկեցիր հետազոտություն կատարել՝ երկար եւ շահավոր գործով ճշտությամբ հորինել մեր ազգի պատմությունը…» (Ա.Ա. էջ 8)։

Այս ամենը ժամանակի պատմագրական ժանրով թելադրված ու մեկենասին ուղղված սոսկական հաճոյախոսություններ չեն։ Պատմահայրը պարզապես գտել է հարմարագույն տեղը եւ ձեւը՝ խոսելու համար ժողովրդի գրավոր պատմության կարեւորության մասին՝ որպես նրա ներկայի ու վարքագծի վրա ազդող գործոն։

Անցյալի հիշողության կամ գրավոր պատմության նկատմամբ անհոգ գտնված «անիմաստասեր նախնիների» մեջ Պատմահայրը, այնուամենայնիվ, քիչ անց առանձնացնում է Հայաստանում Արշակունյաց հարստության հիմնադիր Վաղարշակին։ Վերջինս Պատմահոր կողմից ամենաբարձր գնահատված եւ իր գործունեությամբ ամենաընդարձակ ներկայացված գահակալներից մեկն է։ Սրա կատարած բոլոր գործերի՝ պետական ապարատի կարգավորման, բարենորոգումների, արտաքին քաղաքական հաջողությունների կողքին նույնքան կարեւորություն է տրվում ու ընդարձակ ներկայացվում է մի այլ նախաձեռնություն՝ պարզել այն երկրի ու ժողովրդի պատմությունը, որին ինքը թագավորում է.

«Սա իր իշխանությունը լիովին կարգի բերելով եւ իր թագավորությունը հաստատելով՝ կամեցավ իմանալ, թե ովքե՞ր արդյոք եւ ինչպիսի մարդիկ տիրելիս են եղել Հայոց աշխարհի վրա իրենից առաջ, արդյոք ինքը քաջերի՞ տեղն է գրավում, թե՞ ապիկարների…» (Ա. Ը. 20-21)։

Այդ նպատակով Վաղարշակը դիմում է իր ավագ եղբորը՝ Պարսից թագավոր Արշակ Մեծին՝ բացել արքունի դիվանը իր ուղարկված մարդու՝ Մար Աբաս Կատինայի առաջ, որպեսզի վերջինս կարողանա այստեղից տեղեկություններ հավաքել իրեն հետաքրքրող հարցի մասին.

«Քո խնամակալությամբ թագավորությունս կարգավորելով՝ միտքս դրի իմանալ, թե ինձնից առաջ ովքե՞ր են տիրել Հայոց աշխարհիս ,եւ որտեղի՞ց են այն նախարարությունները, որ այստեղ կան։ Որովհետեւ այստեղ ոչ հայտնի կարգեր են եղել եւ ոչ մեհենական պաշտամունքներ, եւ աշխարհիս գլխավորներից ո՛չ առաջինն է հայտնի, ո՛չ վերջինը» (Ա. Ը. 21)։

Սեփական գրավոր պատմությունն ունենալու, դրա ոչ թե թանգարանային, այլ գործնական քաղաքական անհրաժեշտությունը շետելու համար պատմահայրն ունի նաեւ այլ տիպի վկայություններ, այս անգամ այն մասին, թե ինչպես են օտարները վերաբերվել մեր պատմությանը։ Նա շեշտում է, որ օտար թագավորներն ու պատմիչները, ովքեր հոգ են տարել իրենց՝ սեփական պատմությունն ունենալու մասին՝ հենց գործնական, ըստ էության՝ քաղաքական մի քանի պատճառներով է, որ կա՛մ չեն անդրադարձել, կա՛մ խիստ սակավ են անդրադարձել մեզանում եղած կարեւոր իրադարձություններին ու գործիչներին։ Նա դրա համար նշում է երեք պատճառ.

Ա) Թագավորներն իրենք են հրահանգել պատմիչներին՝ չգրել ուրիշների մասին. այդ մասին է Խորենացու մի ուղիղ մեջբերումը Կեփաղիոնից.

«Մեր աշխատության սկզբում սկսեցինք մանրամասն գրել բոլոր ազգաբանություններն՝ արքունական դիվաններից առնելով, բայց թագավորներից հրաման ստացանք՝ հներից բաց թողնել աննշան եւ վատասիրտ մարդկանց հիշատակությունները, այլ հիշել միայն քաջ, իմաստուն եւ աշխարհակալ նախնիքներին» (Ա. Ե. 16)։

Հասկանալի է, որ իր պատմիչին պատվեր տվող թագավորն առաջին հերթին ի՛ր գործերը պիտի համարեր գրավոր պատմությամբ արձանագրելու արժանի, եւ հակառակորդին՝ աննշան ու վատասիրտ։

Բ) Պատմիչները իրենք դիտավորյալ չեն ներկայացրել ուրիշների պատմությունը, եւ բացատրությունն այսպիսին է.

«…նրանք հարկավոր եւ կարեւոր չէին համարում օտար ազգերի հեռավոր աշխարհների հին լուրերն ու նախնական զրույցները իրենց թագավորների կամ մեհյանների մատյաններում գրել, մանավանդ որ պարծանք եւ պատիվ չէր օտար ազգերի քաջությունը եւ արիական գործերը հիշատակել» (Ա. ԺԴ. 31-32)։

Ընդ որում, Խորենացու արձանագրմամբ, այսպիսի խտրականություն է դրսեւորել անգամ Ս. Գիրքը.

«Ս. Գիրքը յուրայիններին զատելով իբրեւ իր սեփական ազգ, մյուսներին լքեց իբրեւ արհամարհելի եւ իր կողմից հիշատակվելու անարժան (ազգեր)» (Ա. Ե. 14)։

Գ) Որոշ դեպքերում էլ առավել «անձնասեր» թագավորներ ավելի վայրենի վերաբերմունք են դրսեւորել այս հարցում եւ ոչնչացրել արդեն գրված պատմությունները, որպեսզի միայն իրենք մնան պատմության մեջ.

«Նինոսը հպարտ եւ անձնասեր մարդ լինելով, եւ կամենալով միայն իրեն ցույց տալ որպես սկիզբ աշխարհակալության, ամեն տեսակ քաջության եւ կատարելության՝ հրամայում է այրել բազմաթիվ մատյաններ եւ նախնյաց մասին զրույցներ(որ վերաբերում էին) զանազան տեղերի եւ առանձին մարդկանց քաջության գործերին, իր ժամանակ եղածներինը դադարեցնելով (գրել) եւ գրել միայն այն՝ ինչ որ իրեն է վերաբերում» (Ա. ԺԴ. 32)։

Իսկ ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով են պահպանվել այն տեղեկությունները Հայաստանի ու նրա պատմության մասին, որոնց հիման վրա Խորենացին շարադրել է իր պատմությունը։ Նա այս հարցը ինքը տալիս ու ինքն էլ պատասխանում է.

«Քաղդեացիների, ասորեստանցիների եւ պարսից հին դիվաններից, որովհետեւ մեր նահապետները նրանց գործակալները եւ նրանցից մեր աշխարհի վրա նշանակված վերակացուներն ու մեծ կողմնակալները լինելով՝ նրանց անուններն ու գործերը մուծվել են արքունի գրքերի մեջ» ( Ա. ԻԱ. 43)։

Սա ամբողջ չէ։ Բայց այսքանն էլ բավարար է ցույց տալու համար, որ տվյալ թեմայով պատմահոր հաղորդումները կազմում են մի ամբողջ համակարգ՝ նրա պատմության բազմաթիվ համակարգերից մեկը։ Այն, անշուշտ, պատմագիտական դիտանկյունից կարելի է մեկնաբանել որպես պատմագրական ժանրով պայմանավորված, այսօրվա բառերով ասած՝ աղբյուրների տեսություն, մեկենասին գովաբանելու առիթ, պատմությունը որպես պարզ հետաքրքրասիրություն բավարարելու միջոց ու ընթերցանության նյութ։ Սակայն հեղինակի կողմից խնդրին տված բացառիկ կարեւորության հանդիման՝ պատմագիտության տեսանկյունից այս բացատրությունները դժվար է բավարար համարել։ Այս ամենը չի կարելի բացատրել նաեւ իր արած գործի մեծությունը շեշտելու, ինքնամեծարման շարժառիթով, որքան էլ որ Խորենացին չի փայլում միջնադարյան պատմագիրների (մանավանդ՝ ավելի ուշ շրջանի) ավելորդ ու ցուցադրական համեստությամբ։

Կարծում ենք՝ սպառիչ բացատրությունն ի հայտ է գալիս, երբ այս ամենին նայում ենք քաղաքագիտական դիտանկյունից, այն է.

Խորենացին գիտակցել է, որ պատմությունը, որպես ժողովրդի ինքնաճանաչման, երկրի իշխանության քաղաքական ընտրանու հավակնությունների ու վարքագծի հիմք՝ կարեւորագույն քաղաքական գործոն է եւ ակտիվ դեր ունի նրա ներկայի ու ապագայի համար։

Եւ սա է՝ «ի՞նչ է պատմությունը» հարցի Մովսես Խորենացու պատասխանը։

Խնդրի հենց քաղաքական գիտակցումն է, որ նրան թելադրել է պատմությանը նման բացառիկ կարեւորություն տալ եւ այն ներկայացնել մի ամբողջ համակարգով։ Այլ կերպ պարզապես անհնար է բացատրել այն փաստը, որ նա ժողովրդի գրավոր պատմությանը տալիս է ոչ ավել, ոչ պակաս, քան թագավորական գանձերի մեջ առաջինը լինելու պատիվը. Վաղարշակը, ստանալով Մար Աբաս Կատինայի բերած Պատմությունը՝ այն «համարելով առաջինն իր գանձերի մեջ, հրամայում է մեծ զգուշությամբ պահել արքունիքում եւ մի մասը նրանից հրամայում է արձանի վրա դրոշմել» (Ա. Ը. 22)։

Որո՞նք են պատմության առաջնային որակները

Իր առջեւ դրված խնդրի քաղաքական կարեւորությունը գիտակցող պատմիչը, բնականաբար, նաեւ պիտի մտածեր, թե ի՞նչ որակներ պետք է ունենա պատմությունը՝ նպատակին առավել արդյունավետ ծառայելու համար։ Վերեւում բերված նրա հայտնի խոսքը («թեպետ եւ եմք ածու փոքր…») նաեւ իր՝ պատմիչի համար գծված շրջանակ է՝ չչափազանցել անցյալում եղածը, ու նաեւ չնսեմացնել, այլ ձգտել առավել օբյեկտիվության եւ հավաստիության։

Հավաստիությունն է, որ պատմահայրը համարում է պատմության՝ որպես քաղաքական գործոնի ներազդման գործառույթի ամենակարեւոր հատկանիշը։

Այլ խոսքով, կամ ամենասկզբում մեր կիրառած պայմանական տերմինաբանության կիրառմամբ ասած՝ նա իր առջեւ խնդիր է դնում՝ պատմության իր սուբյեկտիվ շարադրանքն առավելագույնս մոտեցնել օբյեկտիվ պատմությանը։

Եւ, այս դեպքում եւս, այս սկզբունքը ոչ միայն հնարավոր է արտածել նրա ստեղծագործական խոհանոցից, այլև գտնել հեղինակի բազմաթիվ ուղղակի վկայություններում, որոնց համադրումը նույնպես մի ամբոջ համակարգ է կազմում։ Ստորեւ բերենք տարբեր բնույթի վկայության մեկական օրինակ։

Ա) Դրանցից մեկն ուղղակի հռչակում-խոստում է. Խորենացին իր ստացած առաջադրանքը կամ իր առջեւ դրած նպատակը պատկերացնում է «երկար եւ շահավոր գործով ճշտությամբ հորինել մեր ազգի պատմությունը…» (Ա.Ա. էջ 8)։

Կարելի է ասել, որ նման խոստում կարող են տալ բոլորը։ Բայց խնդիրը խոստումը չէ, այլ այն ջանքերն են, որ ներդրվում են այդ խոստումն իրականացնելու համար։

Բ) «Չկա ճշմարիտ պատմություն՝ առանց ժամանակագրության»։ Սա արդեն մի խոստում է, որի մեջ «ճշմարիտի» իրականացումը կարելի է ստուգել։ Իսկ ամենալուրջ գիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նա, իրոք, ամենամեծ ջանքերի գործադրմամբ խայտաբղետ աղբյուրների հակասական նյութերից կարողացել է իր Պատմության համար ստանալ ներքուստ անթերի, հակասություններից զերծ, կուռ ու անթերի մի ժամանակագրական համակարգ։ Բարդ այս աշխատանոցը, բնականաբար, չենք ներկայացնի։ Կարեւորն այստեղ նրա կողմից ճշգրիտ ու անթերի ժամանակագրության բացառիկ դերի շեշտումն է եւ գիտականորեն ապացուցված այն փաստը, որ այդ խնդիրը նա իրեն հասու նյութերի շրջանակներում լուծել է անթերի։

Գ) «Մի քանի անվստահելի մարդիկ ասում են, ըստ իրենց ենթադրության, բայց ոչ ճշմարտությամբ, թե, իբր, Բագրատունիների թագադիր ցեղը ծագում է Հայկից։ Ուստի ես ասում եմ՝ այսպիսի հիմար խոսքերի մի հավատար, որովհետեւ ոչ մի հետք կամ ապացույց չկա այդ խոսքերում, որ ցույց տա դրանց ճշմարտությունը»։

«Ճշմարտություն» բառի կրկնակի օգտագործմամբ այս վկայությունն արդեն վերաբերում է որոշակի մի խնդրի, ավելին՝ նուրբ խնդրի։ Խորենացու հեռակա զրուցակիցը, որին դիմում է, իր մեկենաս Սահակ Բագրատունին է։ Քանի որ պատասխանի հասցեատերը խիստ անձնավորված է, կարելի է նաեւ ենթադրել, թե Բագրատունի իշխանը նրան իր տոհմի՝ Հայկից ծագած լինելու թեմայով ինչ-որ հարցում է արել, գուցե նաեւ շահագրգռություն ցուցաբերել։ Բոլոր դեպքերում Խորենացու պատասխանը կոշտ է, թվում է՝ նույնիսկ անցնում է կոռեկտության սահմանները։ Նա իր կողմից առաջնակարգ համարված աղբյուրներից վստահաբար գիտի Բագրատունիների հրեական ծագման մասին ոչ թե մեկ վկայությամբ, այլ նաեւ դրա հետ կապված հետագա իրադարձությունների ու դեպքերի մի ամբողջ շղթայով։ Ուստիեւ մեկենասին տված կոշտ պատասխանը մի բացատրություն կարող է ունենալ. այդ կոշտությունը բխում է շարադրվող պատմության հավաստիության նկատմամբ հեղինակի կոշտ սկզբունքից ու հավատամքից։

Ինչպես ասացինք, պատմությունը հավաստի, ճմարիտ ներկայացնելու՝ Խորենացու սկզբունքը կարելի դիտարկել ոչ միայն նրա ուղղակի վկայություններով, այլ նաեւ դուրս բերել նրա ստեղծագործական աշխատանոցի ուսումնասիրությամբ։ Ասենք, որ այս խնդիրը, որպես Պատմահոր ստեղծագործական աշխատանոցի ամենակարեւոր մաս, գիտական բարձր մակարդակով, պատմագիտական տեսանկյունից քննության է ենթարկվել ակադեմիկոս Գագիկ Սարգսյանի կողմից, ինչի վրա հենվելով՝ կարելի է արձանագրել հետեւյալ եզրահանգումները.

Խորենացին առաջնորդվել է այն սկզբունքով, որ պատմաբանը նախապես պետք է ձեռք բերի ու նկատի ունենա հնարավոր բոլոր աղբյուրները։ Նա օգտագործել է պատմության շարադրանքի անհրաժեշտ այն բոլոր տարաբնույթ աղբյուրները, որոնց վրա հենվում, եւ որոնք օգտագործում են նաեւ ժամանակակից պատմաբան գիտնականները. գրավոր աղբյուրներ, վիմագիր արձանագրություններ,  բանավոր աղբյուրներ, իրեն հայտնի լեզուների բառերի, անվանումների ստուգաբանությունները եւ այլն։

Բազմազան ու բազմաբնույթ աղբյուրների մատուցած նյութը, բնականաբար, միմյանց հետ չպետք է ներդաշնակեին, դրանք ավելի շատ կարող էին տարբերվել ու հակասել միմյանց։ Ուստիեւ պիտի հառներ խայտաբղետ այդ նյութից համադրման ճանապարհով կարեւորի ու երկրորդականի, հավաստիի ու ավելի պակաս հավաստիի ընտրության խնդիրը։ Նույն իրադարձությանն ու իրողությանը վերաբերող նյութերը տարբեր աղբյուրներում, օրինակ, կարող էին համընկնել կամ միմյանց լրացնել. դա արդեն բավարար հիմք է դրանց հավաստիության առումով։ Համադրված փաստերը կարող էին նաեւ մասամբ կամ ամբողջությամբ հակասել միմյանց։ Այս դեպքում պետք էր ընտրություն կատարել, եւ այդ ընտրության հիմքում Պատմահոր դեպքում եղել է առողջ դատողությունն ու բանականությունը։ Խորենացու Պատմությունը զերծ է հրաշապատում դրվագներից, այն, ըստ էության, զերծ է անգամ որեւէ բան վերին նախախնամությամբ բացատրելու մեթոդից՝ երեւույթներ, որ հատուկ են ինչպես 5-րդ դարի, եւ մանավանդ հետագա պատմագրական երկերին։

Գ) Համադրման ճանապարհով եւ առողջ դատողության սկզբունքով հավաստի համարած ամբողջ նյութը Խորենացին այնուհետեւ տեղավորել է մեծ ու փոքր բազմաթիվ համակարգերի եւ ենթահամակարգերի մեջ։ Նման համակարգերից են ժամանակագրական համակարգը, աղբյուրների հիշատակման համակարգը, թագավորական եւ նախարարական տոհմերի համակարգերը, հեթանոսական հավատալիքների համակարգը եւ այլն։ Յուրաքանչյուր դեպքում պատմիչը հասել է այն բանին, որ այդ համակարգերը լինեն ներքին հակասություններից զերծ։ Ներքին հակասություններից զերծ այդ համակարգերն էլ, իրենց հերթին, գոյացրել են նրա «Հայոց պատմության» նույնպիսի գերհամակարգը։

Այսինքն՝ «ի՞նչպիսին պետք է լինի պատմությունը» հարցին նա տալիս է հետեւյալ պատասխանը. Պատմությունը պետք է լինի անցյալի իրադարձությունների եւ երեւույթների ճշմարտացի եւ հավաստի վերարտադրությունը։ Միայն այս դեպքում այն կարող է ձեւավորել նրա օբյեկտիվ ինքնապատկերացումը,  որպես ակտիվ քաղաքական գործոն՝ դրականորեն ազդել ժողովրդի ներկայի վրա, օգնել ձեւակերպելու իրատեսական քաղաքական խնդիրներ եւ գտնել արդյունավետ գործելակերպ դրանք լուծելու համար։

***

5-րդ դարից ընդամենը 3 տողով բարձրանանք 21-րդ դար, մեր օրերը։ Մեր այսօրվա իշխանավորների՝ պատմության նկատմամբ վերաբերմունքն ու «անիմաստասեր» բարքն առանձին քննարկման թեմա են։ Խորենացու չափանիշներով, սակայն, վախենամ, դա ոչ թե սեմինարի կամ գիտական լսարանի, այլ դատարանի, դատական քննության նյութ է։

Աշոտ Սարգսյան

ՀԱԿ վերլուծական կենտրոն 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի հավաքականը մասնակցում է Սոչիի Պարալիմպիադային’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ պետդեպի բացահայտումներն անվանել է «անամոթություն»’